Հաշվարկով սուրբ ամուսնություն. Կատարինա Լյութեր

Lucas_Cranach_d.Ä._-_Doppelporträt_Martin_Luther_u._Katharina_Bora_(Uffizien)Եթե չլիներ խոր հավատքն առ Աստված, նրանց ամուսնությունը երբեք չէր կայանա, չնայած որ կաթոլիկ եկեղեցու օրենքներն էին դրա կայացման հիմնական խոչընդոտները:

Փախստական միանձնուհի Կատարինա ֆոն Բորային և մեծատառով բողոքական, նախկին կուսակրոն Մարտին Լյութերին դժվար թե կարելի է անվանել կատարյալ զույգ. չէ՞ որ նրանց ամուսնությունը եղել է հաշվարկով: Հավանաբար, բոլոր հաշվարկով կնքված ամուսնություններից… ամենասուրբը:

«Աշխարհն ու մարդիկ մեր ամուսնությունը չեն համարում բարեպաշտ ու աստվածային սուրբ արարք և այն ընդունում են` որպես անաստվածային ու սատանայական մի բան: Այդ պատճառով թող իմ ամուսնությունը դավաճանի նրանց անեծքներին ու վիրավորական դատողություններին, քանի որ նրանք իրենց չիմացությամբ կարծրացնում են Աստծո մասին պատկերացումը»,- գրել է Մարտին Լյութերը:

Կնության վերցնելով փախստական միանձնուհուն, ում չէր հաջողվել ամուսնանալ ուրիշ ոչ ոքի հետ՝ հեղափոխականը հերթական անգամ խախտում է կաթոլիկ եկեղեցու` անխախտելի թվացող օրենքները: Պարտադիր ամուրիության ուխտը, որը կնքում էին կաթոլիկ եկեղեցու բոլոր քահանաները, Մարտին Լյութերը փոխարինում է իր կնոջը հավատարիմ լինելու ուխտով և չի սխալվում:

Դրա շնորհիվ նախկին միանձնուհին ստանում է կնոջ պաշտոնական կարգավիճակ, իսկ քահանան՝ չորս ժառանգ և լավագույն օգնական՝ եկեղեցու հեղափոխականի դժվար կյանքը կիսելու համար:

Ամենից շատ Մարտին Լյութերին զայրացնում էր ինդուլգենցիայի վաճառքը՝ մեղքերին թողություն տալու Հռոմի Պապի բացառիկ իրավունքն ու կաթոլիկ ավադույթների և սնահավատությունների քանակը: Իսկ նրա կնոջն ամենից շատ զայրացնում էր իրենց առանց այդ էլ աղքատիկ ընտանեկան ճաշերը ուրիշներին նվիրաբերելու ամուսնու սովորությունը, որոնք վերածվում էին հավատքի ու ռեֆորմացիայի մասին քարոզների՝ Մարտինին անընդհատ «անհանգստացնող» ուսանողների պատճառով:

Ամուսնությունից հետո Կատարինայի ոչ փխրուն, բայց, այդուհանդերձ, կանացի ուսերին են ընկնում ոչ միայն տան ու առօրյա հոգսերը, այլև ամուսնու մասին խնամքը:

Մարտին Լյութերը տառապում էր անքնությամբ, ուներ թութք, արյան հետ կապված խնդիրներ, ընկճախտի նոպաներ, գլխապտույտներ և այլ հիվանդություններ: Կինը սովորում էր բուժել ամեն ինչ և միանգամից, ինչի համար հետագայում նրանց որդին՝ Պաուլը, ով մասնագիտությամբ դառնում է բժիշկ, ասում է, որ իր մայրը կիսով չափ բժիշկ էր:

Իրականում, ամուսնանալով Մարտին Լյութերի հետ, Կատարինան ստիպված է լինում դառնալ ոչ միայն բժիշկ, այլև ֆինանսիստ, այգեգործ, ֆերմեր, դերձակ, տնային տնտեսուհի:

Նրանց տունը միշտ լի էր լինում հյուրերով, որոնցից շատերը, բացի իրենց քաղցած ստամոքսներից, ուրիշ ոչինչ չէին կարող բերել տան տերերին: Տիկին Լյութերը ստիպված էր ինքնուրույն վարել տնտեսությունը, որպեսզի կարողանային ինչ-որ կերպ գոյատևել. չէ՞ որ իր ամուսնու գործունեությունը գրեթե ոչ մի ֆինանսական շահույթ չէր բերում: Բացի այդ, Մարտինը կարծում էր, որ Աստված հենց նրա համար է ձեռքի վրա ստեղծել հինգ մատներ, որպեսզի հեշտությամբ մարդիկ կարողանան կարիքավորներին բաժանել այն, ինչ կա իրենց մյուս ձեռքում:

Կատարինան ամեն կերպ փորձում էր զսպել ամուսնու՝ իրենց վիճակին անհամապատասխան մեծահոգությունը: Դրա հետևանքով շատերը նրան համարում էին ժլատ ու ագահ: Սակայն տան տնտեսուհին ձկներ էր աճեցնում, անասուն էր պահում, մրգեր ու բանջարեղեն էր մշակում և այդ ամենի հետ մեկտեղ Մարտինին պարգևում վեց երեխա, որոնցից երկուսը մահանում են:

Մի խոսքով՝ կարելի է ասել, որ Կատարինայի ընտանեկան կյանքը Լյութերի հետ ավելի քաղցր չէր, քան միանձնուհու կյանքը, բայց նա չէր դժգոհում, միշտ շնորհակալ էր ամուսնուն իրեն տանիք տալու համար և ջանասիրաբար իրականացնում էր օգնական և Ռեֆորմացիայի Հոր հավատարիմ ուղեկիցը լինելու իր կոչումը:

Մարտին Լյութերը մահացել է 1546 թվականին՝ 62 տարեկանում: Դժվար է պատկերացնել, թե որքան շուտ կարող էր հեղափոխականը լքել այս աշխարհը, եթե չլիներ կնոջ աջակցությունը: Երբ Մարտինի դեպրեսիոն նոպաները երկարում էին, հենց Կատարինան էր քաջալերում նրան՝ չթուլանալ ու շարունակել ջանք գործադրել, ինչը դարձել էր նրա ամենօրյա գլխավոր խնդիրը:

Մեկ անգամ, երբ ամուսինը բավականին երկար է մնում հուսահատ վիճակում, Կատարինան ամբողջությամբ սև զգեստ է հագնում և հայտարարում ամուսնուն, որ սգում է մահացած Աստծո համար: Ամուսնու այն հարցին, թե ո՞վ է իրեն նման բան ասել, թե Աստված մահացել է՝ Կատարինան պատասխանում է. «Իմ ամուսնու ողբերգիկ դեմքը»:

Հավատարիմ օգնականի ջանքերն իզուր չեն անցնում: Ամուսնությունը, որը կնքվել էր այն հաշվարկով, որ փախստական միանձնուհին ամուսնու շնորհիվ ձեռք կբերեր պաշտպանություն, տարիների ընթացքում վերածվում է Աստծուն և միմյանց հավատարիմ սրտերի ամուր կապի:

Աղբյուր՝ wisely.info

Հ.Գ. Մարտին Լյութերն ու նախկին միանձնուհի Կատարինա ֆոն Բորն ամուսնացել են 1525 թ. հունիսի 13-ին: