Իմ աղոթքը՝ ԲՈՒՀ ընդունվելիս. վկայություն

Իմ աղոթքը՝ ԲՈՒՀ ընդունվելիս. վկայությունՄասնագիտության ընտրությունը հեշտ բան չէ: Ինչպես բոլոր բարձր դասարանցիները, ես հաճախ էի մտածում, թե գործունեության որ ոլորտին կարող եմ նվիրվել:

Մայրիկս իմ լավագույն խորհրդատուն էր: Նա առաջարկեց բժիշկ դառնալ, և ես որոշ մտորումներից հետո համաձայնվեցի:

Շուտով ավելի լրջորեն հետաքրքրվեցի բժշկությամբ: Իսկ երբ մեր հարևան մանկաբույժը մի անգամ ինձ իր հետ տարավ մանկական կլինիկա, ես հաստատապես որոշեցի, որ մանկաբույժ եմ դառնալու:

Բժշկական ակադեմիա ընդունվելը միշտ էլ դժվար է եղել. մեծ մրցակցություն, խիստ պահանջներ, դե իսկ կաշառակերության մասին էլ խոսք չկա: Բայց ես որոշեցի հետ չկանգնել իմ երազանքից և ապավինել Տիրոջ օգնությանը:

Աստվածաշնչում կարդացել էի Պողոս առաքյալի խոսքերը. «Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոս Հիսուսով»: Դա ինձ շատ էր ոգեշնչում: Դպրոցի վերջին երեք տարիները ամբողջովին նվիրել էի նախապատրաստվելուն՝ ԲՈՒՀ ընդունվելու համար: Աղոթում էի, որ անպայման իմ քաղաքում՝ Կրասնոդարում ընդունվեի և անպայման պետպատվերով:

Քանի որ քիմիան և կենսաբանությունը հիմնական առարկաներն էին Բժշկականի համար, ես դրանց վրա հատկապես շատ մեծ ուշադրություն էի դարձնում: Մասնակցում էի այդ առարկաների օլիմպիադաներին, տարբեր մրցույթների, առանձին պարապմունքների էի գնում: Ինձ դուր էր գալիս սովորել, նորն իմանալ, և Աստված օրհնում էր: Ավարտեցի դպրոցը արծաթե մեդալով:

Ծնողներս, եկեղեցում ինձ ճանաչող մարդիկ, բոլորը ուրախ էին իմ ընտրության համար և աղոթում էին: Դա օգնում էր պահպանել հավատքս, և ես համարձակ ասում էի իմ դասարանցիներին. «Անպայման կընդունվեմ Ակադեմիա, Տերը կօգնի ինձ»: Բայց անհավատ բարեկամներս ծիծաղում էին իմ հավատքի վրա. «Այնտեղ նույնիսկ փողով է դժվար ընդունվելը, իսկ դու դեռ անվճա՞ր ես ուզում»: Եվ առաջարկում էին իրենց կարծիքով ավելի լավ ճանապարհ. որևէ գյուղական համայնքից ընդունման գործերը հանձնել, քանի որ դա հնարավորություն էր տալիս ԲՈՒՀ ընդունվել առանց մրցակցության:

Դրա համար, իհարկե, պետք է կեղծ փաստաթղթեր դասավորեինք, իբրև թե ես գյուղի բնակիչ եմ: Եվ որպես քրիստոնյա՝ ես հրաժարվեցի: Բոլորին է հայտնի, որ շատերն են դիմում այդ քայլին՝ անվճար սովորելու համար, որոշները նույնիսկ կեղծ հաշմանդամություն են ձևակերպում իրենց անունով՝ արտոնյալ պայմաններում սովորելու համար: Բայց Աստվածաշունչն ասում է, որ Աստված մաքուրի հետ մաքուր է, իսկ ծուռի հետ՝ ծուռ:

Բայց և այնպես, ինձ էլ վրա հասավ փորձությունը՝ ոչ ուրիշ, այլ մարդկային: Ավարտական քննությունների ժամանակ ես քիմիայի խնդիրների հուշարար թղթեր էի պատրաստել (шпаргалки), գրում էի շատ երկար, մանրամասն: Բայց քննությունից առաջ մեր տուն եկավ հավատացյալ ծանոթներիցս մեկը և հանդիմանեց ինձ. «Դու, ախր, մեղք ես գործում, Օլյա, դու մտածում ես՝ Աստված չի՞ տեսնում քո այս թղթերը»:

Եվ քննության ժամանակ ես չվերցրեցի դրանք, հասկացա, որ չի կարելի միաժամանակ և՛ Աստծուն ապավինել, և՛ կեղծ ճանապարհներ որոնել: Արդյունքում հավաքեցի 212 բալ, իսկ անցողիկը 211 էր: Վստահ էի, որ կընդունվեմ, բայց երբ արդեն ցուցակները Բժշկական ակադեմիայում փակցրեցին, իմ անունը 242-րդն էր, այն դեպքում, երբ անվճար սովորելու համար ընդամենը 100 հնարավոր տեղ կար:

Տագնապով ես և մայրս աղոթքով Տիրոջը դիմեցինք և Խոսք ստացանք. «Արդարների ցանկությունը կկատարվի»: Դա ամրացրեց իմ հավատքը, և ես շարունակում էի սպասել օգնություն Տիրոջից՝ հասկանալով, որ վերջին խոսքը միշտ էլ Նրանն է:

Օգոստոսի սկզբում փակցրեցին արդեն այն ուսանողների ցուցակները, ովքեր երաշխավորված էին ԲՈՒՀ-ի կրթության համար: Այդ ժամանակ իմ ազգանունը գտա 71-րդը՝ 100-ի մեջ: «Ընդունվել եմ». ուրախացա ես, բայց ինչպես հետո պարզվեց՝ շտապել էի ուրախանալ: Իրականում, մի քանի օր անց իմ ազգանունը, չգիտես ինչպես, հայտնվել էր 102-րդ տեղում:

Դա արդեն իմ ծանր վերապրումների գագաթնակետն էր: Ես հասկանում էի, որ վերջնական ընտրությունը դեռ չի ավարտվել, որ դեռ տարբեր վայրերից դիմորդներ են նորից դիմում ու քննություններ հանձնում: Ուստի իմ հնարավորությունը անվճար սովորելու՝ հասնում էր զրոյի:

Հասկանում էի նաև, որ տարեկան 63 հազար ռուբլի ծնողներս չէին կարող վճարել իմ կրթության համար:

Ծոմ վերցրեցի: Լարվածությունից չէի կարողանում գիշերները քնել: Ինձ հետ միասին աղոթքով կանգնած էին ծնողներս: Մենք միաբանվել էինք ընտանեկան աղոթքներով՝ հասկանալով, որ այժմ ամեն բան իրականում կախված է միայն Աստծուց:

Ընդունող հանձնաժողովում վերջնական պատասխանի նախորդ օրը մեզ ասացին, որ կա դեռ էլի 7 դիմորդ՝ անվճարի համար պայքարող: Եթե նրանք մինչև օրվա վերջ չմոտեցան իրենց փաստաթղթերի բնօրինակներով, ուրեմն ես կընդունվեմ, իսկ եթե մոտենան, ապա…

Այդ ժամանակ ես էլ չդիմացա, դառնորեն լաց եղա: Ես այնքան հույս ունեի, որ Աստված կբացեր ինձ համար Կրասնոդարում անվճար սովորելու դուռը, երեք տարի ջանացել էի, աղոթել ու ապավինել Նրան. և ահա արդյունքը: Ես ինձ ուղղակի անհաջողակ էի համարում ու վերջ:

Բայց երեկոյան նորից հանդարտվեցի, նորից աղոթեցի, հանձնեցի ամեն բան Աստծո ձեռքերի մեջ: «Գուցե,- մտածում էի ես,- Աստված չի էլ ուզո՞ւմ, որ ես ընդունվեմ հենց Կրասնոդարում: Իսկ գուցե Նա ինձ համար ծրագրել է ընդունելություն հաջո՞րդ տարվա համար: Ինչո՞ւ Նրա հետ վիճեմ ու տրամադրությունս գցեմ: Ավելի լավ է՝ համակերպվեմ, և թող կատարվի միայն ու միայն Նրա կամքը»:

Առավոտյան՝ օգոստոսի 4-ին, մինչև ակադեմիա գնալը մայրիկիս հետ աղոթեցինք և ներողություն խնդրեցինք Աստծուց այն բանի համար, որ տագնապել էինք, նյարդայնացել, փոխարենը Իրեն վստահելու մինչև վերջ: Եվ արդեն թեթև սրտով, պատրաստ՝ լսելու ցանկացած պատասխան, գնացի ԲՈՒՀ: Քարտուղարը թույլ տվեց ժամանակից շուտ ներս մտնել և թղթերի մեջ սկսեց որոնել իմ ազգանունը: Եվ գտնելով այն՝ ասաց. «Դուք անվճար եք ընդունվել»: Ուրախությունից ես նորից արտասվեցի: Դա հրաշք էր, դա Աստծո օրհնությունն էր ինձ և իմ ընտանիքին:

Երեկոյան եկան բարեկամներս՝ ինձ շնորհավորելու: Աստծո օգնությունը ակնհայտ էր: Ես ընդունվել էի հեղինակավոր ԲՈՒՀ՝ մի տեղի համար 9 հոգու մրցակցությամբ, այն էլ անվճարի համար 100-ից 50-ը հաշմանդամներ կամ հեռավոր գյուղերից դիմածներն էին, իսկ մյուս 50-ի մեջ կար իմ անունը:

Ողջ փառքը միայն ու միայն Աստծուն, Ով հավատարիմ է Իր բոլոր խոստումներում, և Ում սերն ու ողորմությունը անսահման է:

Օլգա