Ինչպես պահպանել ընտանիքը, երբ ամուսիններից մեկը հոգևոր չէ

Ինչպես պահպանել ընտանիքը, երբ ամուսիններից մեկը քրիստոնյա չէՄի տղամարդ՝ ամուսին և հայր, գրում է ինձ և հարցնում. «Հովիվ Ջոն, ես քրիստոնյա եմ: Իսկ իմ կինը՝ ոչ: Երբ մենք հանդիպեցինք և ամուսնացանք 9 տարի առաջ, լինելով բժշկական քոլեջի ուսանող՝ ես համոզված աթեիստ էի, իսկ նա բուդդիզմով էր հետաքրքված:

Բայց հինգ տարի առաջ Աստված լուսավորեց իմ սրտի աչքերը, ես կարողացա տեսնել, զգալ և ճանաչել Ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի մասին: Աստված ինձ թույլ տվեց իջնելու մինչև ամենախորը անդունդը, և այդ անդունդից Նրա շնորհով ես բարձրացա՝ Աստծուն ողջ փառքը տալով:

Այնուամենայնիվ, վերջին մի քանի տարիները բարդ տարիներ եղան մեր ամուսնության համար: Չնայած որ մենք դաստիարակում ենք երկու որդիների, ես ու կինս հոգևորապես հեռու ենք իրարից: Ես ապարդյուն փորձում եմ բացատրել նրան, թե ինչու եմ հավատում Հիսուս Քրիստոսին, ինչու եմ Աստվածաշունչ կարդում և աղոթում: Կիրակնօրյա իմ այցելությունները եկեղեցի հաճախ ընկալվում են որպես մի բան, ինչը իմ ուշադրությունը շեղում է ընտանիքիցս:

Ես շատ եմ սիրում կնոջս և մեր ընտանիքը: Բայց երբեմն ինձ թվում է, թե մենք ապրում ենք հոգևոր բաժանության մեջ, որն արդեն կատարված փաստ է: Ես մտադրություն չունեմ իրավական բաժանության հասնելու, ես ցանկանում եմ ապրել և հուսալ, որ կգա մի օր, երբ մենք ողջ ընտանիքով կփառավորենք Քրիստոսին և հավատքի մեջ կմեծացնենք մեր զավակներին: Բայց ինչպե՞ս շարունակեմ սիրել, կարեկից լինել և ապրել քրիստոսակենտրոն կյանքով՝ անտեսելով այն խորը հոգևոր բաժանումը, որն առկա է մեր ամուսնության մեջ»:

Սա իսկապես հուզիչ վկայություն է: Սա պատմություն է հիասքանչ, գործուն և հզոր շնորհի մասին, որի համար ես գոհանում եմ Աստծուց: Այս տողերի հեղինակը խորհուրդ է փնտրում՝ ինչպես պահպանի սերը իր կնոջ հանդեպ: Շնորհակալ եմ Աստծուն, որ մեր զրուցակիցը ընտանիքում առկա ներքին մասնատվածությունը բավարար հիմք չի համարել բաժանության համար: Աստծուն հաճո է նման որոշումը:

Վերադառնանք այս հարցին՝ «Ինչպե՞ս շարունակեմ սիրել, կարեկից լինել և ապրել քրիստոսակենտրոն կյանքով՝ անտեսելով այն խորը հոգևոր բաժանումը, որն առկա է մեր ամուսնության մեջ»: Ուզում եմ այս հարցին պատասխանել մի քանի մեջբերումներով Աստծո Խոսքից:

  • «Տերը ուղղի ձեր սրտերը դեպի Աստծո սերը և դեպի Քրիստոսի համբերությունը» (Բ Թեսաղոնիկեցիս 3.5):

Սա այն է, ինչի կարիքը դուք ունեք. որ ամենակարող Աստված կատարի Իր ուղղիչ աշխատանքը ձեր սրտում: Աստծո սերը և Քրիստոսի համբերությունը կարևոր նախապայմանն են ամուսնության մեջ հարատևության պահպանման համար: Առանց այս հիմնային պայմանի՝ Աստծո գերակա ուղղիչ աշխատանքի ձեր սրտում, ոչինչ չի ստացվի. «Տե՛ր, ուղղիր իմ սիրտը՝ տեսնելու Քո Խոսքի մեջ այն, ինչի կարիքն ունեմ: Թող քո Խոսքը ամրապնդի ինձ իմ ամենօրյա կյանքում»: Սա ոգեշնչում է ամեն մեկիս համար, որն իր մեջ ներառում է Աստվածաշնչի ողջ էությունը՝ օգնել մեզ ապրել համբերության և հույսի մեջ:

  • «Նրա համար ինչ որ գրվեցավ՝ մեր սովորելու համար գրվեցավ, որ համբերությամբ և գրքերի մխիթարությամբը հույսն ունենանք։Եվ համբերության և մխիթարության Աստվածը տա ձեզ միևնույն բանը խորհել իրար հետ Քրիստոս Հիսուսի կամքի համեմատ։ Որ միաբան մեկ բերանով փառավորեք Աստծուն, և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հորը» (Հռոմեացիս 15.4-6):

Սա աստվածաշնչյան հատված է, որը բազում առումներով կիրառելի է ընտանիքի դեպքում: Այստեղ խոսվում է հույսի մասին, որը հիմնվում է համբերության և մխիթարության վրա, որը մենք ստանում ենք՝ Սուրբ Գրքի մեջ խորասուզվելով: Եվ միջոցը, որով հասնում ենք այդ նպատակին, կայանում է նրանում, որ մենք անձնապես ծանոթանում ենք համբերատար և մխիթարող Աստծո հետ: Մենք ցանկանում ենք, որ մեր երեխաները և մեր անհավատ կինը/ամուսինը տեսնեն, որ Հիսուսը լրացնում է մեր ամեն կարիքները, և որ մենք ոչ թե պարզապես գոյություն ենք պահպանում, այլ խորը և մեծ ուրախություն ենք վերապրում կյանքում:

  • Եվ նայենք Կողոսացիներին ուղղված թղթի 1.9 և 11-ը. «Նրա համար մենք էլ այն օրիցը հետո որ լսեցինք, չենք դադարում ձեզ համար աղոթք անելուց և խնդրվածք մատուցանելուց, որլցվեք նրա կամքի գիտությունովը, ամեն իմաստությունով և հոգևոր հանճարով: Ամեն զորությունով զորացած իր փառքի զորության համեմատ, ամեն համբերության և երկայնմտության մեջ ուրախությունով»:

Թող Աստված զորացնի ձեզ՝ իր փառքի զորության համեմատ: Ոչ ոք, բացի Աստծուց, չի կարող անել դա մի ընտանիքում, որտեղ խնդիրներ կան:

Ամուսնությունը կարելի է համեմատել մարաթոնի հետ: Մարաթոնյան տարածությունները ներառում են բլուրներ և ունեն ավելի շատ արգելքներ: Ահա թե ինչպես է Հիսուսը հաղթահարում իր վազքուղին և կանչում մեզ՝ հաղթահարելու մերը, ինչը կարող է վերաբերվել թե՛ մեր ամուսնությանը, թե՛ այլ մարաթոնների մեր կյանքում, որը մենք պետք է անցնենք:

  • «Ուստի մենք էլ, որ վկաների այսքան բազմություն ունենք մեզ շրջապատած, դեն գցենքամեն ծանրություն և մեզ դյուրավ պաշարող մեղքը. և համբերությամբ վազենք մեր առաջին դրած ասպարեզի ընթացքը» (Եբրայեցիս 12.1):

Այնպես որ, համբերությամբ առաջ նայելով ձեզ սպասվող ուրախությանը՝ մի ամաչեք վերապրելու այդ ուրախության փոքրիկ մասնիկները արդեն այսօր, ինչը կօգնի լիարժեք հաղթահարելու ձեր ամուսնության մարաթոնյան վազքը:

Տառապանքներն ու խնդիրները պետք է մեր մեջ աճեցնեն համբերություն ու հարատևություն:

Ջոն Փայփեր