Նախագահ Թրամփը Կիմ Չեն Ինի հետ խոսել է ԿԺԴՀ-ում քրիստոնյաների հալածանքների մասին

Նախագահ Թրամփը Կիմ Չեն Ինի հետ խոսել է ԿԺԴՀ-ում քրիստոնյաների հալածանքների մասին

Նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է հալածվող քրիստոնյաների ծանր կացությանը. տեղեկացնում է Charisma News-ը:

«Ես, անշուշտ, քննարկման բերեցի այդ թեման: Նրանք կաշխատեն այդ ուղղությամբ: Մենք այդ մասին հիշատակում չունենք փաստաթղթում: Բայց աշխատանք կտարվի այդ ուղղությամբ,- ասել է Թրամփը՝ ըստ հանդիպման վերաբերյալ արձանագրության:- Ֆրանկլին Գրեհեմն անցկացրել և անցկացնում է ահռելի ժամանակ Հյուսիսային Կորեայում: Նրա սիրտն այնտեղ է»:

Թրամփը նաև նշել է, որ չնայած Հյուսիսային Կորեայի գագաթնաժողովին առաջնահերթ հարցը ապամիջուկայնացումն էր, սակայն Կիմ Չեն Ինը «շատ լավ է» արձագանքել, երբ խոսք է բացվել մարդկային իրավունքների ոտնահարումների մասին: «Հավատացած եմ, որ դրությունն այնտեղ անկասկած ծանր է: Մենք այսօր քննարկել ենք դա մանրակրիտ ձևով: Մենք մի բան կձեռնարկենք այդ ուղղությամբ»,- նշել է Թրամփը:

«Բաց դռներ ԱՄՆ» դիտորդական խումբը Հյուսիսային Կորեան գնահատել է՝ որպես քրիստոնյաների հալածանքների մակարդակով համար մեկ երկիրը մոլորակում:

Դեյվիդ Քարրին՝ «Բաց դռներ ԱՄՆ» կազմակերպության նախագահը, անդրադարձ է կատարել Թրամփի հայտարարությանը, որով նա առաջ է քաշել քրիստոնյաների հալածանքի հարցը.

«Նախագահ Թրամփի որոշումը՝ խոսելու Հյուսիսային Կորեայի կողմից իրականացվող մարդկային իրավունքների ոտնահարումների մասին, դիվանագիտական տեսանկյունից համարձակ քայլ է, և մենք մասնավորապես ուրախ ենք լսել, որ նախագահն իր խոսքում առաջ է քաշել ավելի քան 300 հազար քրիստոնյաների ծանր դրության հարցը, ովքեր Կիմ Չեն Ինի ռեժիմի ներքո երես առ երես բախվում են հետապնդումների և անգամ մահվան:

Հյուսիսային Կորեայի ժողովուրդը շարունակում է ունենալ մեր հնչեղ, աղոթալից և անդադար աջակցության կարիքը»: