«Եթե մենք գին վճարենք, Աստված կբացի երկինքը». Սմիթ Վիգլսվորթի պատմությունը

1859թ-ի հունիսի 8-ին լույս աշխարհ եկավ Սմիթ Վիգլսվորթը: Մի ժամանակ լինելով կրթությունից զուրկ ջրմուղագործ անգլիական Բրեդֆորդ քաղաքում՝ նա պատմության մեջ մտավ որպես 20-րդ դարի «հավատքի առաքյալ» և բժշկող ավետարանիչ: Շնորհիվ աղոթքի և սարեր շարժող իր հավատքի՝ նա հարություն տվեց 23 մարդու. այս փաստը ապացուցվում է վավերագրական հաստատմամբ: Նա իր ժամանակների լեգենդն էր և մինչ օրս շարունակում է մնալ:

Նրա ծառայությունը փոխեց պատմությունը, բայց այն կարող էր չսկսվել, եթե չլիներ մի կին՝ իր կինը: Ինչպես ասում են, հաջողակ տղամարդու հետևում միշտ կանգնած է իմաստուն կին: Մերի Ջեյնը, ում Վիգլսվորթը կոչում էր պարզապես «Պոլլի», պատկանում է հենց այս կանանց շարքին:

Ինչպես սկսվեց ամեն բան

1877թ-ին դեռևս երիտասարդ Վիգլսվորթը հավաքույթներից մեկին տեսնում է, թե ինչպես է մի աղջիկ ապաշխարում: Նա որոշում է, որ այդ աղջիկն իր կինն է դառնալու: Այդ պահից սկսած՝ նա համակվում է Աստծուն ծառայելու մեծ փափագով:

Երբ Սմիթն արդեն քսան տարեկան էր, ամեն շաբաթ նրա ծառայության միջոցով Աստծուն էին դառնում մոտ 50 հոգի: Նա տեղափոխվում է Լիվերպուլ և սկսում այնտեղ ծառայել երիտասարդներին:

1882թ-ին Վիգլսվորթը վերդառնում է Բրեդֆորդ և ամուսնանում այն աղջկա՝ Մերի Ջոյն Ֆեդերսթոունի հետ, ով մեծացել էր մեթոդիստների ընտանիքում: Նա կարդացած էր, խելացի և գեղեցիկ: Շուտով նա կրկին վերադառնում է քարոզչությանը, քանի որ իր կինը՝ Պոլլին, քարոզիչ էր և շատ էր ցանկանում իր ամուսնուն տեսնել նույն դերում: Բայց Սմիթը չէր կարողանում հարթ քարոզել: Մի քանի անգամ նա փորձում է սկսել, բայց ամեն անգամ շփոթվելով՝ կորցնում հոգու առաջնորդությունն ու լքում ամբիոնը: Վերջապես նա ասում է իր կնոջը. «Այլևս երբեք չեմ անի դա»:

Սմիթ Վիգլսվորթը չուներ ֆորմալ կրթություն: Նա ուղարկվել էր աշխատելու, երբ դեռևս 7 տարեկան երեխա էր: 12-14 ժամ աշխատելով՝ նա հնարավորություն չէր ունեցել դպրոց հաճախելու: Նա 26 տարեկան էր, երբ սովորեց կարդալ ու գրել, և դա նրան սովորեցնում էր իր կինը:

Այդ ընթացքում Սմիթ Վիգլսվորթը չի դառնում քարոզիչ, բայց շուտով դառնում է հայր: Նա ու Պոլլին ունենում են 5 երեխա՝ դուստր Ալիսան և որդիներ՝ Սեթը, Հարոլդը, Էրնստը և Ջորջը:

Վիգլսվորթը իր կյանքի երկու տարիներն անցկացնում է հոգևոր անապատում: Նա չուներ բավարար նվիրում Աստծուն: Բայց նրա բիզնեսը այդ ընթացքում բարգավաճում էր:

26 տարեկան հասակում նա վերադառնում է Աստծուն նոր փափագով և խանդավառությամբ: Մտնում է մանկական ծառայության մեջ: Ձեռք է բերում մի ձի, դուրս գալիս այդ ձիով փողոցներ, վրան նստեցնում երեխաների և նրանց եկեղեցի բերում: Նա պատմում էր նրանց Աստծո մասին, իսկ հետո տանում տուն: Ահա թե ինչպես էր նա ծառայում Աստծուն:

Բժշկության վկայություն

Սմիթ Վիգլսվորթը իր մաշկի վրա է զգացել աստվածային զորությունը բազում զարմանահրաշ իրավիճակներում: 1890-ականների սկզբին, երբ մի ծառայող աղոթում է նրա բժշկության համար, նա բժշկվում է թութքից, որը մանկուց տանջում էր իրեն: Մեկ անգամ էլ նա բժշկություն է ստանում, երբ գրեթե մահվան դուռն է հասած լինում: Նա ասում է իր կնոջը. «Տերն ինձ տուն է կանչում: Ապահովության համար կանչիր բժշկի»:

Գալիս է բժիշկը, զննում նրան և ասում, որ տարուց ավելի է Վիգլսվորթի մոտ առկա է կույրաղիքի բորբոքում: Նա կասկած է հայտնում, որ վերջինս կկարողանա վիրահատություն տանել, որովհետև շատ թույլ էր: Բժշկի հեռանալուց հետո Վիգլսվորթի մոտ է գալիս մի ծեր կին՝ երիտասարդ ուղեկցորդի հետ միասին: Նրանք եկել էին աոթելու: Երիտասարդը ձեռքերը դնում է Վիգլսվորթի վրա և աղաղակում. «Սատանա՛, դո՛ւրս արի նրա միջից»: Եվ միանգամից հիվանդը զգում է, որ իր ուժերը սկսում են վերականգնվել:

«Ի զարմաս ինձ, ես ինձ զգում էի հրաշալի, ինչպես միշտ»,- հիշում է Սմիթը:

Եվ այսպես, Վիգլսվորթը ոտքի է կանգնում և գնում աշխատանքի: Երբ մի որոշ ժամանակ անց բժիշկը վերադառնում է և հայտնաբերում, որ հիվանդը տանը չէ, ասում է. «Հիշեք իմ խոսքերը, նրան մահացած են տուն բերելու»:

Այդ դեպքից հետո Վիգլսվորթը հանդիսավոր խոստում է տալիս. «Այս պահից ոչ մի դեղեր, ոչ մի բժիշկներ, ոչ մի միջոցներ իմ տանը չեն լինի»: Ընդ որում՝ նա երբեք իր կարծիքը չէր բարդում ուրիշների վրա:

Վիգլսվորթների ընտանիքի համար աղոթքը կյանքի անբաժան մի մասն էր: Մի առավոտ, երբ ողջ ընտանիքը հավաքվում է նախաճաշի սեղանի շուրջ, Մերի Ջեյնը ասում է Սմիթին. «Հարոլդն ու Էրնստը իրենց վատ են զգում առավոտից: Նախաճաշից առաջ մենք կաղոթենք նրանց համար»: Ահա թե ինչպես է Սմիթը նկարագրում այն, թե ինչ է լինում հետո. «Այդ պահին միանգամից Աստծո զորությունն իջավ իմ և կնոջս վրա, և հենց որ մենք ձեռքներս դրեցինք երեխաների վրա, նրանք երկուսն էլ միանգամից բժշկվեցին: Այն, որ մենք մեր աչքերով տեսանք բժշկության հրաշքը, անհավատալի ուրախություն պատճառեց: Աստված միշտ այնքան բարի է եղել՝ այն իրողությունը հաստատելու մեջ, որ Ինքն է մեր Բժիշկը»:

Աստծո զորության այս դրսևորումներից զատ, Սմիթ Վիգլսվորթի կյանքի մեծագույն իրադարձությունը Սուրբ Հոգով մկրտվելն էր: 1907թ-ի հոկտեմբերին 48 տարեկան հասակում նա մկրտվում է Սուրբ Հոգով անգլիկան մի եկեղեցում, որի հովիվը Ալեքսանդ Բոդին էր:

Այդ իրադարձությունից հետո հասնում է Սմիթ Վիգլսվորթի քարոզելու հերթը: Մերի Ջեյնն ասում է նրան. «20 տարի շարունակ ես քարոզում էի, և այդ ողջ ընթացքում դու ինձ հետ էիր, բայց այս կիրակի դու ինքնուրույն ես քարոզելու, իսկ ես կհետևեմ, թե ինչպես է ստացվում»: Եվ նա պահում է իր խոսքը: Կիրակնօրյա ծառայությանը նա նստում է դահլիճի վերջում, իսկ մինչ այդ նրանք միշտ միասին էին լինում բեմի վրա:

Բեմ հասնելու համար պետք էր բարձրանալ երեք աստիճանով, և այդ ճանապարհին Սմիթը Աստծուց խոսք է ստանում՝ քարոզել Եսայի 61.1-3 խոսքերով: Սմիթն ասում է. «Ես քարոզիչ չեմ եղել: Բայց լսելով Աստծո ձայնը, որ ասում էր ինձ խոսքերն այդ աստվածաշնչյան տեղից, ես սկսեցի: Չեմ հիշում, թե ինչ եմ ասել այդ օրը, բայց իմ կինը հուզված էր: Նստարանը, որի վրա նա նստած էր, տեղավորում էր 9 հոգու: Եվ իմ քարոզի ընթացքում նա մի ծայրից մյուս ծայրն էր տեղափոխվում»:ι

Վերջում նա աղաղակում է այնպես, որ ներկաները կարող էին լսել. «Սա իմ Սմիթը չէ»: Նախկին Սմիթ Վիգլսվորթը այլևս չկար: Այդ օրից կյանքն իր համար մեկ իմաստ ուներ՝ Քրիստոսը:

Այդ երեկո 50 հոգի Սուրբ Հոգով են մկրտվում և խոսում այլ լեզուներով:

Հինգ տարի անց Վիգլսվորթը շարունակում է տեսնել իր քարոզների զարմանահրաշ արդյունքները:

Ակնհայտ էր, որ Վիգլսվորթը քաջ ծանոթ էր բժշկության ծառայությանը: Մարդիկ ջանում էին այս հարցում իմաստություն ստանալ նրանից: Երբ մեկ օր նրան խնդրում են բժշկության վերաբերյալ մի գիրք խորհուրդ տալ կարդալ, նա պարզապես պատասխանում է, որ ինքն ընդամենը մեկ գիրք գիտի՝ Աստվածաշունչը՝ Աստծո Խոսքը: Նա հավատում էր, որ Աստվածաշնչի միայն մեկ նախադասությունը բավարար է, որ փոխարինի մեկ ամբողջական քարոզի և լիակատար փոխի մարդու կյանքը:

Ողբերգություն և հրաժեշտ

1913 թվականի սկզբին նրա սիրելի կինը՝ Մերի Ջեյնը, հանկարածակիորեն հեռանում է կյանքից ճամփորդության ժամանակ: Տուն են բերում նրա անշունչ մարմինը: Վիլգլսվորթի պատվերով իր սիրելիի մարմինը տեղափոխում են իր սենյակ և դնում անկողնու վրա: Երբ բերողը հեռանում է, Սմիթը մտնում է սենյակ ու փակում սենյակի դուռը: Հիսուս Քրիստոսի անունով նա սաստում է մահվան ոգուն և հրամայում լքել իր կնոջ մարմինը: Նրա կինն այդ պահին կյանք է վերադառնում, բացում աչքերը և նայում նրան:

«Սմի՛թ, ինչո՞ւ արեցիր դա»,- հարցնում է նա:

«Պո՛լլի, ես քո կարիքն ունեմ»,- պատասխանում է Սմիթը:

«Սմի՛թ, իմ աշխատանքն այստեղ ավարտված է,- ասում է Պոլլին:- Տերը ցանկանում է վերցնել ինձ»:

Նրանք երկար խոսում են: Հետո Վիգլսվորթն ասում է. «Լա՛վ, ես թողնում եմ քեզ: Գնա՛»:

Նա պառկում է բարձին և հեռանում՝ Տիրոջ մոտ: Նրա երեսն այնքան երջանիկ էր: Վիգլսվորթը պատրաստակամությամբ հնազանդվում է Տիրոջ կամքին: Մերի Ջեյնը Աստծո մոտ է հեռանում կյանքի 53-րդ տարում՝ 1913թ-ի հունվարի 13-ին:

Ծառայությունն ու կյանքը կնոջ մահից հետո

Սմիթ Վիգլսվորթն ուներ զարմանահրաշ կարողություն՝ քարոզի ընթացքում մարդկանց իր հավատքը փոխանցելու: Նա ապրում էր՝ գործի դնելով իր ներսի մարդու կարողությունները և կարողանում էր այլ մարդկանց փոխանցել այդ զորությունը, հավատքի այդ տոկունությունը:

Այս օծյալ քարոզչի համբավը, ով հետևում էր Հիսուսին, տարածվում է ողջ աշխարհով մեկ: 1914թ-ին Սմիթ Վիգլսվորթը սկսում է իր միջազգային ծառայությունը Կանադայում և Միացյալ Նահանգներում: Ամեն գարնանը Բրեդֆորդում նա համաժողովներ է կազմակերպում, որը բաց էր բոլոր ցանկացողների համար: Նա լինում է Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Շվեդիայում:

Տարիների հետ նրա ծառայությունը չի թուլանում և չի կորցնում իր ակտիվությունը: 1921թ-ի ավարտին նա քարոզում է Հնդկաստանում և Ցեյլոնում (Շրի Լանկա): Մեկ տարի անց նա «Պենտեկոստեն» բերում է Նոր Զելանդիա: Այսօր Նոր Զելանդիայում գոյություն ունեն տասնյակ հոգեգալստական կազմակերպություններ, որոնք հիմնավորվել են այն ծառայություններից, որ անցկացնում էր Վիգլսվորթը:

1947թ-ի մարտի 5-ին նա նստած էր իր տանը՝ ընկերոջ հետ: Խոսակցության մեջ նա նկատում է.

«Այսօր ես փոստով ստացա հրավեր՝ գնալու Ավստրալիա, Հնդկաստան և Ցեյլոն, ինչպես նաև Ամերիկա: Ողջ աշխարհն է ինձ նայում: Օ՜, Վիգլսվորթ,- հանկարծ արտասվում է նա,- ինչպիսի՜ հիմարություն է համարելը, թե մարդիկ ինձ են նայում: Աստված Իր փառքը չի տա ոչ ոքի: Նա կհեռացնի ինձ բեմից»:

Սմիթ Վիգլսվորթը կյանքից հեռանում է 87 տարեկան հասակում՝ 1947թ-ի մարտի 12-ին: Նա 34 տարի իր ծառայությունը տարել էր միայնակ: Նրա քննադատները վաղուց մոռացված էին, իսկ հասարակ, անկիրթ ջրմուղագործը Բրեդֆորդից շարունակում էր Քրիստոսին բերել մեղավորների և մարդկանց սրտերում հավատք բոցավառել:

Քաղվածք՝ նրա խոսքերից ու քարոզներից

«Մենք ձեզ հետ ոչինչ չենք կարող անել առանց սրտացավության: Մեզ երբեք չի հաջողվի բժշկել քաղցկեղը, եթե միայն մենք չմտնենք այնքան խորը Սուրբ Հոգու մեջ, որ Քրիստոսի սրտացավությունը սկսի դրսևորվել մեր միջոցով»:

«Եթե դու թույլ ես տալիս ինքդ քեզ անել անգամ մեկ բան Աստծո կամքից դուրս, դա խոչընդոտ կլինի քեզ համար ՝ խավարի ուժերի դեմ պայքարում»:

«Կարևոր է առավոտյան վեր կենալ Աստծո Խոսքն ունենալով մտքում՝ նախքան այնտեղ կներխուժի աշխարհը»:

«Մենք, ուր էլ գնանք, պետք է լինենք ինչպես ջահեր, որոնք մաքրում են մթնոլորտը՝ չարի ուժերը հետ մղելով»:

«Ես կգերադասեի բեմի վրա ինձ հետ ունենալու մարդկանց խումբ, ովքեր լցված են Սուրբ Հոգով և փափագում Աստծուն ամեն բանից առավել, քան մի խումբ ծառայողների, ովքեր գոհ են Աստծո հետ փոխհարաբերություններից»:

«Լիակատար անվտանգությունը միայն Քրիստոսի մեջ է»:

«Եթե մենք գին վճարենք՝ Աստված կբացի երկինքը»:

«Նա, ով ունի հավատքի պարգևը, չի վախենում ոչնչից, նա կարող է գործել ցանկացած իրավիճակում: Այնուամենայնիվ, գործի դնել այդ պարգևը Աստված կարող է, եթե միայն մենք Հոգու մեջ ենք: Երբ Աստծո Հոգու շնորհիվ մարդու մեջ սկսում է գործել հավատքի պարգևը, ապա, որպես կանոն, մարդն իմանում է, թե ինչ է Աստված պատրաստվում անել»:

«Մեծ հավատքը ծնվում է մեծ փորձություններում»: