Երկնքում երկրպագողները

Երկնքում երկրպագողները«Եվ ամեն ստեղծված, որ երկնքումն է, և երկրի վրա, և երկրի տակ, և ծովում. և նրանք ամենը որ նրա մեջ են, լսեցի որ ասում էին. Աթոռի վրա նստողին և Գառին լինի օրհնությունը, և փառքը, և կարողությունը հավիտյանս հավիտենից» (Հայտնություն 5.13)։

Աստվածաշունչը հստակ մեզ է փոխանցում մի անհերքելի ճշմարտություն՝ գալու է մի ժամանակ, լինելու է մի օր, բոլոր-բոլորի համար, երբ բացվելու է հոգևոր իրականությունը:

Չի լինելու մեկը, ով չի տեսնելու Աստծուն և Նրա Որդուն: Չի լինելու մեկը, ով չի ընդունելու Աստծո գերիշխանությունը: Գալու է կատարյալ հնազանդության և Աստծո կարգի վերականգնման ժամանակաշրջանը:

Բոլոր մարդիկ՝ լինեն նրան Երկնքում, երկրի վրա, երկրի տակ կամ ծովում, ընդունելու են Աստծո և Նրա ուղարկած Գառան տիեզերքի վրա ունեցած բացարձակ իշխանությունը և երկրպագելու են միակ ճշմարիտ Աստծուն: Սակայն այդ երկրպագությունը չի փոխելու նրանց կարգավիճակը: Ահա այստեղ է, որ Տերն Իր Խոսքի միջոցով խոսում է մեզ հետ:

Նա այս խոսքերի միջոցով փորձում է մեր սրտերին մի կարևոր ճշմարտություն հասցնել՝ Երկնքում երկրպագողները նրանք են լինելու, ովքեր իրենց երկրային կյանքն ապրեցին հավատքով՝ կենդանի հավատքով, այլ ոչ թե մեռած: Երկնքում երկրպագողները նրանք են լինելու, ովքեր որոշեցին, որ իրենց հավատքն առ Աստված պետք է ունենա հնազանդության պտուղներ:

Երկնքում երկրպագողները նրանք են լինելու, ովքեր իրենց երկրային կյանքը նվիրեցին Աստծո կամքը կատարելուն և մեծ ջանք ու նվիրում ունեցան այդ հարցում: Երկրնքում Աստծուն երկրպագողները նրանք են լինելու, ովքեր մեղքի դեմ պատերազմում չհանձնվեցին՝ չնայած բազմաթիվ սայթաքումներին ու անկումներին, այլ ամեն անգամ ոտքի կանգնեցին իրենց զորացնող Աստծով և արյուն թափելու չափ պատերազմեցին մեղքի դեմ, որպեսզի իրենց հավատքն առ Աստված վերածվի հնազանդության:

Գալու է մի ժամանակ, լինելու է մի օր, երբ բոլոր մարդիկ՝ լինեն նրան Երկնքում, երկրի վրա, երկրի տակ կամ ծովում, ընդունելու են Աստծո և Նրա ուղարկած Գառան տիեզերքի վրա ունեցած բացարձակ իշխանությունը և երկրպագելու են միակ ճշմարիտ Աստծուն: Սակայն հարցը, որ այսօր է կարևոր հետևյալն է՝ իսկ որտե՞ղ եմ ե՛ս լինելու այդ ժամանակ…

Տեր Հիսուսի անունով կենդանի հավատք և Աստծո Խոսքին հնազանդության առատ պտուղներ եմ հռչակում այս գրառումը ընթերցողների կյանքում: Եղեք օրհնված:

Արման Մանուկյան