Խուսափեք ինքներդ ձեզ զոհի կարգավիճակ վերագրելուց

Խուսափեք ինքներդ ձեզ զոհի կարգավիճակ վերագրելուցՆերկայացնում ենք ազգությամբ հրեա ռուս բանաստեղծի, էսսեիստի՝ Իոսիֆ Բրոդսկու հայտնի ճառից մի հատված, որը վերջինս հնչեցրել է 1988թ-ի իր ելույթում՝ Միչիգանի համալսարանի ուսանողների առջև: Այն ժամանակ քննադատներն այն «անպատեհ», «քաղաքականապես ոչ կոռեկտ» համարեցին: Բայց Բրոդսկու խոսքերը, անկասկած, նախապաշարմունքներից, ժամանակից և տարածությունից դուրս են:

Կենտրոնացեք ձեր լեզվի հստակության վրա: Փորձեք ընդլայնել ձեր բառապաշարը և վերաբերվեք դրա հետ այնպես, ինչպես վերաբերվում եք ձեր բանկային քարտի հետ:

Նպատակն այն է, որ փորձենք ինքներս մեզ արտահայտել հնարավորինս լիարժեք և հստակ ձևով: Մի խոսքով, նպատակը ձեր հավասարակշռությունն է: Քանի որ չասված խոսքերը, անհրաժեշտ ձևով չարտահայտվածը կարող է հանգեցնել նևրոզի:

Դրանից խուսափելու համար պարտադիր չէ վերածվել գրքերից անբաժան մեկին: Պարզապես անհրաժեշտ է բառարան ձեռք բերել և կարդալ այն ամեն օր, իսկ երբեմն էլ՝ բանաստեղծությունների գիրք: Դրանք բավականին էժան են, և անգամ ամենաթանկը նրանց թվում ավելի էժան է, քան հոգեբույժի մոտ այցը:

Ջանացեք բարի լինել ձեր ծնողների նկատմամբ: Ջանացեք չընդդիմանալ նրանց, քանզի, ըստ հավանականության, նրանք ձեզանից շուտ են մահանալու, այնպես որ, լավ վարվելով՝ դուք կազատեք ձեզ առնվազն մեղավորության զգացումից, եթե ոչ՝ ողբերգությունից:

Եթե ձեզ անհրաժեշտ է ըմբոստանալ «Ես ձեզնից մի գրոշ անգամ չեմ վերցնի» և նման արտահայտություններով, ապա ըմբոստացեք նրանց դեմ, ովքեր այդքան խոցելի չեն, ինչպես ծնողները: Ծնողները չափազանց մոտ թիրախ են (նույն կերպ էլ՝ եղբայրները, քույրերը, կանայք կամ ամուսինները): Հեռավորությունն այնպիսին է, որ վրիպել հնարավոր չէ:

Ջանացեք չափից շատ չապավինել քաղաքական գործիչներին: Պատճառը ոչ այնքան նրանց խելացի կամ ազնիվ չլինելն է, այլ ավելի հաճախ նրանց ուսերին դրված աշխատանքի շատությունը, որն անգամ նրանցից լավագույնների համար չափազանց մեծ է: Նրանք կարող են նվազեցնել հասարակության մեջ առկա չարիքը, բայց ոչ՝ արմատախիլ անել այն:

Աշխարհը կատարյալ չէ: Ոսկե դար երբեք չի եղել և չի լինելու: Այս ամենի լույսի ներքո՝ դուք պետք է ապրեք ձեր ձեռքով պատրաստածով, այսինքն՝ աշխարհը ինքնուրույն կառավարեք: Բայց անգամ ձեր իսկ ձեռքերով պատրաստված տորթի դեպքում դուք պետք է պատրաստ լինեք հավասարապես վերապրելու թե՛ գոհություն, թե՛ հիասթափություն:

Ջանք արեք՝ համեստ լինելու: Մենք արդեն շատ ենք, շուտով ավելի շատ ենք լինելու: Արևի տակ, այսպես ասած, տեղ վաստակելը կատարվում է ուրիշների հաշվին՝ ուրիշների վրա մագլցելով: Այն, որ դուք կանգնում եք մեկի ոտքերի վրա, չի նշանակում, որ պետք է կանգնեք նրա ուսերին ևս: Այնպես որ, հարուստ և հայտնի լինելու ցանկությունը լավ է, բայց լիովին մի տրվեք դրան:

Միշտ հիշեք, որ ձեր կողքին կա ինչ-որ մեկը՝ մերձավորը: Ջանացեք շատ չանհանգստացնել և ցավ չպատճառել: Վատ ավարտի դեպքում՝ ջանացեք հիշել, թե այդ որ հեռուներից՝ աստղերից, տիեզերքի խորքերից, իսկ գուցե դրա հակառակ ծայրից էր եկել այդ պատվերը՝ չանել դա, այնպես, ինչպես և քո անձի պես մերձավորին սիրելու գաղափարը:

Ամեն կերպ խուսափեք ձեզ զոհի կարգավիճակ վերագրելուց: Որքան էլ զազրելի լինի ձեր դրությունը, ջանացեք չմեղադրել դրանում արտաքին ուժերին. պատմությանը, պետությանը, ղեկավարությանը, ռասաներին, ծնողներին, լուսնի փուլերին, մանկությանը. ճաշացանկը մեծ է և ձանձրալի:

Այն պահին, երբ դուք մեղավորությունը դնում եք մեկ այլ բանի վրա, դուք խախտում եք սեփական վճռականությունը՝ ինչ-որ բան փոխելու, և մեծացնում եք անպատասխանատվության անոթը, որն այնքան սիրում են լցնել դատարկախոսներն ու դևերը, քանի որ կաթվածահար վիճակում գտնվող կամքը ուրախություն չէ հրեշտակների համար:

Ընդհանրապես, փորձեք հարգել կյանքը ոչ միայն իր սքանչելիքների, այլև դժվարությունների համար: Դրանք կազմում եմ խաղի մի մասը, և լավն այն է, որ խաբեություն չեն: Ամեն անգամ, երբ դուք հուսահատության շեմին եք, երբ ձեզ մոտ անախորժություններ են կամ դժվարություններ, հիշեք. կյանքը խոսում է ձեզ հետ միայն իրեն քաջ հայտնի լեզվով:

Կարողացեք ներել: Աշխարհը, որտեղ դուք ոտք եք դրել, լավ հեղինակություն չունի: Սա մի հաճելի վայր չէ, ինչպես դուք շուտով կհայտնաբերեք, և ես կասկածում եմ, որ այն ավելի հաճելի կլինի այն ժամանակ, երբ դուք լքեք այն:

Սակայն սա միակ գոյություն ունեցող աշխարհն է, այլընտրանք չկա, իսկ եթե լիներ էլ, ապա ոչ մի երաշխիք չկա, որ այն ավելի լավը կլիներ, քան այս մեկը: Այս պատճառով՝ ջանք արեք ուշադրություն չդարձնել նրանց, ովքեր ձեր կյանքը ջանում են դժբախտ դարձնել:

Աղբյուրը՝ adme.ru