Միայն հաղթողներն են մտնելու երկինք

Միայն հաղթողներն են մտնելու երկինք«Ով որ ականջ ունի, թող լսի՝ ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. Ով որ հաղթում է՝ նրան կյանքի ծառից ուտել կտամ, որ Աստծո դրախտի մեջ է» (Հայտնություն 2.7)։

Հավիտենական կյանքը պարգև է Աստծուց, և այդ պարգևը մենք ստանում ենք հավատքով՝ Տեր Հիսուս Քրիստոսին, Նրա ուսուցումներին ու Գողգոթայի խաչի վրա կատարած Նրա մեծ զոհին հավատալով:

Սակայն մենք՝ հավատացյալներս, պետք է հստակ գիտակցենք, որ թեև փրկությունը հավատքով է, այնուամենայնիվ, Աստվածաշունչը սովորեցնում ու զգուշացնում է, որ մենք այդ հավատքը պետք է պահենք մինչև վերջ՝ մինչև մեր երկրային կյանքի ավարտը, մինչև մեր վերջին շունչը այս երկրի վրա:

Փրկությունը հավատքով է, և եթե մենք այս երկրային պանդխտության օրերին կորցնենք մեր հավատքը, գայթակղվենք աշխարհի գայթակղություններով և վերադառնանք անհավատության այն ճահիճը, որից Աստված մեզ հանել էր, մենք կկորցնենք մեր փրկությունը, եթե չսթափվենք ու չապաշխարենք:

Հավիտենական կյանքը՝ Աստծո դրախտի մեջ Կյանքի ծառից ուտելու արտոնությունը, պարգև է Աստծուց: Սակայն այդ պարգև ստանում են հավատացողները և հավատքը մինչև վերջ պահողները: Ով ականջ ունի, թող լսի:

Աստծո Սուրբ Հոգին է այսօր զգուշացնում բոլոր եկեղեցիներին: Միայն հաղթողներն են, որ մտնելու են Երկինք: Սակայն, ի՞նչ հաղթանակի և ի՞նչ պատերազմի մասին է խոսքը: Աստծո Խոսքն ասում է, որ մենք հավատքի պատերազմի մեջ ենք: Աշխարհն ամեն բան անելու է, որ հավատացյալը վերադառնա իր մահաբեր գրկի մեջ: Չարն ամեն բան փորձելու է, որ կասկածների, վախերի ու գայթակղությունների միջոցով մեզ հետ տանի իր խավար թագավորության ստրկության մեջ, որից մեզ ազատել է մեր հաղթող Տերը:

Աստված ամեն բան արել է, որ մենք մշտապես ու հարատև հաղթության կյանք ապրենք: Աստծո Խոսքն ասում է, որ մեր հավատքն է, որ հաղթում է աշխարհին՝ բոլոր գայթակղություններին, կասկած ու վախ ծնող մտքերին ու հիասթափություններին: Փրկությունը հավատքով է:

Հավատքով է մարդն արդարանում: Հավատքն է, որ մեզ հասցնելու է Երկինք: Հավատքն է, որ հաղթում է աշխարհին: Եվ հաղթողներն են մտնելու Երկինք: Ով ականջ ունի, թող լսի՝ ինչ որ Աստծո Սուրբ Հոգին է ասում հավատացյալներին՝ ինձ և քեզ:

Տեր Հիսուսի անունով հավատք և հաղթություն եմ հռչակում այս գրառումը ընթերցողների կյանքում: Եղեք օրհնված:

Արման Մանուկյան