Երջանիկ կնոջ օրագրից. հնարավո՞ր է արդյոք ընկերություն ծնողների ու երեխաների միջև

Երջանիկ կնոջ օրագրից. հնարավո՞ր է արդյոք ընկերություն ծնողների ու երեխաների միջևԺամանակակից ծնողներից հաճախ կարելի է լսել, թե նրանք իրենց երեխաների հետ ընկերներ են, կամ էլ ձգտում են դառնալ նրանց ընկերը: Բայց գոյություն ունի՞ արդյոք ընկերություն ծնողների ու երեխաների միջև, առո՞ղջ հարաբերություն է դա, և ինչպե՞ս է դրան նայում Աստված:

«Ընկերությունը՝ հավասարություն է». ասել է Պյութագորասը: Այս խոսքում թաքնված է գլխավոր պահանջը ընկերության՝ հավասարությունը, ինչը, իրականում, հնարավոր չէ ծնողի ու երեխայի միջև:

«Ահա որդիքը Տիրոջ ժառանգությունն են. և որովայնի պտուղը՝ նրա վարձքը։ Ինչպես որ նետերը զորեղ մարդու ձեռքում, այնպես են երիտասարդ որդիքը» (Սաղմոս 127.3-4):

Ո՞վ են մեզ համար մեր երեխաները՝ ժառանգություն: Այլ խոսքերով՝ Աստծո մեզ վրա ունեցող աշխատանքի արդյունքը՝ մեր բնավորության, մեր սրտի վրա… մեր երեխաներն են, որոնց մենք ստանում ենք Նրանից՝ որպես պարգև:

Չի կարող պտուղը հավասար լինել նրան, ով իրեն ծնել է. չի կարող խնձորը հավասար լինել խնձորենուն: Այո, այն ունի ներուժ՝ դառնալու խնձորենի, բայց նրան հավասար չէ:

Ինչի՞ կարիք ունեն իրականում մեր երեխաները.

Պարծանք. «Ծերերի պսակը որդկանց որդիքն են, և որդկանց պարծանքը՝ իրենց հայրերը» (Առակաց 17.6):

Մեր երեխաներին պետք են ոչ թե մեր ձեռքբերումները, կոչումները, պարգևները, նրանց պետք ենք մենք… ավելի ճիշտ՝ ինչպիսին մենք դառել ենք անցած ճանապարհի և վաստակած պարգևների արդյունքում: Մենք՝ զարգացած, կայացած անհատներս, ունակ ենք արժանի օրինակ լինել մեր երեխաների համար:

«Մի փորձեք դաստիարակել ձեր երեխաներին, նրանք, միևնույնն է, ձեզ նման են լինելու»:

Եվ առաջին խնդիրը ծնողի այն է, որ նա ինքն իրեն դաստիարակի, աշխատանք տանի իր բնավորության վրա, ձևավորի իր մեջ դրական սովորույթներ:

Դուք չեք կարող սովորեցնել երեխային այն, ինչին ինքներդ չեք տիրապետում:

Պատիվ. «Պատվիր քո հորը և մորը. սա է առաջին պատվիրանքը խոստմունքով» (Եփեսացիս 6.2):

Պատվելը խորը հարգանքն է նրա հանդեպ, ում մենք համարում ենք ավելի լավը, ավելի մեծ, քան ինքներս ենք: Դա ասում է նրա մասին, որ մեր երեխաները կարիք ունեն մեկի, ով կլինի ավելի մեծ, քան իրենք, ավելի խելացի, ուժեղ, քան իրենք, ով կկարողանա պաշտպանել իրենց, ով կդառնա հեղինակություն իրենց համար:

Այսօրվա հայրերն ու մայրերը հոգ են տանում իրենց երեխաների մասին գրեթե այնպես, ինչպես սիրահարները իրենց խանդավառության օբյեկտին՝ այդպիսով վնաս պատճառելով նրանց: Երեխան իրեն կզգա ավելի պաշտպանված ու վստահ, եթե ունենա ավելի հասուն, գիտակից ծնող, այլ ոչ թե իրեն հավասար ընկեր:

Հնազանդություն. «Որդիք, հնազանդ եղեք ձեր ծնողներին Տերով. որ այն է արժանը» (Եփեսացիս 6.1):

Եթե հնազանդությունն է արժանի, որ երեխաները կատարեն, ապա ընտանիքում կարգ ու կանոն դնելն էլ արժանի է, որ ծնողները կատարեն:

Իսկ եթե հարաբերություններում մեկը կանոններ է դնում, իսկ մյուսը՝ ենթարկվում այդ կանոններին, ապա այդ հարաբերությունները չի կարելի հավասար համարել:

Խրատ. «Որդիք, լսեցեք հոր խրատը. և ականջ դրեք, որ իմաստությունն իմանաք» (Առակաց 4.1):

Առաջին հերթին մեր կյանքում մենք սովորում ենք սիրել: Սերը, որ մանկությունից է մարդը զգում, մեծագույն հիմնային ազդեցություն է ունենում այն բանի վրա, թե ինչպես է նա ինքն իրեն ընդունում, կառուցում հարաբերություններ աշխարհի հետ, շրջապատի մարդկանց հետ և ինքն իր հետ: Ծնողների հետ հարաբերությունը արդյունքում ձևավորում է երեխայի անհատականությունը:

Եվս մի կարևոր ուղղություն պետք է լինի դաստիարակության մեջ այն արժեքների փոխանցումը, որոնցով ապրում են ծնողները:

Մի զայրացրեք. «Մարդիկ, սիրեցեք ձեր կանանցը և դառը մի եղեք նրանց դեմ։ Որդիք, հնազանդ եղեք ձեր ծնողներին ամեն բանի մեջ. վասնզի այդ հաճո է Տիրոջը։ Հայրեր, մի զայրացրեք ձեր որդկանցը, որ չվհատվեն» (Կողոսացիս 3.19-21):

Չզայրացնել՝ նշանակում է անտեղի խստություն չդրսևորել, առավել ևս դաժան չլինել երեխայի հանդեպ՝ դիմելով ֆիզիկական պատիժների:

Թանկագի՛ն ծնողներ, եկեք կառուցենք վստահելի, ընկերական հարաբերություններ մեր երեխաների հետ, բայց դրանով հանդերձ՝ մնալով հասուն, հեղինակավոր մարդիկ նրանց կյանքերում, ում նրանք կարող են դիմել խորհրդով և ստանալ օգնություն ու աջակցություն ցանկացած ժամանակ:

Եվ հիշեք՝ ընկերներ նրանց կյանքում շատ կլինեն, բայց ծնողներն ընդամենը մեկն են:

Օլգա Մահմուդովա