Հաջորդ կայարանն է՝ «Երկինք»

Հաջորդ կայարանն է՝ «Երկինք»Տրոլեյբուսը իր սովորական ուղեգծով գնում էր: Մարդիկ ներս էին մտնում և դուրս գալիս: Վերջին կանգառներին մնացել էին երկու կին և փոքրիկ խեղճ հագնված մի տղա՝ շատ մեծ ու տխուր աչքերով:

Մի կինը նախավերջին կանգառում իջնում է: Վարորդը, մտածելով, թե տղան այդ կնոջ որդին է, նրա հետևից կանչում է.

– Դուք մոռացաք ձեր երեխային:

– Սրա՞ն: Այսպիսի թափթփուկը չի կարող իմ երեխան լինել,- կոպիտ պատասխանում է կինը:

– Դու ո՞ւմ տղան ես, գուցե կորե՞լ ես,- հարցնում է վարորդը տղային:

– Ե՞ս, ես ոչ մեկինը չեմ… ինքս եմ գնում:

– Երեխաները չեն կարող լինել ոչ ոքինը: Որտե՞ղ է քո մայրը: Դու մոլորվե՞լ ես:

– Իմ մայրիկը երկինք է գնացել: Ես նույնպես ուզում եմ այնտեղ գնալ: Տիկի՛ն,- դիմում է նա տրոլեյբուսում մնացած միակ կնոջը,- դուք չգիտե՞ք, թե որ տրոլեյբուսն է երկինք գնում:

– Փոքրի՛կ, չկա նման ուղեգիծ: Եվ երկինք գնալն էլ շատ բարդ գործ է:

– Բայց ես այնպե՜ս եմ ուզում տեսնել իմ մայրիկին… մի՞թե ոչ մի տրանսպորտ չի հասնում այնտեղ:

Կինը մոտենում, նրբորեն գրկում է տղային, սեղմում կրծքին ու ասում.

– Ինչպե՞ս է քո անունը, տղա՛ս:

– Դե, ես Միտյան եմ: Բայց ինձ հիմա 57 են անվանում:

– Ինչո՞ւ:

– Ես ապրում եմ մանկատանը: Մենք այնտեղ շատ ենք: Եվ ոչ մեկս մայրիկ չունենք: Դաստիարակը չի կարողանում բոլորիս հիշել, դրա համար մեզ թվերով է կոչում:

– Քեզ համար ծա՞նր է, փոքրի՛կ:

– Ինձ ոչ ոք չի սիրում: Մայրիկս միշտ ինձ համբուրում էր: Ինձ համար հեքիաթներ էր կարդում: Քնելուց առաջ օրորոցային էր երգում: Նաև մենք իրար հետ աղոթում էինք: Ես այնքա՜ն եմ ուզում տեսնել մայրիկիս: Նա գնաց ու այլևս չվերադարձավ: Տիկի՛ն, իսկ դուք եղե՞լ եք երկնքում:

– Առայժմ ոչ, իմ լավ տղա, բայց ես գիտեմ՝ ինչպես այնտեղ հասնել: Դու ինքդ ճանապարհը չես գտնի: Ուզո՞ւմ ես՝ ես քեզ իմ տուն տանեմ: Մենք կապրենք միասին և կսպասենք Քրիստոսին: Նա կարող է մեզ երկինք հասցնել, որտեղ այժմ ապրում է քո մայրը:

Տղայի աչքերը հույսով լցվեցին: Նա ամուր սեղմվեց բարի կնոջը, ինչպես ժամանակին իր մայրիկին, իսկ կինը քնքշորեն շոյում էր նրա գլուխը և ժպտում: Վերջին կանգառում նրանք դուրս եկան: Վարորդը երկար նայեց նրանց հետևից ու ինքն իրեն շշնջաց.

– Մեր ուղեգծում «Երկինք» կանգառ նշված չէ, բայց ինձ թվում է, այն կա այս ուղու վրա: Աստված բնակվում է այնտեղ, որտեղ սերն է ապրում: Իսկ որտեղ Աստված է, այնտեղից երկինք հեռու չի լինի:

Աղբյուր՝ bible-facts.ru