10 բան, որ Հիսուսը երբևէ նկատի չի ունեցել

10 բան, որ Հիսուսը երբևէ նկատի չի ունեցելԱստվածաշնչի իմ ամենասիրելի հերոսներից մեկը Պետրոսն  է: Այո, նա այն աշակերտն է, ով հաճախ հիշատակվում է ծովում խորտակվելու պատմությամբ (ջրի վրա քայլելուց հետո), որովհետև հայացքը շեղում է Քրիստոսից, Հիսուսի կողմից հանդիմանվելու պատմությամբ և, վերջիվերջո, Հիսուսին ուրանալու համար (ոչ թե մեկ, այլ երեք անգամ նույն գիշեր) հենց այն բանից հետո, երբ խոստանում է երբեք չանել դա:

Այն, ինչ իսկապես սիրում եմ Պետրոսի մեջ, դա այն վերափոխումն է, որ կատարվում է նրա կյանքում՝ վերնատանը Սուրբ Հոգով լցվելուց հետո:

Նա Հիսուսին հեռվից հետևող մեկից վերածվում է խիզախությամբ Նրա Խոսքը քարոզող մեկի, ում խոսքերը 3 հազար մարդու դարձնում են դեպի Հիսուսը՝ այդպիսով որոշիչ դեր կատարելով Քրիստոսի եկեղեցու սկզբնավորման մեջ:

Ահա, թե ինչ է նա ասել. «Որովհետև դուք հենց այդ բանի մեջ կանչվեցիք, որ Քրիստոս էլ չարչարվեցավ և ձեզ էլ օրինակ թողեց, որ նրա հետքերին հետևեք» (Ա Պետրոս 2.21): Նա պարզապես չի ասում այս խոսքերը, այլ ապրում է դրանք:

Մենք նույնպես կանչված ենք՝ ապրելու Հիսուսի պես: Եվ եթե պատրաստվում ենք Հիսուսի պես ապրել, ապա պետք է նաև սիրենք Քրիստոսի պես, անենք այն, ինչ Հիսուսն է պատվիրում անել, և ասենք այն, ինչ Հիսուսն է ասել: Բայց ի՞նչ կասեք, երբ մարդիկ Հիսուսին վերագրում են խոսքեր, որոնք Նա երբևէ չի ասել: Քրիստոնյաները երբեմն վերագրում են Հիսուսին խոսքեր, որոնք չեն հնչել Նրա բերանից, կամ ապրում են և արդարացնում իրենց կյանքը այնպիսի խիզախությամբ, ասես դա պատվիրված է Աստծո Խոսքում: Ուզում եմ այսօր խոսել և հստակություն բերել այս թեմայի մեջ. ի՞նչ չի ասել Հիսուսը:

  1. «Եկեղեցին այնքան էլ կարևոր չէ»: Ո՛չ:

Եբրայեցիների հեղինակը հաստատում է, որ մեկտեղ հավաքվելը այլ հավատացյալների հետ կենսական կարևորություն ունի:

«Եվ չթողնենք մեր իրար հետ ժողովվելը, ինչպես ոմանց սովորություն է» (Եբրայեցիս 10.25):

5 պատճառ, թե ինչու է եկեղեցի գնալը կարևոր.

  • Հիսուսը մահացել է եկեղեցու համար:
  • Հիսուսն է եկեղեցու գլուխը:
  • Հիսուսն ասաց, որ կհիմնի եկեղեցին, ուրեմն Նա է եկեղեցու հիմնադիրը:
  • Հիսուսն ասաց, որ դժոխքի դռները չեն հաղթի եկեղեցուն:
  • Հիսուսն ընտրել է այն՝ որպես շարժիչ ուժ՝ ընդլայնելու Իր Արքայությունը:

Եղիր Եկեղեցու մասնիկը: Ունեցիր եկեղեցի: Նպաստիր եկեղեցու աճին:

  1. «Երանի նրանց, ովքեր ավելի հետամուտ են քաղաքականությանը, քան իրենց հավատքին»: Ո՛չ:

Քրիստոնյաները, ովքեր լցված են ավելի մեծ խանդավառությամբ իրենց քաղաքական հայացքները հայտնելու, քան հավատքով կիսվելու մեջ, ավելի մեծ հավատք են ընծայում այլ «ավետարանի»:

Երբ Պողոսը խոսում էր քաղաքական առաջնորդների հետ, նա խոսում էր Հիսուսի մասին: Նաև խրախուսում էր աղոթել իշխանավորների համար: Հաջորդ անգամ, երբ ցանկություն ունենաք ձեր սոցիալական կայքի էջում քննադատել ինչ-որ քաղաքական առաջնորդի, կանգ առեք և աղոթեք նրա համար:

  1. «Վեճում հաղթելն ավելի կարևոր է, քան մարդուն շահելը»: Ո՛չ:

Մեկի հետ վեճի մեջ դու կարող ես հաղթող լինել, բայց կորցնել փոխհարաբերություններդ այդ մարդու հետ: Արդյոք մի վեճն արժե՞ դա: Ո՛չ:

Ա Կորնթացիս 13-ն ասում է, որ եթե մեր ուղերձը սիրով չենք հասցնում մարդկանց, ապա այն արժեք չունի:

  1. «Բոլոր հավատքներն ընդունելի են քրիստոնեության համար»: Ո՛չ:

Ճիշտ է, որ մեզ՝ քրիստոնյաներիս, պատվիրված է սիրել բոլորին, բայց Աստվածաշնչում չկա մի խոսք, որ կհաստատի, թե մենք կարող ենք ընդունել ցանկացած այլ հավատք, քրիստոնեությունից զատ, այսինքն՝ Քրիստոսից զատ:

Հիսուսը ոչ միայն հռչակում է, որ միայն Ինքն է ճանապարհը (Հովհաննես 14.6), այլև Պողոսը նույնպես հանդիմանում է ամեն մեկին, ովքեր քարոզում են Հիսուսից զատ՝ այլ բաներ. «Բայց եթե մենք էլ, կամ երկնքիցը մի հրեշտակ ավետարանի ձեզ նրանից ուրիշ, քան թե որ մենք ավետարանեցինք ձեզ, նզովված լինի» (Գաղատացիս 1.8):

  1. «Բոլորը երկինք են գնում»: Ո՛չ:

Ի՞նչ է Հիսուսն ասել:

«Նեղ դռնովը ներս մտեք, որովհետև լայն է դուռը և ընդարձակ ճանապարհը՝ որ կորուստն է տանում. և շատեր են նրանով գնացողները։ Քանի՜ նեղ է դուռը և նեղվածք է ճանապարհը, որ տանում է կյանքը. և քիչ են նրան գտնողները» (Մաթևոս 7.13-14):

  1. «Դուք երկնքի մուտք ունեք, քանի դեռ լավ մարդ եք»: Ո՛չ:

Հիսուսը սիրեց իմ պես մեղավորների, բայց Նա անհանդուրժող է մեղքի նկատմամբ. իսկ երկինք տանող միակ ճանապարհը մեղքերից ապաշխարելն է և փրկության պարգևն ընդունելը (խոստովանությամբ և Քրիստոսին հավատալով):

Երկինք մտնելու նվերը կապ չունի լավ մարդ լինելու և բարի գործեր անելու հետ, բայց անմիջական կապ ունի Քրիստոսի հանդեպ մեր ունեցած հավատքի հետ, հավատք այն ամենի հանդեպ, ինչ Նա արեց Խաչի վրա (Հովհաննես 6.44):

Եվ ընդհանրապես, լավ մարդ գոյություն չունի. «Ի՞նչու ես ինձ բարի ասում. ոչ ով բարի չէ բացի մեկը՝ Աստված» (Ղուկաս 18.19):

  1. «Դա քո մարմինն է. արա նրա հետ՝ ինչ ուզում ես»: Ո՛չ:

Մինչ մեր մշակույթը խրախուսում է դա, Աստծո Խոսքն ասում է հակառակը. «Չգիտե՞ք, որ ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են՝ որ ձեզանում է, որ նրան Աստվածանից ունեք. և ձերինը չեք» (Ա Կորնթացիս 6.19-20):

Լավ լուրն այն է, որ ինչ վատ ընտրություններ էլ դուք արդեն արել եք ձեր մարմնի հետ, Հիսուսի արյունը բավարար է՝ ձեզ մաքրելու համար: Նա վերացրել է ամեն մեղք և ամոթ, որ ձեզ ներքև է քաշում:

  1. «Ես աշխարհիկ մարդկանց սիրում եմ ավելի, քան քրիստոնյաներին»: Ո՛չ:

Աստված բոլորին հավասարապես է սիրում, այնպես որ՝ զգույշ եղիր, որ չմոռանաս, թե որտեղից Նա փրկեց քեզ. (Տիտոս 3.3-5):

  1. «Աշխարհը կճանաչի, որ մենք քրիստոնյա ենք՝ Աստվածաշնչի իմացության մեր չափից»: Ո՛չ:

Առանց փորձելու նվազեցնել Աստծո Խոսքի իմացության կարևորությունը, ուզում եմ հիշեցնել, որ Հիսուսն ասաց՝ մեր իրար հանդեպ ունեցած սիրուց և մեր բարի գործերը տեսնելով աշխարհը կճանաչի, որ մենք Իր աշակերտներն ենք (Հովհաննես 13.35):

  1. «Քրիստոսին հետևելուց առաջ պետք է նախ համապատասխան վարք ունենալ»: Ո՛չ:

Ղուկաս 5-րդ գլխում Հիսուսը Մաթևոսին՝ ատելի հարկահավաքին, կանչում է՝ Իրեն հետևելու: Մաթևոսը կարիք չուներ հատուկ ստուգումներ անցնելու, չպետք է որոշակի հոգևոր մակարդակ հավաքեր՝ Հիսուսին հետևելու համար: Հիսուսը հրավիրում է նրան՝ կյանքը Իրեն նվիրելու:

Այստեղ խնդիր էին տեսնում միայն փարիսեցիները: Հիսուսը հանդիմանում է նրանց՝ ասելով, որ եկել է մեղավորներին ապաշխարության կանչելու, ոչ թե արդարներին:

Վարքը հետևում է Քրիստոսին մեր կյանքը նվիրելուն:

Հիսուսը կընդունի քեզ այնպիսին, ինչպիսին դու կաս, բայց Նա չի թողնի քեզ կես ճանապարհին:

Չաք Թեյտ