Մի կյանքի պատմություն. Անմեղ մեղավորը

Մի կյանքի պատմություն. Անմեղ մեղավորը

Ես որբ եմ: Ինձ լքել են ծննդատանը: Մայրս արհեստական վիժեցման էր դիմել, բայց ես չմահացա, և ոչ միայն ապրեցի, այլև ինձ իր խնամքի տակ առավ հարազատ տատիկս: Մանկությունս հիանալի էր անցնում, տատիկս իր ողջ սերը ինձ էր նվիրում: Հազվադեպ էի հիշում մորս մասին:

Տարիներ անցան, ես մեծացա, ամուսնացա: Ապրում էինք խաղաղ, սիրով ու փոխադարձ հասկացողությամբ: Բայց շուտով մեծ փողերն ու լավ վարձատրվող աշխատանքը սկսեց քանդել մեր հարաբերությունները:

Ամուսինս սկսեց ալկոհոլը չարաշահել, աշխատավայրից շատ ուշ տուն վերադառնալ: Մենք արդեն երկու երեխա ունեինք, իսկ երրորդ երեխայի ծնունդից հետո ամուսինս սկսեց դավաճանել ինձ: Ես պատահաբար այդ սարսափելի տեսարանի ականատեսը եղա, և դա մեծ հարված էր ինձ համար, ներսումս ամեն բան խառնվեց իրար. կորցրեցի հավատս անկեղծ սիրո ու հավատարմության գոյության հանդեպ:

Առանձնացանք՝ մեկնելով ամեն մեկս տարբեր քաղաքներ, բայց մեզ շարունակում էր կապել մեր երեխաների հանդեպ սերը: Մի անգամ սովորականի նման նա եկավ, վերցրեց երեխաներին, որպեսզի նրանց հետ այցելեր իր բարեկամներից մեկին: Ճանապարհին, երբ կանգնեցրել էր մեքենան, իջել՝ ինչ-որ բան ստուգելու, հանկարծ դիմացից մի մեծ մեքենա, որի արգելակները չէին գործել, ուժգին հարվածել էր մեր մեքենային, որտեղ անուշ ննջած էին մեր փոքրիկները՝ 7-ամյա աղջիկս, 4-ամյա և 3-ամյա տղաներս:

Այդ սարսափելի օրը նրանք երեքն էլ մահացան: Հոգեկան հարվածին ես չդիմացա, չէի հասկանում, թե էլ ինչու պետք է ապրեմ: Նրանց հուղարկավորումից հետո մեծ քանակությամբ դեղահաբեր կուլ տվեցի, փորձում էի ինքնասպան լինել. արդյունքում՝ 3 օր կոմայի մեջ էի:

Կենդանի մնացի: Ո՞ւմ էր դա պետք: Ի՞նչ իմաստ ուներ իմ կյանքը: Պատասխան չունեի: Ունեի միայն անտանելի ցավ ներսումս ու սուր դեպրեսիա: Մենակ էի ապրում, ոչ ոքի հետ չէի շփվում: Ներսումս անասելի դատարկություն էր: Յոթ տարի այդպես ապրեցի, որոնք ասես հավիտենություն լինեին ինձ համար:

Ժամանակը անցնում էր, պետք է ինչ-որ բան անեի և աշխատանքի տեղավորվեցի: Այդ ժամանակ հանդիպեցի մի տղամարդու՝ բարձրահասակ, գեղեցիկ, բարեհամբույր, հոգատար… և մտածեցի. գուցե հիմա՞ կյանքս ինչ-որ իմաստ կստանա: Բայց, ոչ… նա ծանր հանցագործություն էր կատարել և ենթարկվեց մահապատժի:

Ես նրա հանցագործության վկան էի եղել, սակայն ինձ նույնպես դատեցին որպես համահանցակից և 10 տարով ազատազրկեցին: Բանտում իմացա, որ հղի եմ: Շուտով ծնվեց տղաս, ով այս աշխարհում միակ հարազատս էր: Ես նայում էի նրան արցունքների միջից ու մտածում. ի՞նչ կարող եմ նրան տալ. առջևում 10 տարի ունեմ բանտում անցկացնելու… նորից փորձեցի ինքնասպան լինել. նորից ինձ փրկեցին: Հասկացա, որ ուզած, թե չուզած՝ պիտի շարունակեմ ապրել: Այդ ժամանակ արդեն նրա հայրը՝ երկրորդ ամուսինս, գնդակահարվել էր. դատավճիռը շատ արագ էին ի կատար ածել:

Սկսվեց մեր կյանքի մի նոր փուլ: Փոքրիկս ինձ հետ ճաղերից այն կողմ մնաց 3 տարի, որից հետո նրան տարան մանկատուն: Նրա հետ բաժանումը ես հանգիստ չէի կարողանում տանել. ձգվում էին երկար, մոխրագույն, անիմաստ օրերը: Ես կարող էի խոսել որդուս հետ ընդամենը ամիսը մեկ անգամ հեռախոսով, այն էլ՝ 5 րոպեով: Այդ ընթացքում ինձ մոտ նաև հայտնաբերվեց թոքախտ: Մտածում էի, որ հիմա արդեն հաստատ կխենթանամ: Միայն մեկ պատճառ կար՝ շարունակելու ապրել. որդիս:

Ես շատ էի մտածում այն բոլոր դժբախտությունների մասին, որ ինձ հետ պատահել էին: Եվ ամեն անգամ, երբ ինձ համար շատ ծանր էր լինում, անսպասելիորեն որևէ տեղից օգնություն էր հասնում: Այս անգամ բանտում ինձ բուժող բժիշկը լավ մարդ դուրս եկավ: Փորձում էր ամեն կերպ օգնել, իսկ դեղերը շատ թանկ էին:

Կարճ ժամանակ անց հանկարծ ինձ նամակ ուղարկեցին մանկատնից, որտեղ գրված էր, որ ցանկանում են իմ որդուն որդեգրել, քանի որ ես արդեն կես տարի է՝ ինչ նրանով չեմ հետաքրքրվում: Ի՞նչ կարող էի անել. ես չունեի պաշտոնական հաստատություն այն մասին, որ ամեն ամիս զանգում էի ու անգամ նամակներ էի գրում նրան: Ոչ զանգերս, ոչ էլ նամակներս չէին գրանցվում: Այդ ժամանակ էլ իմ կյանքում գտնվեցին մարդիկ, ովքեր հետաքրքրվելով իմ խնդրով՝ օգնեցին ինձ, և այլևս որևէ խոսք որդեգրման մասին չեղավ:

Անցան տարիներ, եկավ բանտից իմ ազատվելու օրը: Որքա՜ն էի սպասել այդ օրվան, բայց հիմա ուրախություն չկար ներսումս, քանի որ մինչև հոգաբարձուների խորհրդի թույլտվությունը չլիներ, որդուս մանկատնից ինձ չէին տա, իսկ այդ թույլտվությունը կլիներ միայն այն դեպքում, երբ ես ունենայի տուն, աշխատանք: Իսկ ես դրանք, իհարկե, չունեի: Ինքս որբ էի, չունեի ոչինչ ու ոչ ոքի, բացի իմ փոքրիկից, առանց որի կյանքս լիովին անիմաստ էր ու այդ ազատությունն էլ ինձ պետք չէր:

Նորից փակուղու մեջ էի հայտնվել: Եվ այդ ժամանակ պատահաբար ծանոթացա հավատացյալ կանանց հետ, սկսեցի Աստվածաշունչ ուսումնասիրել, սովորեցի աղոթել և շատ զարմացած էի, որ Աստված լսում էր ինձ: Մի աղջկա հետ էի բնակվում, ով հիվանդացել էր: Եվ մեկ օր գիշերը, երբ նա հերթական անգամ տանջվում էր, ես որոշեցի աղոթել նրա համար և ասացի. «Տե՛ր, խնդրում եմ, հեռացրու այս ցավը, որ նա այլևս չտանջվի ու հանգիստ քնի»: Այդպես ես ինքս աղոթքի մեջ քնել էի: Իսկ առավոտյան այդ աղջիկը ինքը զարմացած պատմում էր, թե այդպես էլ չէր հասկացել՝ ինչպես էր ցավը թողել, ու հանգիստ քնել էր մինչև առավոտ: Դա հրաշք էր նաև ինձ համար, և ես սկսեցի լրջորեն մտածել այդ մասին, որ Աստված իսկապես լսում է ինձ:

Սկսեցի քննել իմ կյանքը և նկատեցի, որ Աստված միշտ էլ եղել է իմ կողքին, պահպանել ինձ, ուղղակի միայն հիմա էի ես դա տեսնում ու հասկանում: Այդ Նա էր ինձ պահել, երբ մայրս փորձել էր արհեստական վիժեցման միջոցով ազատվել ինձնից: Նա էր ինձ փրկել, երբ ես փոքրիկներիս մահից հետո թունավորել էի ինձ: Այդ Նա էր ինձ նորից մայր դառնալու բերկրանքը պարգևել: Նա էր արթնացրել բանտախցում իմ կողքին քնած կնոջը, երբ ես փորձել էի նորից ինքնասպան լինել՝ կախվելով: Այդ Նա էր իմ ծանր հիվանդության ժամանակ հոգատար բժիշկ ուղարկել ինձ մոտ բանտ: Եվ հիմա, երբ չէին ուզում ինձ տալ իմ որդուն, այդ Նա է ուղարկել իր զավակներին ինձ մոտ՝ պատմելու Իր մասին, սովորեցնելու հավատալ ու խոսել Իր հետ:

Նա միշտ սիրել է ինձ ու միշտ կողքիս եղել, պարզապես ես չեմ իմացել Նրա մասին, չեմ իմացել, որ այդ Նա է ինձ արարել և Նա ունի հիասքանչ ծրագիր իմ կյանքի համար: Մինչ այդ ես կույր էի ու դժբախտ: Իսկ հիմա… ես այլևս որբ չեմ:

Մեկ օր ես պարզապես ծնկի եկա ու խնդրեցի, որ իմ Հայրը օգնի՝ որդուս վերադարձնել: Հաջորդ օրը եկեղեցու ծառայողներից եկան ու ասացին, որ բոլոր փաստաթղթերն արդեն պատրաստել են, և կարող ենք գնալ իմ երեխային մանկատնից վերցնել: Օ՜, որքան հիասքանչ է ապրել Աստծո հետ, որքան հիասքանչ է Հայր ունենալը:

Որդուս հետ որոշ ժամանակ մնացինք քրիստոնեական վերականգնողական կենտրոնում: Աստված ինձ շնորհեց իրական խորը ապաշխարություն, և ես ազատվեցի իմ բոլոր մեղքերից ու վատ սովորույթներից:

Այսօր ես և որդիս միասին ենք ապրում, միասին ծառայում ենք մեր սիրելի Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին: Երջանիկ ենք: Ես աշխատում եմ, ձեռք ենք բերել փոքրիկ բնակարան: Եվ ես անհուն շնորհակալությամբ խոնարհվում եմ մեր Հովվի, մեր Տիրոջ առաջ՝ Իր անսահման սիրո համար: Մեր կյանքը Նրան է պատկանում: Նորից ու նորից փառք Նրան՝ մեր Աստծուն:

Իրինա Վոլկովա