Ինչու Հիսուսն ընտրեց Զաքեոսի տունը

Ինձ դուր է գալիս այս հին ասացվածքը. «Մի վախեցիր ռիսկի դիմել՝ հասնելու ամենաբարձր ճյուղին, չէ՞ որ այնտեղ պտուղ կգտնես»: Հենց այդպես է մի ժամանակ վարվել Զաքեոսը, երբ Հիսուսն անցնում էր նրա հարազատ քաղաքով՝ Երիքովով: Աստվածաշունչը բացատրում է. «Եվ ուզում էր Հիսուսին տեսնել, թե ով է, բայց բազմության պատճառով չէր կարողանում. որովհետև հասակով կարճ էր» (Ղուկաս 19.3): Այդ պատճառով նա անում է այն, ինչ կաներ ցանկացած ողջամիտ մարդ. առաջ է վազում և մագլցում ծառը, որպեսզի հասնի լավագույն դիտակետին, վտանգի գնալով՝ բարձրանում է բարձր ճյուղի վրա: Հենց այդ պահին նրա կյանքը սկսում է փոխվել և պտուղ բերել:

Զաքեոսը ցանկանում է տեսնել Հիսուսին, բայց բախվում է երկու արգելքների. առաջինը՝ նրան խանգարում էր ամբոխը, իսկ երկրորդ՝ նա ուներ բացառապես ֆիզիկական սահմանափակում. կարճահասակ էր: Հիսուսի երեսը տեսնելու փոխարեն, նա տեսնում է այն մարդկանց մեջքերը, ովքեր իրենից բարձրահասակ էին:

Այսօր նույնը կարող է կատարվել մեզ հետ: Երբ դուք որոշում եք փնտրել Աստծուն, մարդիկ ձեր շուրջը կանխամտածված կերպով խանգարում են ձեզ, իսկ հաճախ ձեզ խանգարողը հենց դուք ինքներդ եք լինում: Մենք պետք է մեր հայացքը հեռացնենք այլ մարդկանցից, որպեսզի տեսնենք Հիսուսին, և հաղթահարենք ցանկացած անձնական խոչընդոտ, որոնք կան մեր կյանքում: Զաքեոսը բարձրանում է իր արգելքներից վեր՝ ավելի լավ տեսնելու Ուսուցչին:

Հավատքն ու անկեղծությունը գրավում են Աստծո ուշադրությունը: Հիսուսը նկատում է նրան, կանգ առնում և կանչում ներքև՝ հայտարարելով, որ պատրաստվում է իր տանը ճաշել: Հիսուսը գիտեր, որ այդ մարդու սիրտը փափագում էր մի բան, ինչը պակասում էր նրա կյանքում: Զաքեոսը մաքսավորների ղեկավարն էր: Մաքսավորները դավաճաններ էին համարվում, ովքեր ծախվել էին հռոմեացիներին, որպեսզի հարկեր հավաքեին իրենց հրեա հայրենակիցներից: Նրանց ատում էին, հասարակության թափթփուկներ, ստոր և ճղճիմ մարդիկ համարում: Հռոմեացիների հետ իրենց շփման պատճառով նրանց անմաքուր էին համարում և թույլ չէին տալիս տաճար ու ժողովարան մտնել:

Ղուկասը ևս մեկ բան է ավելացնում Զաքեոսի մասին. «Նա հարուստ էր»: Խնդիրը նրանում չէր, որ նա հարուստ էր: Խնդիրը հետևյալն էր. նա հարստացել էր՝ մարդկանց խաբելով: Այդպիսին էին մաքսավորները, ովքեր հանուն սեփական շահի՝ անարդարացիորեն հարկեր էին կորզում:

Հիմա վերադառնանք պատմությանը. Զաքեոսը հավանաբար զարմացած էր, երբ հրեա րաբբունին, որի մասին ինքը այդքան լսել էր, որոշում է իր տուն գալ: Ինչպիսի՜ ծանր հանցանք էր դա՝ ընթրել մեղավորի հետ: Հանկարծ ամբոխի վրդովմունքը մաքսավորից տեղափոխվում է Հիսուսի վրա: Նրանք ցնցված էին, որ Հիսուսը համարձակվում է շփվել նման հայտնի մաքսանենգի հետ: Նրանք նույն կերպ էին արձագանքել, երբ Հիսուսը կանչել էր Մաթևոսին՝ հետևելու Իրեն. և Նրա պատասխանը հետևյալն էր. «Առողջները բժշկի կարոտ չեն, այլ՝ հիվանդները» (Մաթևոս 9.12):

«Նա էլ շտապելով իջավ և ուրախությունով ընդունեց նրան։ Եվ բոլոր տեսնողները տրտնջում էին և ասում, թե մեղավոր մարդու մոտ մտավ հանգիստ առնելու» (Ղուկաս 19.6-7):

Մեկ հանդիպումը Հիսուսի հետ հավերժ փոխում է այս խաբեբա մաքսավորի կյանքը: Ուշադրություն դարձրեք, որ Հիսուսը երբեք չի հիշատակում Զաքեոսի մութ ու անազնիվ գործերը: Միայն Նրա ներկայությունը մաքսավորի տանը արդեն իսկ լուրջ հանդիմանություն է բերում այդ մարդուն: Երբ մեկը, ով վեցնում է, հանդիպում է Մեկին, Ով տալիս է, առատաձեռնությունը գալիս է փոխարինելու ագահությանը: Զաքեոսը իր կամքով առաջարկում է հատուցել բոլորին, ումից ինքը գողացել էր և իր ունեցվածքի կեսը բաժանել աղքատներին: Դա ճշմարիտ ապաշխարություն էր:

Մի այսպիսի խոսք կա. «Եկեղեցին հիվանդանոց է մեղավորների համար, ոչ թե թանգարան՝ սուրբերի համար»: Սա օգնում է բոլորիս հիշելու, որ Հիսուսը եկել է փնտրելու և գտնելու կորսվածներին: Եկեղեցին պետք է լինի մի վայր, որտեղ այնպիսի մարդիկ, ինչպիսին Զաքեոսն էր, կարող լինեն գտնելու հոգևոր օգնություն և հույս:

Զաքեոս՝ նշանակում է «արդարացված» կամ «մաքուր»: Հետաքրքիր է, այնպես չէ՞: Մարդը, ում անարդար և անմաքուր էին համարում, փոխվում է Հիսուսի զորությամբ: Հիսուսի հետ հանդիպումից հետո Զաքեոսը սկսում է համապատասխանել իր անվանը: Աստվածաշնչյան մեկնաբանները նշում են, որ այդ ժամանակներում Երիքովի մոտ ապրում էին 12 հազար քահանաներ, ովքեր գնում էին Երուսաղեմ՝ Տաճարում ծառայելու: Եվ որքան տարօրինակ է, որ չկան գրառումներ այն մասին, թե Հիսուսն այցելել է նրանցից մեկի տուն: Նա նախընտրում է հացը կիսել մեղավորի հետ, ում հետ ոչ ոք շփվել չէր ցանկանում:

Ջոն Նյուտոնը, ով հեղինակն է դասական դարձած «Զարմանահրաշ շնորհ» հիմնի, մահվան մահճում հետևյալ խոսքերն է գրել. «Չնայած իմ հիշողությունը դավաճանում է ինձ, ես հստակ ձևով երկու բան եմ հիշում. առաջինը՝ ես մեծ մեղավոր եմ, երկրորդ՝ Քրիստոսը մեծագույն Փրկիչ է»:

Բեն Գոդվին