Միայն հացով չի ապրի մարդ…

Միայն հացով չի ապրի մարդ…«Եվ քառասուն օր և քառասուն գիշեր ծոմ պահելուց հետո սովեց։ Եվ փորձիչը նրա մոտ գալով՝ ասաց. եթե Աստծո որդի ես, ասա որ այս քարերը հաց լինեն։  Նա էլ պատասխան տվեց և ասաց. գրված է՝ ոչ միայն հացով կապրի մարդ, այլ ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից» (Մաթևոս 4):

Հիսուս 40 օր ու 40 գիշեր ծոմի մեջ էր և սաստիկ քաղցած էր: Եվ հանկարծ սատանան նման «հոգատարություն ու ուշադրություն» է ցույց տալիս նրան՝ ասա որ այս քարերը հաց դառնան:

Ի՞նչ վատ բան կար այդ առաջարկի մեջ, չէ՞ որ սատանան չէր հորդորում Հիսուսին հաց գողանալ՝ ուտելու համար, այլ ընդամենն առաջարկում էր անել այն, ինչ Քրիստոս կարող էր: Եվ, ամեն դեպքում, սա սատանայական խայծ էր:

Ուշադիր քննեք և կտեսնեք, որ փորձության նպատակն այն չէր, որ Քրիստոսին ստիպեր ժամանակից շուտ դուրս գալ ծոմից, ոչ էլ իր հրաշագործ զորությունն օգտագործեր սեփական օգուտի համար: Ամեն բան, իրականում, ավելի լուրջ էր: Հիսուսի պատասխանը ցույց է տալիս մեզ, թե ինչ էր թաքնված այդ փորձության մեջ, թե ինչ Նա տեսավ փորձիչի շողոքորթող ու առաջին հայացքից անմեղ թվացող խոսքերի մեջ: Խոսքում ասվում է. «Միայն հացով չի ապրի մարդ, այլ ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից»:

Հիսուս չի ասում, թե սոված չէ, սակայն նա թույլ չի տալիս, որ նյութական աշխարհը գլխավոր ու որոշիչ լինի Իր կյանքի համար: Միայն հացով չի ապրի մարդ, այլ ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից… Մարդու կյանքը կախված չէ իր ունեցվածքի շատությունից. ակնհայտ էր, որ սատանան փորձում էր Քրիստոսին հակառակը համոզել:

Փորձիչը նույնկերպ այսօր շարունակում է գործել՝ մեզ մոտենալով: Ամեն բան նույնկերպ անմեղ է թվում, անգամ՝ ճիշտ. «Մի՞թե մեռնելու ես անապատում, հոգ տար ինքդ քո մասին»: Այս փորձություններն այնքան մարդկային են երևում, նրանցում միայն հոգատարություն ու սեր է երևում, բայց դա միայն թվացյալ է: Իրականում սա սատանայական փորձություն է:

Եվ սատանայի նպատակը մեր կամ եկեղեցու մի փոքրիկ զանցանքը չէ, այլ, ինչպես Քրիստոսի փորձության մեջ, սատանայի նպատակը մեր առաքելությունը կանխելն է, նյութական աշխարհը որոշիչ դարձնելը մեր կյանքի համար:

Ուզում եմ հարցնել ձեզ. գուցե նա իր նպատակին հասե՞լ է ձեր կյանքում:

Թող մեր պատասխանը նման փորձությունների ժամանակ այսպիսին լինի.

«Ետս գնա, սատանա, դու գայթակղություն ես ինձ, որովհետև դու միտք չես անում Աստծո՝ այլ մարդկանց բաները»:

Պավել Ֆեդորուկ