Հրաշք, որ կատարվեց Հարության տոնին. երեխան դուրս է եկել կոմայից

Հրաշք, որ կատարվեց Հարության տոնին. երեխան դուրս է եկել կոմայիցԵրկու տարեկան Դիլան Ասկինի ծնողները ծանր որոշում են կայացնում՝ անջատել իրենց երեխային կյանք ապահովող սարքերը. բժիշկները համոզել էին նրանց, որ կոմայի մեջ հայտնված երեխային ոչինչ այլևս չի կարող օգնել: Բայց երեխան հանկարծ ուշքի է եկել և սկսել պայքարել իր կյանքի համար:

2015թ-ին փոքրիկ Դիլանը հայտնվում է Դերբի քաղաքի հիվանդանոցում շնչառական խնդիրների պատճառով: Բժիշկները ախտորոշում են թոքային հիվանդությունը և նշանակում բուժում, որը բարելավում է երեխայի առողջական վիճակը:

Բայց այս բուժումից հետո Դիլանը վարակվում է մի վիրուսով, որն առաջացնում է թոքերի բորբոքում, և տղայի վիճակը ծայրագույնս վատանում է այնքան, որ վերջինս հայտնվում է կոմայի մեջ:

Տղայի մայրը պատմում է, որ Զատկի օրերին բժիշկները հայտնում են, թե Դիլանին այլևս հնարավոր չէ վերադարձնել:

Ողջ ընտանիքը գալիս է հիվանդանոց՝ փոքրիկին վերջին անգամ տեսակցելու: Հետո անջատում են կյանքի ապահովման սարքերը և թույլ տալիս ծնողներին՝ երեխայի կողքին մնալ, քանի որ ամեն րոպեն կարող էր վերջինը լինել:

«Այդ ողջ ընթացքում մենք խոսում էինք նրա հետ, երգում և ցտեսություն մաղթում նրան»:

Բայց դա Դիլանի վերջին օրը չէր. հաջորդ օրը երեխայի վիճակը սկսում է բարելավվել, և նա ուշքի է գալիս: Դիլանը, պարզվում է, իսկական հերոս է, և իհարկե, բժիշկները ճիշտ պահին հասնում են օգնության. երեխան ևս կես ամիս մնում է հիվանդանոցում՝ նախքան տուն գնալը:

Այդ օրից անցել է արդեն երկու տարի, և այսօր նայելով Դիլանին՝ դժվար է ենթադրել, որ մեկ օր նրա կյանքը մազից էր կախված: Ծնողները համոզված են, որ իսկական հրաշքի ականատես են դարձել: Հրաշք, որ կատարվեց Քրիստոսի հարության տոնին:

«Այն ժամանակ Աստծուն այնքան էլ չէի հավատում, բայց այն, ինչ կատարվեց Դիլանի հետ՝ իսկական զատկական հրաշք էր»,- կիսվում է մայրը:

Աղբյուր՝ gschelp.org