Ով Քրիստոսի վարդապետության մեջ չի մնում, Աստված չունի՞

Ով Քրիստոսի վարդապետության մեջ չի մնում, Աստված չունի՞«Ամեն ով որ հանցանք է գործում, և չի կենում Քրիստոսի վարդապետության մէջ, Աստված չունի. Ով որ կենում է Քրիստոսի վարդապետութեան մեջ, նա ունի Որդուն էլ, Հորն էլ» (Բ Հովհաննես 1.9)։

Աստվածաշնչի պնդումները քննարկման ենթակա չեն հավատացյալ քրիստոնյաների համար: Մենք կարող ենք դրանցից նեղվել, հանդիմանվել, խրատվել, փորձել հասկանալ, սակայն իրավունք չունենք կասկածի տակ դնելու դրանց բացարձակ ճշմարտացիությունը:

Քրիստոնեության հիմքը Աստվածաշունչն է և դրանում շարադրված ճշմարտությունները: Եվ ահա, Աստծո Խոսքի մի կենարար պնդում՝ ով հանցանք է գործում և չի մնում Քրիստոսի վարդապետության մեջ, Աստված չունի, իսկ ով մնում է Քրիստոսի վարդապետության մեջ ունի Որդո՛ւն էլ, Հո՛րն էլ:

Աստվածաշունչը պնդում է և հստակ հռչակում, որ մյուս բոլոր կրոնների հետևորդները և իրենց քրիստոնյա կոչող մարդիկ, ովքեր չեն մնում Քրիստոսի վարդապետության մեջ, Աստված չունեն: Ծայրահե՞ղ է: Այո՛, և նաև՝ արմատական:

Կյանք տվող խոսքերը արմատական են լինում: Սա հավիտենական խավարի ու տանջանքներից ազատագրող ծայրահեղ և արմատական ճշմարտություն է: Այս կենարար ճշմարտությունը մերժողներին հավիտենական խավարն է սպասում, իսկ ընդունողներին՝ հավիտենական կյանք այս խոսքերի Հեղինակ Ամենակարող Տեր Աստծո հետ:

Սակայն, որպեսզի մենք սթափվենք ու չհավատանք ստությունների, Աստված Իր հոգատար ու զոհաբեր սիրո շնորհիվ այսօ՛ր է զգուշացնում բոլորիս՝ հավատացյալներիս ու անհավատնիերին, աթեիստներին ու այլ կրոնների հետևորդներին, մեծերին ու փոքրերին, հարուստներին ու աղքատներին, բոլոր մարդկանց ու բոլոր ազգերին, որ եթե չմնանք Քրիստոսի վարդապետության մեջ, եթե մեղքի ու հանցանքի կյանքը սիրենք ու չապրենք Քրիստոսի սկզբունքների համեմատ, ուրեմն Աստված չունենք, իսկ եթե մնանք Քրիստոսի վարդապետության մեջ, ապա ունենք Որդո՛ւն էլ, Հո՛րն էլ:

Տեր Հիսուսի անունով Քրիստոսի վարդապետությունն ընդունելու քաջություն և Նրա կամքի համեմատ կյանք ապրելու հնազանդություն եմ հռչակում այս գրառումը ընթերցողների կյանքում: Եղեք օրհնված:

Արման Մանուկյան