Ինչու են Աստծո զավակները սառչում Աստծուց. Դեյվիդ Ուիլքերսոն

Ինչու են Աստծո զավակները սառչում Աստծուց. Դեյվիդ Ուիլքերսոն«Որովհետև նա չի գա, եթե առաջ չգա ապստամբությունը, և հայտնվի անօրենության մարդը՝ կորստի որդին» (Բ Թեսաղոնիկեցիս 2.3):

Տիրոջ օրը չի գա, մինչև չգա մեծ ապստամբությունը՝ նահանջը, նրանց, ովքեր գիտեին Աստծուն:

Մեր եկեղեցում մենք ափսոսում ենք նրանց համար, ովքեր մի ժամանակ եղել են մեր հավաքույթներում, բայց այժմ էլ չեն գալիս: Այդ հավատացյալները աճում էին հոգեպես և Աստծո ընտանիքի կարևոր մասն էին կազմում: Մենք սիրում էինք նրանց, նրանք Տիրոջը շատ հավատարիմ էին երևում:

Բայց այժմ նրանք չկան, նրանք հեռացել են: Որոշները վերադարձել են իրենց նախկին մեղավոր սովորույթներին: Ոմանք էլ ընդհանրապես եկեղեցի չեն գնում: Մի ժամանակ նրանք չէին համբերում, թե երբ պիտի սկսվեր ծառայությունը: Նրանց սրտին դիպչում էին փառաբանությունը, քարոզը: Բայց հիմա նրանք սառն են, ասես երբեք էլ չեն ճանաչել ճշմարտությունը: Նրանք այլևս սուրբ չեն ու հավատարիմ չեն Տիրոջը:

Նրանք սատանայական հարձակմանը չդիմացան: Մեղքը մտավ, և նրանք հեռացան Աստծուց: Նրանք չպետք է հանձնվեին այնտեղ, որտեղ կարող էին ավելի հաստատվել Տիրոջ մեջ: Բայց նրանք բարձրացրեցին իրենց ձեռքերը և հանձնվեցին՝ ասելով. «Ես չեմ կարող անել դա: Ես հոգևորապես բավականին ուժեղ չեմ, որպեսզի շարունակեմ: Ես նորմալ քրիստոնյա չեմ, ինչ-որ սարսափելի սխալ բան է կատարվում ինձ հետ: Ես շատ թույլ եմ, շատ մարմնավոր, շատ լցված իմ հին էությամբ, որպեսզի որևէ բան կարողանամ փոխել»:

Դավիթը նայելով իր շուրջը ապստամբողներին ու նահանջողներին, նրանց, ովքեր ժամանակին սիրում էին Աստծուն, ովքեր համարվում էին սուրբ և հավատարիմ, հիմա ընկնում էին աջից ու ձախից, ապշած այդ տեսարանից գրում է. «Օգնիր, Տե՛ր, սուրբերը նահանջում են, հավատարիմներն անհետանում են: Նրանք ապստամբում են Քո դեմ ու ընկնում»:

Աստված միշտ ունեցել է և կունենա սուրբ մնացորդ, ով հավատարիմ է Իրեն: Բայց շատերը Իսրայելում ընկան, և դա կոտրում էր Դավթի սիրտը: Նա աղաղակում էր Տիրոջը. «Ի՞նչ է կատարվում: Ինչո՞ւ են այսքան զավակներ թողնում Աստծուն և նորից ընկնում մեղքերի մեջ»:

Կա 3 գլխավոր պատճառ, թե ինչու են այսօր քրիստոնյաները մեջքով դառնում Աստծուն.

  1. Քրիստոնյաները թուլանում են, որովհետև նրանք լավ տեղյակ չեն Տիրոջ մեծության և գթառատության մասին:

Արդյոք սատանան չի՞ շշնջում ձեր ականջին, թե դուք շատ հեշտ կարող եք նահանջել, թե դուք շատ ապստամբ եք և կապված եք ձեր մեղավոր սովորույթներին, որպեսզի լինեք այնպիսին, ինչպիսին Տերն է ցանկանում ձեզ տեսնել: Հիշեցրեք նրան Աստծո մեծագույն ողորմության մասին Իր զավակների հանդեպ հին ժամանակներում, ովքեր մեղանչել էին այնպես, ինչպես դուք հիմա: Հիշեցրեք նրան, որ Աստվածաշունչն ասում է, որ Աստված «ներող, ողորմած, գթած, երկայնամիտ և բազմողորմ Աստված էր և նրանց չձգեց» (Նեեմիա 9.17):

Երբ սատանան ձգտում է ներշնչել ձեզ, թե Աստծո համբերությունը ձեր հանդեպ ավարտվել է, հիշեցրեք նրան Աստծո մեծագույն համբերության մասին մեղավոր Իսրայելի հանդեպ. «Նրանց ազատեցիր շատ անգամ քո ողորմության համեմատ» (Նեեմիա 9.28):

«Եվ դու շատ տարիներ երկայնամիտ եղար նրանց վրա, և… դու քո առատ ողորմությամբը նրանց վերջ չարիր և նրանց չձգեցիր, որովհետև դու գթած և ողորմած Աստված ես» (Նեեմիա 9.30-31):

  1. Երկրորդ պատճառը, թե ինչու են քրիստոնյաները հեռանում Աստծուց, այն է, որ նրանք վճռել են իրենց անարժան համարել Տիրոջ ուրախության մեջ լինելու:

Աստվածաշունչն ասում է, որ Տիրոջ ուրախությունը մեր զորությունն է: Առանց այդ ուրախության մենք չենք կարող կանգուն մնալ: Մենք պետք է ուշադիր լինենք, քանզի մեղավորության ու դատապարտության զգացումը մեր մեղքերի համար լիովին քանդում է ուրախությունը Տիրոջ մեջ:

Աստվածաշունչն ասում է, որ Հիսուսը օծված էր ուրախության յուղով (Եբրայեցիս 1.9):

Երբ անառակ որդին վատնեց իր ողջ ժառանգությունը և վերադարձավ տուն տրտմության ու ամոթի մեջ, հույս էլ չուներ նորից որպես որդի ընդունվելու հոր կողմից: Սակայն հայրը հեշտությամբ ներեց նրան, ավելին՝ բոլորին հրավիրեց տոնելու իր որդու վերադարձը:

Աստված ունի միայն մեկ ճանապարհ, թե ինչպես վարվի ապաշխարած զավակի հետ, ով վերադարձել է. «Ընդունիր իմ սերը և ներումը: Եկեք բոլորս ուրախանանք, քանզի իմ զավակը վերադարձել է»:

  1. Երրորդ պատճառը, թե ինչու են շատերը ընկնում, այն է, որ նրանք խստասրտության կապանքների մեջ են հայտնվում, անկառավարելի բարկության մեջ:

Պատճառն այն է, որ շատերը բարկությանը թեթև են նայում, այն չեն համարում այնպիսի լուրջ մեղք, ինչպիսին թմրամոլությունն է, հարբեցողությունը, շնությունը:

Բայց Աստվածաշունչը շատ պարզ ասում է, որ բարկությունը այնքան վտանգավոր է, որ մենք նույնիսկ չպետք է քնենք՝ առանց դրա հարցերը լուծելու. «Բարկանաք՝ մի մեղանչեք. թող արեգակը ձեր բարկության վրա չմտնի: Եվ տեղի չտաք սատանային» (Եփեսացիս 4.26-27): Այս խոսքում Պողոսը կոնկրետ ցույց է տալիս, որ բարկությունը սատանայից է: Եվ եթե դուք չազատեք ձեր հոգին դրանից մինչև գնալ քնելը, ապա այդպիսով կբացեք ձեր սիրտը դժոխքի ուժերի համար:

Սիրելի՛ հավտացյալ, Աստված տեսնում է ձեր սիրտը: Եթե դուք թուլացել եք, պարզապես բերեք ձեր թուլությունը կամ մեղքը նրա գահի առաջ և ասեք. «Հիսո՛ւս, վերցրու սա: Ես ապավինում եմ Քո ողորմությանն ու ներմանը»:

Նա ցանկանում է բժշկել ձեզ, վերականգնել ձեզ ու վերադարձնել ուրախությունը Տիրոջ մեջ: Դավիթն ասում էր. «Դարձյալ տուր ինձ քո փրկության ուրախությունը և կամավոր հոգովը հաստատիր ինձ» (Սաղմոս 51.12)։