Ինչու են մարդկանց տարբեր կերպ վճարում. առակ

Մի աշխատող մտնում է ղեկավարի սենյակ ու հարցնում նրան.

– Իսկ ինչո՞ւ ես դու ինձ վճարում ընդամենը 1 ռուբլի, իսկ Ելիսեյին՝ 15:

Ղեկավարն այդ պահին պատուհանից դուրս է նայում ու ասում.

– Լսում եմ՝ ինչ-որ մեկը գալիս է: Մենք պետք է ձմեռվա համար ցախ գնենք: Դուրս արի՝ տես, գուցե ցա՞խ են բերում:

Աշխատակիցը դուրս է գալիս, քիչ անց վերադառնում ու ասում.

– Այո, ցախ են բերել վաճառում:

– Իսկ որտեղի՞ց են բերել, գուցե Լուկյանովսկի մարգագետինների՞ց:

– Չգիտեմ:

– Դե գնա ու հարցրու:

Գնում է, հետ վերադառնում.

– Այո, Լուկյանովսկի մարգագետիններից է:

– Իսկ մա՞նր են, թե՞ հաստ:

– Չգիտեմ:

– Դե գնա, իմացիր:

Դուրս է գալիս աշխատողը, վերադառնում է.

– Մանր են:

– Իսկ չգիտե՞ս՝ ինչ արժե:

– Չգիտեմ:

– Դե գնա, իմացիր:

Գնում է, վերադառնում.

– 20 ռուբլի:

– Իսկ ավելի էժան չե՞ն վաճառի:

– Չգիտեմ:

Այդ պահին ներս է մտնում Ելիսեյը և ասում ղեկավարին.

– Հենց նոր ցախ էին բերել վաճառքի, Լուկյանովսկի մարգագետիններից, մանր կտրտած ցախ է, 20 ռուբլով էին ասում, բայց սակարկեցի՝ 17-ով տալիս են: Բակ եմ իջեցրել, հիմա տեղավորում են մի անկյունում:

Ղեկավարը նայում է իր մոտ բողոքելու եկած այն աշխատակցին ու ասում.

– Հիմա հասկացա՞ր, թե ինչու եմ քեզ 1 ռուբլի վճարում, իսկ Ելիսեյին՝ 15: