Աստծո սրտի համեմատ կին, ով «փշերից ու տատասկներից վարդեր աճեցրեց»

Աստծո սրտի համեմատ կին, ով «փշերից ու տատասկներից վարդեր աճեցրեց» Այս կնոջ անունը երկու անգամ է հիշատակվում Աստվածաշնչում՝ Ելից 6.20-ում և Թվոց 26.59-ում: Եվ Աստվածաշունչ ընթերցողների մեծ մասն անգամ չգիտի նրա անունը:

«Եվ Կահաթ ծնեց Ամրամին։ Եվ Ամրամի կնկա անունը Յոքաբեդ էր՝ Ղևիի աղջիկը, որին Եգիպտոսի մեջ ծնեց Ղևիի համար, և նա Ամրամի համար ծնեց Ահարոնին և Մովսեսին և նրանց քույր Մարիամին»:

Նրա կյանքը վկայությունն է այն բանի, որ կարևոր չէ, թե ով է մարդը, այլ կարևոր է այն, թե ինչ է նա անում իր կյանքի հետ, ինչպես է նա դիմագրավում ճգնաժամը ու պատասխանատվություն կրում: Ահա թե ինչը նշանակություն ունի:

Յոքաբեդն Աստծո սրտի համեմատ կին էր, ում Աստված օգտագործեց, որովհետև նա թույլ չտվեց ճգնաժամին հաղթելու իրեն և իր ընտանիքին: Յոքաբեդը բացառիկ հնարավորություն ուներ՝ մեծացնելու երեք առաջնորդների:

Նա հայտնի չէր մարդկանց մեջ, բայց Աստված գիտեր նրան: Նրա կյանքի մասին մենք իմանում ենք իր երեխաների միջոցով: Չնայած Յոքաբեդը ծնվել էր ստրկության մեջ, բայց նա պահում էր հավատքն առ Աստված ու հավատարմությունը Նրա ժողովրդի հանդեպ: Նրա ամուսինը նույնպես հավատում էր, բայց մեկ է՝ Աստծո ծրագիրը կյանքի է կոչում Յոքաբեդը: Ծրագիր, որ ոչ միայն փրկեց իր որդուն, այլև մի ամբողջ ժողովրդի ստրկությունից ազատագրման պատճառ դարձավ:

Եբրայեցիս 11.23 ուղերձը մեզ ցույց է տալիս այս պատմության բանալին.

«Հավատքով Մովսեսը երբոր ծնվեցավ՝ երեք ամիս թաքուն պահվեցավ իր ծնողքի ձեռովը, վասնզի տեսան, թե մանուկը գեղեցիկ էր, և չվախեցին թագավորի հրամանիցը»: Ի՞նչ նրանք տեսան. դա պարզապես մարդկային գեղեցկություն չէր: Յոքաբեդը նայելով իր երեխային՝ գիտեր, որ Աստված ծրագիր ունի նրա համար: Նա չգիտեր, թե որն էր այդ ծրագիրը, բայց գիտեր մեկ բան՝ Աստված կյանք է տվել, ուրեմն նպատակ ունի:

Որպես Աստծո սրտի համեմատ կին՝ Յոքաբեդը չափանիշ է սահմանում իր կյանքի համար: Երբ ճգնաժամը հասնում է իր ընտանիքին, նա չի հուսահատվում, այլ հավատում է, որ Աստված կփրկի իրենց: Սուրբ Գիրքն ասում է. «Հավատքով… վասնզի տեսան…»: Որովհետև նա հաստատուն մարդ էր, ուստի Աստված կարողացավ հայտնել նրան փրկության Իր պարզ ծրագիրը, թե ինչպես պետք էր վարվել:

Աստծո ծրագիրը շատ պարզ էր ու հիմնված ընտանիքի ունեցածի վրա:

Մի հասարակ զամբյուղը դարձավ փրկարար օղակ: Մենք գիտենք, որ սա Աստծո գաղափարն էր: Այս կնոջ խնդիրը գայթակղության քար չդարձավ իր համար, այլ աստիճան՝ դեպի ավելի մեծ հնարավորության՝ իր ժողովրդի փրկության համար: Մի՞ թե Յոքաբեդը հասկանում էր իր հետ կատարվող իրադարձությունների իրական նշանակությունը:

Մենք պետք է հավատքի քայլ անենք՝ չիմանալով ողջ ծրագիրը: Եվ կարծում եմ, որ նա հենց նման վիճակում էր: Այդ պահին նրա գլխավոր մտահոգությունը երեխայի կյանքը պահպանելն էր:

Նույն գետը, որ մահ բերեց հարյուրավոր հրեա երեխաների, պահպանեց Մովսեսի կյանքը: Նրա ծնողները ուխտ կնքեցին Աստծո հետ, և դա նրանց զորություն տվեց ասելու՝ «Մենք չենք խոնարհվի մարդու առջև, այլ կհավատանք մեր Աստծուն»:

Մովսեսը փրկվեց, նրա ապագան ապահովության մեջ էր: Աստված հոգ տարավ այն բանի համար, որ Յոքաբեդը կարողանար հոգ տանել սեփական որդու մասին բացահայտ կերպով, ընդ որում, դրա համար անգամ վարձատրվելով մարդուց, ով փորձում էր խլել իր որդու կյանքը:

«Որովհետև ես քեզ հանել եմ Եգիպտոսի երկրիցը և ծառայության տանիցը քեզ ազատել եմ և քո առաջն ուղարկեցի Մովսեսին, Ահարոնին և Մարիամին» (Միքիա 6.4):

Իրապես, այս կնոջ կյանքը խոսում է իր երեխաների կյանքի միջոցով: Նա հիշատակվում է «հավատքի հերոսների» շարքում: Լինելով տան տնտեսուհի ու մայր՝ նա չուներ նյութական մտածելակերպ, այլ պատրաստում ու բերում էր իր երեխաներին Աստծո ծրագրերի ու նպատակների մեջ: Մովսեսը հանում է Իսրայելի որդիներին Եգիպտոսից ֆիզիկապես, սակայն այս գործընթացը սկիցբ էր առել դեռևս այն ժամանակ, երբ նրա մայրը հոգևոր որոշում կայացրեց Աստծուն վստահելու՝ մարդու ու նրա ճանապարհների առջև խոնարհվելու փոխարեն:

Ուսումնասիրեք այս կնոջ կյանքը ու թույլ տվեք Սուրբ Հոգուն բացելու ձեր առջև Աստծո խոսքի ճշմարտությունը, որը ձեզ ազատ կդարձնի: Ես համարում եմ, որ այս վկայության մեջ գլխավորը նվիրումն է:

Այս կինն Աստծուն նվիրված էր, և կյանքի իրավիճակները չփոխեցին այդ նվիրումը: Նա ապրում էր ստրկության մեջ՝ աշխարհիկ իշխանի իշխանության տակ, սակայն Աստված կարողացավ անցկացնել ու դուրս բերել նրան փորձությունից:

Իրապես, կյանքի փշերից ու տատասկներից նա վարդեր կարողացավ աճեցնել:

Ջոյս Թիլնի, «Աստծո կանայք» առաքելություն