Աղոթքը. Չարլզ Սպերջեն

Աղոթքը. Չարլզ ՍպերջենԱղոթքը հուսալի թաքստոց է յուրաքանչյուր քրիստոնյայի համար ցանկացած իրավիճակում, անկախ նրանից, թե իրադարձությունները ինչ ուղղություն են վերցրել: Երբ դուք չեք կարողանում օգտագործել ձեր սուրը, զինվեք ջերմեռանդ աղոթքով:

Հրաձիգի վառոդը կարող է խոնավանալ, մարզիկի ուժեղ ջիլերը կարող են թուլանալ, բայց աղոթքը՝ որպես զենք, միշտ գտնվում է լավ վիճակում ու երբեք հուսախաբ չի անի:

Լևիաթանը ծիծաղում է՝ նիզակները տեսնելով, բայց դողում է՝ լսելով աղոթքի ձայնը: Սուրն ու նիզակը կարող են ժամանակի հետ բթանալ և կարիք ունեն պարբերաբար սրվելու, բայց աղոթքի զենքը երբեք չի ժանգոտում և ամենալավ ձևով պարտության է մատնում թշնամուն նույնիսկ այն ժամանակ, երբ մենք այն անօգուտ ենք համարում:

Աղոթքը բաց դուռ է, որը ոչ ոք չի կարող փակել: Դևերը շրջապատում են ձեզ ամեն կողմից, բայց դեպի երկինք ճանապարհը միշտ բաց է, և քանի դեռ այն բաց է, դուք չեք ընկնի չարի ձեռքերի մեջ:

Մենք չենք վախենում ճնշումներից, հարձակումներից, բռնություններից, քանի դեռ երկնային օգնականները կարող են իջնել երկնքից Հակոբի սանդուղքով և՛ կեսգիշերվա լռության մեջ, և՛ օրվա խառնաշփոթի, և՛ կեսօրվա տապի, և՛ երեկոյան խավարի մեջ:

Հարստության ու աղքատության մեջ, առողջության ու հիվանդության մեջ, խաղաղության ու տագնապի մեջ, կասկածների ու անկոտրում հավատքի մեջ ձեր ուխտի Աստվածը կլսի ձեր աղոթքը և կպատասխանի դրան Իր սուրբ գահից:

Աղոթքը երբեք իզուր չի լինում: Իսկական աղոթքը միշտ էլ ունի իսկական ուժ: Դուք միշտ չէ, որ Աստծուց ստանում եք այն, ինչ խնդրում եք, բայց Նա միշտ տալիս է ձեզ այն, ինչ ձեզ իսկապես պետք է:

Երբ Աստված չի տալիս Իր երեխաներին խոսքով, ապա տալիս է նրանց հոգով:

Եթե դուք խնդրում եք հացի մի հին կտոր, արդյոք կտրտնջա՞ք՝ ստանալով մի մեծ թարմ հաց: Եթե դուք փափագում եք մարմնի բժշկություն, արդյոք կբողոքե՞ք, եթե Նա ձեր ֆիզիկական տկարության միջոցով բժշկի ձեր հոգևոր տկարությունը: Արդյոք ավելի լավ չէ՞ ստանալ օրհնություն՝ խաչդ կրելով, քան ազատվել դրանից:

Այս երեկո, ի՛մ ընկեր, մի դադարիր աղոթել ու խնդրել, քանզի Տերը պատրաստ է կատարել քո սրտի ցանկությունը: