Հավատքի էության մասին. Հովհան Ոսկեբերան

Չնայած բոլոր մարդիկ ձգտում են ուրախության, այնուամենայնիվ, միայն քչերը իսկապես գիտեն, թե ինչ է ուրախությունը, որտեղ է այն ուղղորդող աստղը, որ ճանապարհով է պետք գնալ՝ դրան հասնելու համար:

Հավատացյալ մարդու համար դա գաղտնիք չէ: Հավատացյալն ունի Աստծո պարգևը, որը լուսավորում է իր բազմակողմանի գոյության բոլոր կողմերը և երբեք չի խաբում նպատակների և միջոցների ընտրության հարցում, որոնք բերում են ուրախություն և երանություն:

Պարգևը, որ վերևից՝ Աստծուց է իջնում, մեր սուրբ հավատքն է: Աստվածային պարգևն այդ լուսավորում է մեզ, բազմապատկում մեր գիտելիքը և լուսավորում մեր զգացմունքները, բացում ժամանակավոր և հավիտենական կյանքի գաղտնիքը, տալիս ուրախություն` հաղորդակից լինելու այն ամենին, ինչ սուրբ է և երանելի:

Կատարյալ ուրախությունը, որ մեզ տալիս է հավատքը՝ Աստծո մասին գիտությունն է. հավատքով մենք ընկալում ենք Նրա գոյությունը, Նրա անառիկությունն ու ամենուր լինելը, Նրա մեծությունը և ողորմածությունը, Նրա սերը:

Հավատքը մեզ համար բացահայտում է Քրիստոս Փրկչին, Ում մեջ կյանքն է և լույսը՝ մարդկանց համար (Հովհաննես 1.4): Աստծnւն ոչ ոք երբևէ չի տեսել: Մենք հավատում ենք Նրա Խոսքին և գործերին. «…Որոնք որ նրան ընդունեցին, իշխանություն տվեց նրանց՝ Աստծո որդիներ լինելու՝ նրանց, որ նրա անունին հավատում են» (Հովհաննես 1.12):

Մենք գիտենք, որ Նա եկավ երկիր՝ հանուն մարդկանց փրկության՝ Իր ոտնահետքերով ու Սուրբ Հոգու շնորհով լուսավորելով այն: Նա բերեց երկրի վրա ավետարանական ճշմարտությունը: Նա է մեր Փրկիչը, Ով տառապեց, թաղվեց և հարություն առավ: Նրան հավատացողը թեև մեռնի էլ՝ կապրի (Հովհաննես 11.25):

Քրիստոսը ցույց է տվել մեզ այն ճանապարհը, որով մենք պետք է գնանք՝ սրտով դառնալով  դեպի վերինը՝ դեպի հավիտենական ուրախությունը: Հավատքը մեզ միացնում է Քրիստոսի հետ և միմյանց հետ: «Եվ հավատացյալների բազմության սիրտը և հոգին մեկ էր» (Գործք Առաքելոց 4.32): Հավատքը մեզ հաղորդում է կյանքի իմաստը՝ իր հաղթանակներով ու պարտություններով, իր հաջողություններով ու անհաջողություններով, իր ուրախություններով և տխրություններով:

Համբերությամբ և բարեգործությամբ մարդը իր համար բարին է շինում, իսկ չարով էլ՝ չարը: Երկրի վրա մեզ տրված են բոլոր հնարավորությունները՝ մեր ապագան կերտելու:

Միայն հավատքը կարող է բերել անկեղծ և փրկագործող ապաշխարության, որը ներում և մաքրում է մեզ: Հավատքը մեզ բերում է Աստծո հետ մեկության մեծ ուրախությանը՝ Սուրբ Հաղորդության խորհրդի ներքո, այն Մեկի հետ միաբանության, Ով չի դադարում կանչել մարդկանց. «Եկեք ինձ մոտ, և Ես հանգստություն կտամ ձեզ» (Մաթևոս 11.28):

Անհրաժեշտ է գոհություն տալ Տիրոջը հավատքի ուրախության համար և ուրախությամբ պահպանել հավատքը: Այն երբեք նախատինքի չի մատնի մեզ, այլ կբարձրացնի և հայտնի կդարձնի: Ապրելով այստեղ՝ երկրի վրա, հավատքի միջոցով մենք արդեն կանխազգում ենք հավիտենական երանությունը Երկնային Արքայության մեջ.

«Աստծո Արքայությունը հենց ձեր ներսում է» (Ղուկաս 17.21):

Աստծո Արքայությունն էլ հենց քրիստոնեական հավատքի պտուղն է, հավատք, որը մեզ տալիս է ամեն սուրբը, ուրախը, մաքուրը, ժամանակավորն ու հավիտենականը:

Հովհան Ոսկեբերան