Ինչի՞ համար է սա ինձ հետ կատարվում, ի՞նչ վատ բան եմ ես արել…

Ինչի՞ համար է սա ինձ հետ կատարվում, ի՞նչ վատ բան եմ ես արել…Երբեմն լսում ես, թե ինչպես են Աստծո զավակները, հատկապես նրանք, ում կյանքում, կարծես թե՝ ոչ մի դրամատիկ բան չի կատարվել, ասում են. «Ինչի՞ համար է սա ինձ հետ կատարվում, ինչ վատ բան եմ ես արել…»:

Եթե դու էլ այժմ անցնում ես այնպիսի խնդիրների միջով, որ քեզ թվում է, թե քո ուժերից վեր է դրանք հաղթահարելը, ապա ուզում եմ ոգեշնչել քեզ՝ ասելով, որ Աստծուն սիրողների համար ամեն բան բարիին գործակից է լինում: Դա պատիժ չէ, այլ հատուկ վստահություն, որ հատկապես դու կարող ես տանել դա՝ ամեն բան հանձնելով Նրա թանկարժեք ձեռքերի մեջ:

Նա ընտրել է քեզ հատուկ նպատակի համար և որպեսզի իրականացնի Իր ծրագիրը՝ Նա կանցկացնի քեզ կրակի միջով, որովհետև միայն այդ ժամանակ դու կմահանաս քեզ համար, և բոլոր հույսերը կմարեն. միայն Նա կլինի քո հույսի աղբյուրը, միայն Նա կապրի քո մեջ՝ քո փոխարեն:

Մի ժամանակ լինելով դեռևս երիտասարդ աղջնակ, որոնելով Աստծուն իմ անփորձ սրտի մեջ՝ նկատեցի, որ ոմանց կյանքի հաղթանակները տրվում են շատ ավելի հեշտ, քան ինձ: Դա սկսեց ինձ մեծ տրտմություն պատճառել, ու ես սկսեցի անկեղծորեն նախանձել նրանց, ովքեր գրեթե առանց պայքարի ունենում էին հաղթանակներ: Այդ ժամանակ ձեռքիս տակ մի շատ օրհնյալ գիրք կար, որի վերնագիրը հիմա չեմ հիշում, բայց Տերը դրա միջոցով շատ ուժեղ խոսում էր ինձ հետ, որովհետև, ինչպես ասացի, իմ սրտում ես որոնում էի Նրան:

Ես ուղղակի հիանում էի այն աշխատանքով, որ Աստված արել էր խաբեբա Հակոբի ներսում: Նա այդ նույն Հակոբից ստացավ Իսրայելին՝ օրհնություն ողջ իսրայելի ժողովրդի համար: Ես հասկացա, որ ինձ համար էլ հույս կա: Ես գտա իմ մեջ Հակոբին և խնդրեցի Աստծուն, որ Նա իմ նման անպետքից էլ պատրաստի օրհնություն ուրիշների համար: Հասկացա, որ իմ ծանր բնավորությունը պատիժ չէ կամ Արարչի սխալը, այլ հենց դա կպահի ինձ և պահում է ինձ իմ թանկագին Հիսուսի կողքին: Ես հասկացա իմ ուժեղ կախվածությունը միայն ու միայն Նրանից:

Եվ Տերը հրաշալիորեն պատասխանեց իմ աղոթքներին՝ անասելի ողորմություն դրսևորելով իմ հակոբյան բնությանը: Այո՛, պատասխանը չեկավ այնպես, ինչպես ես էի սպասում, բայց այսօր ես ամբողջ սրտով շնորհակալ եմ Նրան այդ ճանապարհի համար և այն բանի համար, որ Նա այդքան լավ գիտի, թե ինչի կարիք ունենք ես և դու:

Այո՛, Աստված սկսեց Իր աշխատանքը իմ մեջ, Նա չխորհրդակցեց իմ մարմնավոր էության հետ, որովհետև մարմինը ցանկանում է հոգուն հակառակը: Նա լավ գիտի, թե մեզնից յուրաքանչյուրին ինչի միջով անցկացնի: Նա պատասխանում էր մի փոքրիկ ու ոչինչ չարժեցող անձի աղոթքներին, ինչի համար փառք միայն ու միայն Նրան:

Տերը ինձ համար լիովին անսպասելիորեն վերցրեց ինձ իմ ընտանիքից, տարավ ինձ համար լիովին օտար մի երկիր, և այդ ճանապարհը, որն այն ժամանակ ես անցնում էի ահավոր դժվարությամբ, դարձավ իրականում աստվածային մեծագույն օրհնությունների ճանապարհ ինձ համար:

Այդ ճանապարհին ես ծանոթացա թանկագին ու սիրելի Հիսուսի հետ բոլորովին նոր կերպ, ինչպես Նրան չէի ճանաչել մինչ այդ՝ ապրելով ու մեծանալով քրիստոնեական լավ ընտանիքում: Նա հայտնեց ինձ Իրեն ու ցույց տվեց Իր զորությունը այնպես, ինչպես ես երբեք չէի տեսնի՝ մնալով ու ապրելով երջանիկ ընտանեկան կյանքում՝ ծնողներիս հովանավորության ու հոգածության ներքո:

Նա ցույց տվեց ինձ, որ անգամ ամենամտերիմ ծնողները, հարազատները, ընկերները, եկեղեցին, որտեղ բոորը մեզ սիրում ու հարգում են, կարող են լինել մեզ համար մեծագույն խոչընդոտ Քրիստոսի ճանաչման ճանապարհին: Երբ նա ինձ առանձնացրեց ընտանեկան հոգածությունից, այն եկեղեցուց, որտեղ ես ունեի ընկերներ, իմ անչափ սիրելի քույր Սվետլանայից, տարավ այնպիսի մի վայր, որտեղ ես լեզուն չհասկանալու պատճառով մարդկանց հետ հաղորդակցման խնդիր անգամ ունեի, այդ ամենը արվում էր, որ ես հանկարծ պատահաբար չվազեի օգնություն խնդրելու մարդկանցից որևէ խնդրի համար:

Ես մնացել էի լիովին մենակ ֆիզիկապես՝ հաճախ խնդրելով ու աղաչելով Աստծուն, որ Նա վերցներ ինձ այս աշխարհից: Դա այնպիսի ընթացք էր, երբ թվում էր, թե Նա մոռացել էր իմ մասին ու լռում էր, իսկ իմ ամենամտերիմ մարդը վիրավորում էր ինձ ու զրպարտում: Սակայն հենց այդ ժամանակ Աստված իմ ներսում իրականում մեծ հեղաշրջում էր անում: Նա սովորեցնում էր ինձ ցավի ու կորստի միջով ճանաչել Իրեն և սովորել հենվել միայն Իր վրա:

Այդ ճանապարհին ես գնում էի Աստծո մոտ ոչ միայն որպես Մխիթարչի ու Ազատիչի, այլ գտել էի Նրանում ամենասիրելի ու մտերիմ Ընկերոջ, Ամուսնու, Հոր… Հետո, երբ ես հիվանդացա թոքախտով, Նա նորից մարդկանց աչքերից աննկատ ձևով սովորեցրեց ինձ նոր մի բան: Նա ցույց տվեց ինձ այս աշխարհի մարդկանց, ովքեր բաժանությունների ու ծանր հիվանդությունների մեջ մահանում են առանց մխիթարության՝ ընդունելով հավիտենական դատապարտությունը:

Ես հասկացա, որ Աստված թույլ տվեց իմ կյանքում այդ բոլոր ցավերը Իր մեծագույն սիրո ու ողորմության համար իմ հանդեպ, որպեսզի ես սովորեմ ճանաչել Իրեն և իմ նախասահմանությունը այս կյանքում. ինչի՞ համար եմ ես ապրում, ինչի՞ համար է Նա փրկել ինձ, թեկուզ այնքան շատ մարդիկ՝ ավելի լավ բնավորությամբ, քան ես, գնում են դեպի կործանում: Նա այդ ամենը թույլ տվեց նաև Իր մեծագույն սիրո ու ողորմության համար այդ կործանվող մեղավորների համար:

Ես հասկացա, թե ինչ բան է ուժ ստանալը այս աշխարհի մարդկանց ավետարանելուց: Մի անգամ ես ավտոդպրոցից վերադառնում էի, ահավոր շատ սոված էի, արդեն երազում էի, որ հնարավորինս արագ տուն հասնեի ու մի բան ուտեի: Բայց անսպասելիորեն իմ աչքերը նկատեցին մի հարբեցողի, ով նստել էր դրսում՝ այգու նստարանին, ու ես ուժգին ցանկություն զգացի ներսումս այդ մեղքից տառապած ու խեղճ մարդուն վկայելու Աստծո սիրո մասին: Ինչպես շատ մարդիկ, ես էլ վախենում եմ հարբած մարդկանցից, ես նրանց չեմ վստահում, քանի որ անկանխատեսելի են նրանք: Ես վախենում էի, միաժամանակ՝ ահավոր սոված էի, բայց Սուրբ Հոգին ավելի ու ավելի ուժգին էր դրդում ինձ կանգնելու ու բարի լուրը հասցնելու այդ մարդուն:

Այդ պահին նա այնքան էլ շատ չէր խմած, բայց նա մեր քաղաքի հայտնի հարբեցողներից էր: Ես այլևս չէի կարող հակառակվել Սուրբ Հոգուն. մոտեցա ու ասացի նրան այն ամենը, ինչ ինքս էի գտել Հիսուսի մեջ: Այդ հարբեցող մարդու աչքերում արցունքներ հայտնվեցին, ես զգում էի, թե ինչպիսի ճշմարտությամբ էր Սուրբ Հոգին առաջնորդում ինձ խոսքերիս մեջ: Դրանից հետո գնացի տուն անչափ ուրախ, որ չեմ հակառակվել Սուրբ Հոգուն և որ շուտով վերջապես մի լավ կճաշեմ: Բայց Սուրբ Հոգին նորից ինձ դրդեց մինչ հաց ուտելը կանգնել ու ևս մեկ անգամ աղաչել Աստծուն այն խեղճ հարբեցողի համար:

Եվ դուք չեք կարող պատկերացնել, թե ինչ հրաշք ու աստվածային շնորհ ես վերապրեցի այդ աղոթքի ժամանակ. ես ուղղակի կորցրեցի ֆիզիկական քաղցը, ես կշտացա ուղղակի Նրա շնորհով: Զարմանքով հիշեցի այն խոսքը, որ Հիսուսն ասաց, թե Իր կերակուրը Աստծո կամքը կատարելն է:

Դա հիասքանչ անկրկնելի մի վերապրում էր իմ կյանքում, ինչի համար նորից ու նորից փառք եմ տալիս Նրա սուրբ ու թանկ անվանը: Ես ավելի խորը հասկացա իմ կոչումը այս երկրի վրա և այն մեծագույն սերը, որ Աստված ունի այս աշխարհի կործանվող մարդկանց հանդեպ:

Եվ մեկ անգամ ես նույնիսկ քայլում ու մտածում էի, թե արդեն ունեմ մի մեծ պահուստ երկար տարիների համար. կե՛ր, հոգի՛, երգիր ու ուրախացիր Քրիստոսի հետ: Բայց հանկարծ սարսափով հայտնաբերեցի, որ սկիզբը չէ պսակադրում, այլ ավարտը: Հասկացա, որ մեղավոր մարմնավորը, որ իմ ներսում ննջեցված էր Աստծո շնորհով, սկսել էր արթնանալ իմ անհոգության մեջ: Եվ նորից սկսեցի գոհանալ Աստծուց, որ Նա սովորեցրել էր ինձ դեռ մանկուց, որ իմ ծանր բնավորությունը ոչ թե պատիժ էր կամ Արարչի սխալը, այլ հենց դա էր ինձ պահում հնարավորինս մոտ Քրիստոսին, և եթե ես չեմ որոնում Նրան աղոթքի ու ծոմի մեջ, մեղավոր Ադամը, իր բոլոր կրքերով ու պղծությամբ, նորից դուրս է գալիս ջրի երես:

Տերը թույլ տվեց իմ անհոգ թուլության մեջ, որ ես հայտնվեմ անդունդի եզրին, որ դեպի հավերժական կործանում էր տանում, բայց Նա Իր ողորմությամբ թույլ չտվեց ինձ ընկնել վերջնականապես՝ լսելով օգնություն կանչող իմ աղաղակը, այլ բարձրացրեց ինձ այդ ծայրահեղ վտանգավոր կետից: Այդ ժամանակ ես հասկացա, որ ոչ թե ճյուղերն են պահում ծառի բունը, այլ բունն է պահում ճյուղերին:

Նա ցույց տվեց իմ հպարտությունը, երբ ես զարմանքով նայում էի այն քրիստոնյաներին, որոնք ընկնում էին: Տերը ցույց տվեց, որ միայն Իր ողորմությամբ ու սիրով է, որ այսօր ես դեռ կանգուն եմ Նրա երեսի առջև, և Նա չի ամաչում ինձ Իր դուստրը կանչել:

Այժմ ես հասկանում եմ, որ նույնիսկ ամենաուժեղ թվացող քրիստոնյան չի կարող կանգուն մնալ՝ առանց Երկնքից եկող զորության ու շնորհի:

«Փառքի աթոռ, բարձր սկզբից, մեր սրբարանի տեղը» (Երեմիա 17.12):

Աստված տվել է մեզ նպատակներ ոչ թե հարմարավետության ու բարեկեցության, այլ մեր բնավորության կառուցման համար:

«Արտասուքով ցանողները ցնծությունով կհնձեն։ Այն, որ գնում է և լաց լինում՝ ցանելու սերմը տանելով, գալով կգա ցնծությունով՝ իր ցորենի խուրձերը բերելով» (Սաղմոս 126.5-6):

Իրինա Սյալլինեն (Կոզիցկայա)