55 տարի առաջ Վալենտինա Տերեշկովան ուղևորվեց տիեզերք

1963 թ-ի հունիսի 16-ին Վալենտինա Տերեշկովան տիեզերական թռիչքի ուղևորվեց՝ դառնալով աշխարհի առաջին կին տիեզերագնացը:

Առաջին մի քանի խորհրդային տիեզերագնացների հաջող թռիչքներից հետո Սերգեյ Կոռոլյովի մոտ միտք առաջացավ տիեզերք ուղարկել կին տիեզերագնացի։ 1962 թ-ի սկզբին սկսվեց հետևյալ չափանիշներն ունեցող հավակնորդների որոնումը՝ պարաշյուտիստ, մինչև 30 տարեկան, հասակը մինչև 170 սմ և քաշը մինչև 70 կգ։

Հարյուրավոր թեկնածուներից հինգն ընտրվեցին՝ Ժաննա Յորկինան, Տատյանա Կուզնեցովան, Վալենտինա Պոնոմարյովան, Իրինա Սոլովյովան և Վալենտինա Տերեշկովան։

Տիեզերագնացների ջոկատ ընդունվելուց անմիջապես հետո Տերեշկովային մյուս աղջիկների հետ շարքայինի կոչումով կանչեցին զինվորական ծառայության։ Տերեշկովան պարաշյուտային սպորտով զբաղվում էր 1959թ-ից և մինչ տիեզերագնացի թեկածու ընտրվելը նա կատարել էր պարաշյուտային 90 թռիչք:

Ղեկավարությունը իր վերջնական ընտրությունը երբեք չի հիմնավորել, բայց գոյություն ունեցող հիմնական տարբերակի համաձայն՝ հենց Տերեշկովային ընտրելու որոշումը քաղաքական բնույթ է ունեցել: Տերեշկովան աշխատավոր ընտանիքից էր, հայրը զոհվել էր պատերազմում, երբ աղջիկը 2 տարեկան էր: Նիկիտա Խրուշչյովը, ամենայն հավանականությամբ, ցանկանում էր, որ առաջին կին տիեզերագնացը լիներ «ժողովրդից դուրս եկած» աղջիկ: Իսկ Տերեշկովան լիովին համապատասխանում էր այդ չափանիշին՝ ծնված լինելով գյուղում, տրակտորիստ հոր ու տեքստիլ ֆաբրիկայի աշխատակցուհի մոր ընտանիքում:

Յուրի Գագարինի հետ.

Բնականաբար, ընտրված 5 աղջիկներից յուրաքանչյուրը երազում էր, որ ինքը թռչի տիեզերք: Որպեսզի մթնոլորտը խաղաղ մնար, Կոռոլյովը խոստանում է աղջիկներին, որ եթե ոչ առաջինը, ապա հետո նրանք բոլորն էլ առիթ կունենան նման ուղևորություն ունենալու: Բայց դա, ինչպես գիտենք, տեղի չի ունենում, թեկուզ որ հետո նրանք մի քանի տարի դեռ պատրաստվում էին այդ թռիչքին: Այնպես որ, այդ հինգից միայն Վալենտինա Տերեշկովային բախտ վիճակվեց դառնալ իսկական տիեզերագնաց:

Վալենտինա Տերեշկովայի հարազատները նրա թռիչքի մասին իմացել են միայն ավարտից հետո: Թռիչքը կարող էր ողբերգական ավարտ ունենալ: Դրա համար Տերեշկովան այդ մասին լուրը թաքցնում էր իր հարազատներից: Թռիչքից առաջ նա նրանց ասել էր, թե գնում է պարաշյուտային առաջնության, իսկ թե իրականում ուր էր գնացել, հարազատներն իմացել էին ռադիոյով, երբ արդեն ամեն բան կատարված էր:

Թռիչքի ժամանակ սխալ էր թույլ տրվել: Եվ տիրեզերանավը վայրէջք կատարելիս փոխանակ մոտենար Երկրին, ավելի էր հեռանում: Տերեշկովան ուղերձ է հղում այդ մասին Կոռոլյովին, և վերջինս Յուրի Գագարինի հետ միասին Երկրի վրայից ելք են գտնում իրավիճակը շտկելու: Մի քանի տասնյակ տարիներ շարունակ այս պատմության մասին լռել են, և միայն վերջին տարիներին է այդ մասին բարձրաձայնվել:

Վալենտինա Տերեշկովայի թռիչքը ընդհանուր տևել է երկու օր, 22 ժամ և 41 րոպե: Այդ ընթացքում տիեզերագնացը 48 շրջադարձ է կատարել Երկրի շուրջ՝ անցնելով 1.97 միլիոն կիլոմետր:

Տերեշկովան ոչ միայն առաջին կին տիեզերագնացն է մեր մոլորակի, այլև միակ կին տիեզերագնացը, ով մենակ է ուղևորվել տիեզերք: Հաջորդ բոլոր տիեզերք ուղևորված կանայք եղել են թռչող անձնակազմի անդամ: