Վիրավորելով մարդուն՝ վիրավորում ենք Արարչին

Տարիներ առաջ, երբ բարեկամիս հետ սրճարանում ճաշում էինք, մի մարդ ինձ «տղա» կոչեց: Այդ բառը վիրավորեց ու բարկացրեց ինձ, որովհետև այն նախատական մի բառ էր, որը Ամերիկայում գործածում էին սևամորթների մասին խոսելիս, երբ նրանք գերի էին համարվում: Այդպես արտահայտվելով՝ սպիտակամորթ մարդիկ ցանկանում էին նվաստացնել նրանց՝ մարդ արարածից ավելի ցածր դասելով:

Իմ հերթին ես էլ ուզեցի վիրավորական մի արտահայտություն անել այդ մարդու հասցեին, սակայն հիշելով մեր Տիրոջ ասած խոսքերը սպանության և բարկության մասին՝ մտափոխվեցի:

Երբ Հիսուսը քարոզում էր, ասաց. «Լսել եք, որ առաջիններին ասվեց. մի սպանիր, և ով որ սպանի, պարտական կլինի դատաստանին» (Մաթևոս 5.21): Հետո նա մանրամասնեց, որ սպանել՝ չի նշանակում միայն մարդու ֆիզիկական գոյությանը վերջ դնել: Կարող ես անարգանքով, նվաստացնող մի խոսքով էլ փորձել սպանել մարդուն և նույնչափ հանցավոր համարվել:

Հրեական մշակույթի մեջ մեկին «հիմար» կոչելը (Մաթևոս 5.22) հավասար է նրան խելագար համարելուն: Այդ բառն օգտագործվում էր՝ մեկին ստորացնելու և ցածրացնելու համար: Եվ մարդուն նման անուն կպցնելը որքան որ վիրավորական է այդ մարդու համար, նույնքան էլ վիրավորական է Աստծո համար, քանզի Նա Իր պատկերով ու նմանությամբ է ստեղծել մարդուն:

Հիսուսը սովորեցրեց մեզ՝ սիրել մարդկանց մեր անձերի պես: Մեկի հանդեպ սխալ խոսք ասելուց առաջ կանգ առնենք մի պահ, հիշենք, որ որևէ մարդու վիրավորելով՝ մենք վիրավորում ենք Արարչին:

Հատված «Զհաց մեր հանապազօր» գրքույկից