4 պատճառ` այս կիրակի օրը եկեղեցի գնալու համար

4 պատճառ այս կիրակի օրը եկեղեցի գնալու համարԵթե առաջին դարի եկեղեցում տեղեկանային այս հոդվածի մասին, գուցե հեղինակին հրավիրեին հատուկ բացատրության և անհատական աղոթքի: Ինչո՞ւ:

Որովհետև այն ժամանակ նման գրառման անհրաժեշտություն դժվար թե լիներ. ի՞նչ կիրակի օրվա մասին է խոսքը, երբ

«Ամեն օր միաբանությամբ տաճարումն էին լինում, և հաց էին կտրում տներում, և ուրախությունով և սրտի միամտությունով կերակուր էին ուտում. Աստծուն օրհնում էին, և բոլոր ժողովրդի առաջին շնորհք ունեին. Եվ Տերն ամեն օր փրկվածներին ավելացնում էր եկեղեցու հետ» (Գործք 2.46-47):

Հիմա, սակայն, խնդիրը սուր է: Շատ սուր է: Կյանքի օրեցօր ահագնացող, ահռելի արագության հասնող ռիթմը՝ իր հոգսերով, զվարճանքներով, խաբեություններով, հին ու նոր, լավ ու վատ կողմերով, մշտապես ուղեկցվող անբավարարվածության զգացումով մի մեծ պտտահողմի պես մարդկանց կլանում է իր մեջ և գնալով ավելի ու ավելի է թափ հավաքում, ընդարձակվում. արդյուքնում՝ էլ ավելի մեծ ու կործանարար ավերածություններ թողնում բազմաթիվ քրիստոնյաների կյանքում:

Այսօր քրիստոնյաներին համոզել է պետք, որպեսզի նրանք գոնե կիրակի օրը եկեղեցի գնան: Քրիստոնյաների՜ն: Վերստին ծնված մարդկանց: Այնինչ նրանցից շատերը վաղուց արդեն լծված պետք է լինեին բոլորովին այլ գործի:

«Որովհետև ժամանակին նայելով պիտի վարդապետ լինեիք. Կրկին կարոտ եք սովորելու, թե ինչ են Աստծո խոսքերի առաջին նշանագիրները, և կարոտողներ եղաք կաթի և ոչ թէ հաստատ կերակուրի» (Եբրայեցիներ 5.12):

Սակայն փաստ է: Շատերն արդեն իրենց եկեղեցի գալ-չգալով սկսել են մանիպուլիացիա անել, ոմանք էլ համացանցով են բավարարվում, համացանցով են հետևում եկեղեցական ծառայություներն. հավանաբար համացանցով էլ «հաղորդակցվում» են Երկնքի հետ:

Ինչևէ: Գրառմանս նպատակը այս կիրակի մեկ հոգու դեպի իր եկեղեցին ուղղորդելն է: Մեկ հոգու:

Ահա մի քանի պատճառ, որոնք ավելին քան բավարար են այս կիրակի քեզ եկեղեցի ուղղորդելու համար

ԱՌԱՋԻՆ: Դա Տիրոջ պատվիրանն է.

«Եվ Աստված օրհնեց յոթներորդ օրը, և սրբեց նրան, որովհետև նրանում հանգստացավ իր բոլոր գործքիցը, որ Աստված ստեղծեց և արավ» (Ծննդոց 2.3):

«Հիշիր հանգստության օրը նրան սուրբ պահելու համար։ Վեց օր աշխատիր և քո բոլոր գործն արա. Բայց յոթներորդ օրը՝ քո Տեր Աստծո հանգստության օր է» (Ելից 20.8-10)

ԵՐԿՐՈՐԴ: Դա քրիստոնեական սովորություն է.

«Եվ եկավ Նազարեթ, ուր որ մեծացել էր. Եվ իր սովորության պես շաբաթ օրը ժողովարանը մտավ, և կանգնեց որ կարդա» (Ղուկաս 4:16):

«Եվ չթողենք մեր իրար հետ ժողովվիլը, ինչպես ոմանց սովորություն է. Բայց իրար հորդորենք, և այնքան ավելի՝ որքան տեսնում եք, որ օրը մոտեցած է» (Եբրայեցիներ 10.25):

ԵՐՐՈՐԴ: Դա ամենպաշտպանված վայրն է երկրագնդում.

«Ես էլ ասում եմ քեզ, որ դու ես Պետրոս, և այդ վեմի վրա կշինեմ իմ եկեղեցին, և դժոխքի դռները չեն հաղթի նրան» (Մատթևոս 16.18):

ՉՈՐՐՈՐԴ: Այնտեղ իմ կարիքը կա

«Իրար բեռը վեր առեք, և այսպես Քրիստոսի օրէնքը կատարեցեք» (Գաղատացիներ 6.2):

«Սրա համար իրար մխիթարեցեք, և իրար շինություն տվեք՝ ինչպես անում էլ եք» (1 Թեսաղոնիկեցիներ 5.11):

«Այլ իրար հորդորեցեք ամեն մեկ օր. Քանի որ այսօր է ասվում. Որ ձեզանից մեկը չխստանա մեղքի խաբեությունովը» (Եբրայեցիներ 3.13):

Պատճառներն իրականում շատ են, ես ընդամենը դրանց ցուցակագրման մեկնարկը դրեցի, դու շարունակի՛ր, իսկ երրորդն էլ կամբողջացնի այն:

Այս կիրակի անպայման գնա՛ եկեղեցի, երկրպագի՛ր Տիրոջը, հաղորդակցվի՛ր Նրա զավակների հետ, ծառայի՛ր նրանցից գոնե մեկին ինչով որ կարող ես, ամուր գրկի՛ր հովվիդ կամ ավագիդ, շնորհակալություն հայտնի՛ր նրան:

Մինչ դու որոշում էիր այս կիրակի գնալ եկեղեցի, թե ոչ, ծառայել, թե ոչ, նրանց նման մարդիկ, ովքեր վաղուց արդեն չունեն նման ընտրության շռայլություն, քանի որ երկար ժամանակ է, ինչ ուրիշն է կապում իրենց գոտին ու տանում այնտեղ, ուր միշտ չէ, որ իրենք ցանկանում են գնալ, բայց գնում են (Հովհաննես 21:18), աղոթում էին քեզ համար, արտասվում էին քո անկումով ու օտարացումով, սիրում են քեզ, միշտ սպասում են քեզ ու հիմա, երբ նրանք գրկել են քեզ, գոհանում են Տիրոջից, որ Տերը լսել է նախորդ գիշեր արված իրենց աղոթքը:

Թեև իրենց տանն ու կենցաղում շատ պակասություներ ունեն, բայց աղոթում էին հենց քեզ համար, և հիմա նրանց համար արդեն կարևոր չեն իրենց խնդիրները:

Կարևորն այդ պահն է…

Այս և քո կյանքի մյուս բոլոր կիրակի օրերը գնա՛ եկեղեցի:

Գոռ Կարապետյան

Աղբյուրը՝ Protestant.am