«Փրկության հրեշտակը». ներկայացում ՀԱԵ-ում

«Փրկության հրեշտակը». ներկայացում ՀԱԵ-ումՄայիսի 23-ին և 24-ին Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը (ԱՀԱԸ) եւ Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին (ՀԱԵ) կազմակերպել էր «Հայասա» թատերախմբի «Փրկության հրեշտակը» ներկայացումը՝ նվիրված ԱՀԱԸ 100-ամյակին, Սուրբ Հարության տոնին եւ Հայոց ցեղասպանության տարելիցին:

16 տարեկանից բարձր անձանց համար նախատեսված ներկայացման հիմքում վերապատվելի Հովհաննես Էսքիջյանի կյանքն ու սխրագործությունն է: Նա Հալեպի Հայ Ավետարանական «Էմմանուել» եկեղեցու հովիվն էր, ով դարձավ «փրկության հրեշտակ»՝ Եղեռնից մազապուրծ եղած բազմաթիվ հայ մանուկների համար:

Վեր. Էսքիջյանը, Գարլըքի եւ Հալեպի երկաթգծի կայարաններից, մեկ երեխայի դիմաց մեկ ոսկի վճարելով, գնում էր հայ որբուկներին եւ վերարկուի տակ թաքցրած` իր տուն էր տանում, ապա տարբեր թաքստոցներում ապաստան գտնում նրանց համար:

«Մենք պարտավոր ենք անել այն, ինչ կարող ենք` բոլոր հնարավոր ճանապարհներով փրկելու եւս մեկ հայի կյանք»,- ասում էր Էսքիջյանը:

«Փրկության հրեշտակը». ներկայացում ՀԱԵ-ումՆա դա անում էր կյանքի գնով, ամեն վայրկյան մահվան վտանգը զգալով: Մի կողմից թուրքական կառավարության սպառնալիքներն էին, մյուս կողմից` հայ որբուկներից տարատեսակ հիվանդություններով վարակվելու հավանականությունը: Վեր. էսքիջյանը, սակայն, չնահանջեց ու հարյուրավոր որբերի կյանք փրկեց:

Ներկայացումը լարվածության մեջ էր պահում հանդիսատեսին մինչև վերջին վայրկյանը՝ մտովի տեղափոխելով յուրաքանչյուրիս պատմության դառը իրականություն, ականատեսը դարձնելով մեկ դար առաջ կատարված վայրագություններին և զոհաբերող սիրո դրսևորումներին:

«Փրկության հրեշտակը». ներկայացում ՀԱԵ-ումՀատկանշական էր մանկատան տնօրենի խոսքերը թուրք փաշային. «Դուք կարող եք գողանալ հայերի ողջ ունեցվածքը, կարող եք բռնաբարել ու սպանել կանանց ու աղջիկներին, բայց կա մի բան, որ երբեք չեք կարող գողանալ հայից՝ նրա հավատքը»:

Ներկայացման վերջում, երբ հայտնվում են թուրք փաշայի ծառաները, որպեսզի Հովհաննես Էսքիջյանին ձերբակալեն և կախաղան բարձրացնեն իր ծավալած ընդհատակյա գործունեության համար, նրա կինն ասում է. «Դուք չեք կարող նրան ձերբակալել. Նա ազատ է: Երեկ գիշեր հրեշտակները նրան տարան իրենց մոտ… Բայց եթե ոչ, նա պատրաստ էր իր ազգի, ժողովրդի ու հավատքի համար անգամ կախաղան բարձրանալուն»:

Վերապատվելի Հովհաննես Էսքիջյանի երկրային կյանքն ավարտվում է 1916թ.-ին՝ մանուկներից վարակված տիֆի պատճառով:

«Փրկության հրեշտակը». ներկայացում ՀԱԵ-ումՆերկայացումից հետո CrossNews.am-ն առիթ ունեցավ ճեպազրույց ունենալ Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու ավագ հոգևոր հովիվ Վեր․ Մկրտիչ Մելքոնյանի հետ, ով ծնունդով Հալեպից է և, կարելի է ասել, վերը թվարկված դեպքերի ու մարդկանց անմիջական ժառանգորդը:

«Ես իմ մանկությունը հիշեցի, ապրեցի նորից: Մենք ապրում էինք հենց Հալեպի կայարանի մոտ, իմ մանկությունն այդ քարերի վրա է անցել և այս ամենն ինձ համար շատ հոգեհարազատ էր: Երբ Վեր․Հովհաննես Էսքիջյանը և մյուսները փրկեցին այս մանուկներին, հենց նրանք էլ դարձան մեր հայրերը: Մենք այդ փրկված երեխաների սերունդն ենք: Սա թատրոն չէր, այլ իրական կյանքն էր: Սա նաև պարտավորեցնող է. մենք ի՞նչ կարող ենք անել մեր սերունդների համար, մենք ի՞նչ ենք թողնելու նրանց»:

Այն հարցին, թե ինչ ուղերձ ուներ ներկայացումը, Վեր. Մկրտիչ Մելքոնյանը, չկարողանալով զսպել հուզմունքը, ասաց. «Նրա (Հովհաննես Էսքիջյանի-խմբ.) համար իր հավատքն ու ժողովուրդն այնքան կարևոր էին, որ հանուն նրանց տվեց իր կյանքը: Սա ուղերձ էր նաև մեզ, որ մենք ևս այդքան նվիրված լինենք Քրիստոսին, մեր ազգին ու մեր ժողովրդին»:

CrossNews.am

«Փրկության հրեշտակը». ներկայացում ՀԱԵ-ում «Փրկության հրեշտակը». ներկայացում ՀԱԵ-ում «Փրկության հրեշտակը». ներկայացում ՀԱԵ-ում «Փրկության հրեշտակը». ներկայացում ՀԱԵ-ում «Փրկության հրեշտակը». ներկայացում ՀԱԵ-ում «Փրկության հրեշտակը». ներկայացում ՀԱԵ-ում «Փրկության հրեշտակը». ներկայացում ՀԱԵ-ում