Բարդ խոսակցությունների համառոտ ուղեցույց

Բարդ խոսակցությունների համառոտ ուղեցույցԻմ հայրն ինձ ասում էր, որ առաջնորդի դերը միշտ բարդ է, և նա, ով ձգտում է լինել առաջնորդ ու պատրաստվում է այդ պատասխանատվությունը վերցնել իր ուսերին, պետք է հասկանա բոլոր իրեն սպասվող խնդիրները:

Դժվարություններից մեկը, որը հատուկ է առաջնորդությանը, բարդ խոսակցություններ վարելու անհրաժեշտությունն է. մարդկանց միջև կոնֆլիկտները հարթելու, սխալ վարքն ուղղելու կամ սխալն ընդունելու:

Չնայած նրան, որ արդեն բավարար փորձառություն ունեմ այս հարցում, մինչ օրս նման խոսակցություններից առաջ հուզվում եմ: Նախքան այս հոդվածը գրելը՝ ես նստեցի և միտքս բերեցի այն բոլոր զրույցները, որոնք ես ունեցել եմ վերջին ժամանակներում:

Արդյոք ճի՞շտ եմ դրանք անցկացրել: Բավականաչափ բարի՞ եմ եղել: Կարո՞ղ էի ավելի շատ լինել Քրիստոսի նման այդ զրույցներում:

Այս մտորումները ինձ համար օգտակար եղան: Ես հասկացա, որ մեզնից յուրաքանչյուրը կարիք ունի աճելու այս հարցում: Այս պատճառով կիսվում եմ ձեզ հետ այս բնագավառում իմ հայտնություններով:

Ամեն բան Տիրոջը հանձնիր.

Եթե սիրտը չի նայում Քրիստոսին, իսկ Սուրբ Հոգին չի մասնակցում խոսակցությանը, ես կարող եմ համոզված լինել, որ մեղավոր էությունը կազդի իմ խոսքերի վրա: Բարդ խոսակցություններից առաջ ես դիմում եմ Աստծուն և խնդրում Նրան՝ ուղղորդել ինձ, օգնել  զրույցի ընթացքում: Ես այնքան շնորհակալ եմ, որ նման դժվարին պահերին մենակ չեմ, այլ Աստված տալիս է ինձ անհրաժեշտ ամեն բան:

Ընտրիր խոսքերդ.

Իմ սիրելի հովիվներից մեկը հաճախ հիշում է զինվորական մի կարգախոս. «Պայքարի մեջ դու չես բարձրանա քո հանգամանքներից վեր, այլ կիջնես քո պատրաստվածության մակարդակին»: Որքա՜ն ճիշտ է ասված, հատկապես, երբ քո զգացմունքները և ադրենալինը գրավում են միտքդ: Ես շատ կարևոր եմ համարում խոսակցությունից առաջ նստել ու մտածել, թե ինչ եմ ուզում ասել և ինչպես: Երբեմն անգամ օգտակար է որոշակի մտքեր գրի առնելը և ձեռքի տակ ունենալը, որպեսզի հստակ ասես այն, ինչն իսկապես կարևոր է:

Լսիր.

Ցանկացած վիճաբանության մեծ մասը հարկ է անցկացնել լսելով: Եթե ավելի քիչ խոսենք և ավելի շատ լսենք, մեր զրուցակիցը կհասկանա, որ իրեն գնահատում ենք, և որ իր խոսքերը կարևոր են: Երբեմն դժվար է չընդհատելը, եթե զրուցակցիդ փաստարկները սխալ են: Բայց եթե նախապես ունես հստակ ծրագիր, կամ դրությունը հստակ ու պարզ է քեզ համար, ապա հեշտ է դառնում զրույցը խաղաղությամբ տանելը և վերջում հանգիստ ավարտելը՝ բերելով լուծման:

Խոսիր խոնարհությամբ և սիրով.

Իմ փորձից գիտեմ, որ վեճի լուծման մեջ հաջողությունը ուղղակիորեն կապ ունի խոնարհության և սիրո առկայության հետ: Դժվար խոսակցություններն անցկացվում են ոչ թե մեղավորների կամ իրավացիների գտնելու համար, այլ փոխհամաձայնության և լուծման խաղաղ ճանապարհ գտնելու համար:

Դժվար խոսակցությունը կյանքի անբաժան մասն է, չէ՞ որ փոխհարաբերությունները անկանխատեսելի են և քաոսային: Բայց վեճերի հաղթահարումը ամրապնդում է մեզ, ինչպես նաև՝ Աստծո և մարդկանց հետ մեր փոխհարաբերությունները:

Իմ աղոթքն է, որ բոլորս նման խոսակցությունների ժամանակ հիշենք Փիլիպպեցիներին ուղղված թղթի այս հատվածը. «Ոչ մի բան չլինի գրգռումով, և ոչ էլ սնապարծությունով, այլ խոնարհությունով թող մեկը մյուսին իր անձիցն ավելի լավ համարի» (Փիլիպպեցիս 2.3):

Ալի Հովարդ