Անդադար աղոթեք. Ջոյս Մայեր

«Անդադար աղոթք արեք» (Ա Թեսաղոնիկեցիս 5.17):

Չեմ կարող ասել, թե որքան եմ ես աղոթում ամեն օր: Կոնկրետ չգիտեմ: Ես ուղղակի խոսում եմ Աստծո հետ ամբողջ օրվա ընթացքում: Խոսում եմ Նրա հետ, երբ սանրվում եմ, խոսում եմ Նրա հետ գիշերվա կեսին: Խոսում եմ ամեն ինչի մասին. և՛ շատ լուրջ ու կարևոր բաների, և՛ այնքան էլ մեծ նշանակություն չունեցող: Նրա հետ շփումը միշտ էլ ինձ ուրախություն է պատճառում:

Նախկինում, երբ ես լսում էի, որ որևէ մեկի մոտ այս կամ այն խնդիրն է ծագել, կամ մեկը հայտնվել է դժվարին իրավիճակում, ասում էի ինքս ինձ, որ անպայման կաղոթեմ նրա համար, բայց հետո: Շուտով ինձ մոտ շատ կարիքներ հավաքվեցին, որոնց մասին պետք է աղոթեի:

Հիմա հենց լսում եմ, որ մեկը որևէ կարիք ունի, նույն պահին թողնում եմ գործերս ու աղոթում եմ:

Աղոթքը պետք է շնչառության նման դառնա. շնչառության նման բնական մի մասը մեր կյանքի: Մենք պետք է մշտապես շփվենք Աստծո հետ, որպեսզի Նա կարողանա ուղղորդել մեզ ճիշտ ուղով:

Ահա, թե ինչ նկատի ուներ Պողոսը, երբ ասում էր՝ անդադար աղոթք արեք: Դա ամենևին էլ չի նշանակում, որ մենք պետք է մի անկյուն մտնենք ու ամբողջ օրը միայն ու միայն աղոթենք: Այլ նշանակում է, որ մենք պետք է աղոթքով ապրենք: