Նա թողնում է իր բիզնեսը՝ «անտուն-թափառականների հովիվը» դառնալու համար

Անտուններին օգնելը չկար իմ ծրագրերում: Ես ունեի բավականին հաջողված բիզնես, գումարներով կարող էի լուծում տալ ցանկացած հարցի: Իսկ հետո Աստված ցույց տվեց ինձ, որ գումարները ամեն բան չէ, որ կարող են լուծել:

Ես հեռացա եկեղեցուց, հետո Աստծուց: Իմ կինը այդ ժամանակ որոշեց մի հովվի մոտենալ և հարցնել, թե ինչպես վարվի, որովհետև մեր ընտանիքում ամեն բան գնալով ավելի ու ավելի էր վատանում:

Հովիվն ասել էր. «Երկու տարբերակ կա: Կամ բաժանվել, կամ ոտքի կանգնել և պաշտպանել ընտանիքդ՝ վերցնելով քեզ վրա պատասխանատվություն՝ պայքարելու ընտանիքիդ վերականգնման համար»:

Եվ նա իր վրա վերցրեց այդ պատասխանատվությունը՝ նախ սկսեց աղոթել, որ ես հաշտվեմ Աստծո հետ, որպեսզի մեր ընտանիքը վերականգնվի: Մարդը, ում ես նեղացրել էի, խաբել ու դավաճանել, աղոթում էր ինձ համար ոչ թե մեկ ամիս, ոչ թե երկու, այլ հինգ տարի և երեք ամիս: Դա մի շրջան էր, երբ ես կորցրեցի ամեն ինչ: Հասկացա, որ միայնակ եմ մնացել. ընտանիքս կործանման եզրին է, գումարներ չկան, բիզնեսը այլևս հնարավոր չի լինի վերականգնել, իշխանություն չկա, ոչինչ չկա…

Մի օր որոշեցի վերջ տալ կյանքիս. նստեցի մեքենաս, այնպիսի արագություն բացեցի, որ միանգամից ամեն հարց լուծված լինի, որ հանկարծ անդամալույծ չմնամ: Գրեթե ամբողջ քաղաքն անցա մեծ արագությամբ, ուշքի եկա, երբ արդեն դաշտում էի… անվնաս:

Այդ ժամանակ դիմեցի Աստծուն. «Եթե ես այդքան վատն եմ, վերցրո՛ւ ինձ: Եթե դու ինձ մահ չես տալիս, նշանակում է, որ ինչ-որ բան ուզում ես ինձնից: Տե՛ր, եթե ես դեռևս Քո բարեհաճության ներքո եմ, տուր ինձ վերջին հնարավորություն: Այլևս չեմ ուզում տանջվել: Մեկ վերջին հնարավորություն»:

Եվ առավոտյան ներսումս մի հստակ գիտակցում եկավ, որ պետք է զանգեմ կնոջս և ասեմ. «Ժամանակը հասունացավ, որ գաս Օդեսա»:

Սկսվեց ամենածանր շրջանը՝ նորից ապրելու:

Թե ինչու ուշադրությունս կենտրոնացավ անտունների վրա, պատճառը մի ճակատագրական հանդիպում էր:

Ես տուն վերադարձա հունվարի 3-ին: Որդուս ծննդյան տարեդարձին մենք որոշեցինք գնալ McDonald’s, որպեսզի առաջին անգամ տոնեինք իմ լիարժեք ներկայությունը երեխաներիս կողքին:

Երբ գնում էինք այնտեղ, ճանապարհին հանկարծ տեսա, թե ինչպես մի քանի անտուն թափառականներ փորփրում էին աղբադույլերը: Եվ հանկարծ սրտիս մեջ մի ձայն լսվեց. «Դուք տոնում եք, ձեզ մոտ ամեն բան լավ է, բայց կան նաև նման մարդիկ, և Ես նրանց շատ եմ սիրում»:

Ես, գեղեցիկ քաշմիրե վերարկու հագած, դուրս եկա մեքենայից, մոտեցա նրանց. «Տղանե՛ր, ուզո՞ւմ եք ուտել»:

Գնացի խանութ, մթերք գնեցի: Երեխաներին ասացի. «Մենք արդեն հասել ենք, դուրս եկեք մեքենայից»: Բայց երեխաները դեռ փոքր էին, չէին հասկանում, թե ինչ էր կատարվում: Նայում էին ինձ, իսկ ներսումս ձայնն ասում էր. «Ես քեզ ընտրել եմ: Սա այն ժողովուրդն է, որին դու պետք է ծառայես»: Հենց փողոցում, բացեցի ու հյուրասիրեցի այդ տղաներին գնածս մթերքը:

Երբ հյուրասիրությունը վերջացրեցինք, նստեցինք մեքենան և գնացինք McDonald’s: Հետո տանը կնոջս ասացի. «Տերը կանչում է ինձ»:

Ես պետք է թողնեի իմ հազիվ վերականգնվող բիզնեսը՝ անտուններին օգնելու համար: Հարազատներիս և մտերիմներիս կողմից հնչած առաջին հարցը հետևյալն էր. «Ի՞նչ է քեզ հետ կատարվում»: Շատերը զանգում էին կնոջս և խնդրում նրան՝ խոսել ինձ հետ: Ասում էին. «Դուք սովից կմեռնեք: Ինչպե՞ս եք ապրելու»:

Այդ պահին մենք բնակվում էինք մի բնակարանում, որի վարձը հազար դոլար էր, դրանք մեծ ծախսեր էին, և ես ասացի, որ մենք պետք է մեկ այլ տուն վարձենք: Վարձեցինք երկու սենյականոց բնակարան և ըստ էության՝ դրանից էլ սկսվեց անտուններին մեր ծառայությունը: Այո՛, ես ստիպված եղա թողնել իմ բիզնեսը, բայց ունեի բավականին խնայողություններ, և դրանք բավականացրին մեզ մեկ տարով, իսկ հետո սկսվեց ամենահետաքրքիրը:

Ինչպես դարձա «անտունների հովիվ»

Մենք ունեինք ոչ մեծ սենյակ: Այդ օրը հավաքվել էր 30-40 հոգի: Եվ եկել էր մի հովիվ: Ներս մտնելուց քիչ անց նա հանկարծ արագորեն դուրս եկավ սենյակից:

Ես նրա հետևից գնացի. «Չէ՞ որ ուշանում եք, պետք է սկսել ծառայությունը»:

Նա. «Այնտեղ անտանելի հոտ է, չեմ կարող»:

Ես հարցրեցի. «Ի՞նչ հոտ»:

Նա ասաց. «Հարցը հենց դրանում է. ձեզ համար հոտ չկա, իսկ մենք չենք կարող: Մենք չենք կանչված, այլ՝ դուք, նրանք մեր հետևից չեն գալիս, այլ՝ ձեր: Այնպես որ՝ ինքդ գնա և քարոզիր»:

Այդ ժամանակ ես գուցե քննադատությամբ էի մոտենում այդպիսի հարցերի: Չէի հասկանում, որ ամեն բանի մեջ կա կոչման հարց: Ի՞նչ է նշանակում ծառայել անտուններին: Դա պարզապես փողոցում նստած մեկին մոտենալ չէ և ասել` «Աստված սիրում է քեզ, Հիսուսը սիրում է քեզ, փոխիր քո կյանքը»: Դա գուցե մի դեպքում կգործի, բայց՝ ոչ բոլոր: Եթե ես նման խոսքերով գայի նրանց մոտ, գուցե հենց նույն պահին իմ վերջը լիներ:

Եղել են տարբեր ժամանակներ: Եղել են օրեր, երբ ստիպված եմ եղել 2-3 օր մնալ նկուղում, որ նրանք իմ մեջ իրենցից մեկին տեսնեին: Անտուն-թափառականին պարզապես բավարար չէ ասել, որ Աստված սիրում է իրեն, կամ էլ նրան ուղղակի կերակրել: Ես հասկանում էի, որ պետք է նաև ստեղծեի պայմաններ, որ նրանք իրենց մարդու պես զգային:

Իմ գրաֆիկը մի որոշ ժամանակ այսպիսին էր. առավոտից մինչև կեսօր արագորեն գտնել մեկին, կերակրել, հագցնել և բաց թողնել, քանի դեռ երեխաները դպրոցում են և ոչինչ չեն տեսնում: Եվ այսպես՝ մեկ տարի շարունակ: Մեր բնակարանով անցել են հարյուրից ավելի մարդիկ: Իմ կինը սկզբում զարմանում էր, իսկ հետո հասկացավ մի բան. Աստված ունի ծրագիր:

Մեկ օր մեզ մոտ բերեցին մի մարդու, որի հետ շփվելով հասկացանք, որ նրա ախտորոշումն անմխիթար էր: Բայց նա վերականգնվեց: Վերջերս մենք տոնեցինք նրա հարսանիքը, և հիմա նա իր կնոջ հետ միասին խնամք է տանում տարեց անտունների մասին: Սա այն դեպքն էր, երբ պետք էր փրկել մեկին, ում էլ հետո Աստված կօգտագործեր ուրիշներին փրկելու համար:

Երբ ես աղոթում եմ, միշտ խնդրում եմ Աստծուց, որպեսզի Նա ավելի շատ սիրով լցնի այդ մարդկանց: Առանց սիրո հնարավոր չէ այդ աշխատանքն անել:

Բոլորը չէ, որ երազել են փողոցում հայտնվել: Նրանք էլ մեր նման մարդիկ են, ովքեր սիրո կարիք ունեն: Ինչո՞ւ են դարձել այդպիսին: Մեկ օր մեկը ատել է նրանց, մեկը՝ երես թեքել: Սկզբում հարազատները, հետո նաև հասարակությունը, և նրանք հայտնվել են այնտեղ, որտեղ կան: Նրանցից ամեն մեկի մեջ ես տեսնում եմ մի մարդու, ով ելք է փնտրում, տեսնում եմ Աստծո պատկերով արարված մեկին, ով նույնպիսին է, ինչպիսին մենք ենք:

Փառք Տիրոջը, ներսումս չկա խղճահարություն նրանց նկատմամբ, իսկ եթե խոսքը կարեկցանքի մասին է, ապա բոլորս պետք է կարեկցանքով լցված լինենք: Եվ այդ ժամանակ մենք կկարողանանք ավելի շատ մարդկանց հանել այդ վիճակից և օգնել նրանց՝ կանգնելու ճիշտ ճանապարհի վրա:

Ֆյոդոր Գերասիմովը հիմնել է «Օգնենք ապրել» նախագիծը՝ գործ, որն ուղղված է սոցիալապես անապահով, ինչպես նաև՝ ռազմական գործողությունների արդյունքում տուժածներին օգնելուն: Մինչ այդ ծառայությունը հիմնելը՝ նա իր տանը ընդունել է 1,5 հազար մարդու, ովքեր նման վիճակում էին գտնվում: