Խորհուրդ լսելու խորհուրդը

Լսելու խորհուրդը– Խորհուրդ եմ տալիս, սիրելի՛ աշակերտներ, լսել ցանկացած խորհուրդ,- հայտարարում է ուսուցչուհին:

Աշակերտները, զարմացած նայելով ուսուցչուհուն, հարցնում են.

– Լսել անգամ վա՞տ խորհուրդը:

-Այո՛, անգամ վատը,- պատասխանում է ուսուցչուհին: – Թույլ տվեք ձեզ բացատրեմ խորհուրդ լսելու խորհուրդը:

Եկեք տեսնենք, թե ինչ է անում գյուղացին, երբ ցորենը արտից պարկերով տուն է բերում: Նա ոչ մի դեպքում այն միանգամից չի լցնում ալրաղացը, այլ սկսում է մաղով անց կացնել. որոմները և շատ ուրիշ անպետք բաներ սկսում են թափվել: Մաղելուց հետո նոր ցորենը լցնում է ալրաղացի մեջ և աղում` ստանալով ալյուր:

Նույն բանն էլ պետք է կատարվի մեզ հետ. պարկը մեր գլուխն է, ցորենը և որոմներն էլ լավ և վատ խորհուդներն են: Ցորեն քաղելու գործիքները նման են մարդու լսելու կարողությանը. ինչպես գյուղացին առանց գործիքի արտ գնալ չի կարող, այդպես էլ մարդն առանց լսելու չի կարող հասարակության հետ շփվել և ինչ-որ բանի հասնել: Դե իսկ մաղն էլ մեր մտածելու ունակությունն է:

Այսպիսով` մենք գյուղացի ենք, վերցնում ենք մեր գործիքները` ականջները (ասել է, թե` լսելու ունակությունը) ու գնում ենք արտ, որն էլ մեր շրջապատն է, և սկսում ենք բերքահավաքը: Մեր բերքի մեջ կան և՛ ցորեններ, և՛ որոմներ (լավ և վատ խորհուրդ տվողներ):

Մենք այն ամբողջը լցնում ենք մեր պարկի` գլխի մեջ ու բերում ենք տուն: Նախքան ալրաղաց տանելը, պետք է այն մաղել:

Մաղել նշանակում է մտածել, համեմատել այդ ամենը ճշմարտության հետ, արդյոք այն համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ, և հետո նոր միայն կարելի է աղալ, այսինքն` վարվել կամ չվարվել մեզ տված խորհրդի համաձայն:

Բայց ոչ մի դեպքում ցորենը որոմի հետ չի կարելի աղալ, այլապես ցորենն էլ կփչանա:

Իսկ ինչու եմ խորհուրդ տալիս, որ ցանկացած խորհուրդ լսեք,- ավելացնում է ուսուցչուհին:

-Նախ՝ կսովորեք լսել իմանալ, հետո մարդկանց կտաք հնարավորություն ձեզ հետ շփվելու, խոսելու, որից էլ հաստատ ինչ-որ բան կսովորեք: Այնուհետ՝ սովորելուց հետո էլ կսկսեք ցորենը որոմից տարբերել, ամեն մեկին ուշադիր լսել, բայց նախքան կատարելը, համամեմատել ճշմարտության հետ… Կսովորեք լավը վատից տարբերել:

Ուստի եկե՛ք սովորենք լսել, բայց նախքան մեր լսածով շարժվելը, չմոռանանք այն մաղով անց կացնել:

Մարգարիտ Խաչատրյան