1431թ-ի մայիսի 30-ին Ժաննա դ’Արկին մահապատժի ենթարկեցին՝ այրելով խարույկի վրա

1431թ-ի մայիսի 30-ին Ժաննա դ’Արկին մահապատժի ենթարկեցին՝ այրելով խարույկի վրաՖրանսիայի ազգային հերոսուհի Ժաննա Դ՛Արկը, ով հայտնի է նաև «Օռելանի կույս» անունով, ֆրանսիական պատմության ամենախորհրդավոր կերպարներից է:

Նրա մասին տեղեկությունները բավականին քիչ ու հակասական են, և երբեմն պատմաբանները կասկածում են՝ արդյոք նման մարդ գոյություն ունեցե՞լ է, թե ոչ:

Հայտնի է, որ Ժաննա դ’Արկը գլխավորել է ֆրանսիական ժողովրդի ազատագրական պայքարն անգլիացիների դեմ Հարյուրամյա պատերազմի (1337-1453 թթ.) ժամանակ: Կանանց ու տղամարդկանց շարքում, ում անունները մնացել են պատմության մեջ, Ժաննա դ՛Արկը միակն է, ով 17 տարեկանում երկրի գլխավոր հրամանատարն է եղել…

Ժաննա դ’Արկը Ֆրանսիայի ազգային հերոսուհի է, կաթոլիկ եկեղեցու սուրբ: Նա համոզված էր, որ Աստված իրեն է ընտրել՝ լուծելու Ֆրանսիայի ազատագրման խնդիրը: Ազատագրական պատերազմն սկսելու համար դժվարությամբ տեսակցել է Ֆրանսիայի թագաժառանգ Կառլոսի հետ և համոզել նրան վճռական ռազմական գործողություններ սկսել, իսկ ինքը, առաջնորդելով բանակը, 1429 թ-ի մայիսի 8-ին ազատագրել է պաշարված Օռլեան քաղաքը, որի համար ժողովուրդը նրան անվանել է Օռլեանի կույս:

Մի շարք հաղթանակներից հետո Ժաննան բանակն առաջնորդել է դեպի Ռեյմս քաղաք, որի ազատագրումից հետո՝ 1429 թ-ի հուլիսի 17-ին, թագադրել է Կառլոսին՝ որպես Կառլոս VII թագավոր: Դրանով վերականգնվել է Ֆրանսիայի պետական անկախությունը: Սակայն ժողովրդական պատերազմի ծավալն ու Ժաննա դ՛Արկի մեծ հեղինակությունը վախեցրել են թագավորին ու ֆրանսիական ազնվականությանը:

1430 թ-ի մայիսի 23-ին պաշարված Կոմպիեն քաղաքից հեռանալիս Ժաննա դ’Արկին գերել են անգլիացիների հետ համագործակցող բուրգունդացիները և 10 հազար ոսկով վաճառել անգլիացիներին: Վերջիններս, մի ամբողջ տարի Ժաննային բանտում պահելով, հայտարարել են, թե նա կախարդուհի է:

Ռուան քաղաքում եկեղեցական դատարանը Ժաննային մեղադրել է հերետիկոսության և հմայության մեջ, ինչի արդյունքում 1431 թ-ի մայիսի 30-ին նրան այրել են Ռուանի Հին շուկայի հրապարակում։ Նա ընդամենը 19 տարեկան էր…

Պատրաստեց Գոհար Ավագյանը