Փարիսեցու 6 հատկանիշ, որ հեռացնում է աստվածային շնորհից

Փարիսեցու 6 հատկանիշ, որ հեռացնում է աստվածային շնորհիցՓարիսեցիները օրինապաշտներ են, բայց ոչ՝ վերստին ծնված օրինապաշտներ: Նրանք ունեն նույն վախերը, որոնց հարցը կարող է միայն Աստծո շնորհը լուծել, բայց իրենց անվստահությունը նրանք ծածկում են կուտակած գիտելիքներով, բարոյախոսությամբ և կրոնով:

Փարիսեցիները գոռոզ օրինապաշտներ են («գիտությունը հպարտացնում է». Ա Կորնթացիս 8.1): Նրանք արտաքուստ կրթված են, մաքուր ու կենդանի, բայց ներսում լիքն են մահով: Մեղքի ու մահվան սերմերը շարունակում են աճել ու տարածվել ինքնավստահ դիմակի և վստահ գործնական վարքի ներքո, ու գնալով դրանք քողարկելը դառնում է ավելի ու ավելի դժվար:

Փարիսեցիների հետ խնդիրը զուտ նրանում չէ, որ նրանք քարոզում են գործերի կեղծ Ավետարան: Այսօր կան մեծ թվով փարիսեցիներ, ովքեր «կենտրոնանում են Ավետարանի վրա»: Իրական խնդիրը հպարտության, ագահության և վախի մեջ է, որոնք թաքնվում են ցանկացած ինքնավստահության ներքո, որը հիմնվում է գործերի վրա:

Եթե մենք լրջորեն վերաբերվենք շնորհին և լինենք արդարության իրական «ծառաներ» (Հռոմեացիս 6.15-18), ուրեմն պետք է զգուշանանք շնորհի բացակայության ախտանիշներից: Եթե մենք հրաժարվում ենք հավատալ այն բանին, որ կարող ենք փարիսեցի դառնալ, ապա նույնքան խոցելի ենք, որքան և փարիսեցիները, ովքեր սպանեցին Հիսուսին:

Փարիսեցու 6 գլխավոր հատկանիշները.

  1. Փարիսեցիները գիտեն, թե ինչ է անհրաժեշտ ասել, բայց չեն անում այն, ինչ ասում են:

Զգուշացեք, երբ նկատում եք, որ այն, ինչին հավատում եք՝ ըստ ձեր խոսքերի, տարբերվում է այն իրականությունից, որում ապրում եք, և հրաժարվեք հաշտվել դրա հետ: Մենք բոլորս մեղավորներ ենք, այնպես որ՝ միշտ էլ կլինի անհամապատասխանություն: Բայց եկեք միշտ ապաշխարող լինենք:

Ի՞նչ պատրվակներ եք ներկայացնում մեղքերի համար, որ կան ձեր կյանքում: Փարսիեցիները ուրախ կլինեն մատնանշելու ուրիշների մեղքերը և ավելի մեծ ուրախությամբ արդարացում գտնելու սեփական մեղքերի համար:

  1. Փարիսեցիները դավանում են իրենց հավատքն այնպես, որ դա ուրիշները նկատեն:

Փարիսեցիները աղոթում էին՝ ուրիշներից տեսնվելու համար (Մաթևոս 6.5): Նրանք ծառայում էին աղքատներին, որ դա տեսնեին մյուս մարդիկ: Կատարում էին Խոսքը, որ դա տեսնեին ուրիշ մարդիկ: Եվ նրանք ստացան այն, ինչ իսկապես ցանկանում էին. ճանաչում և պատիվ մարդկանց կողմից:

Արդյոք ձեր քրիստոնեությունը ձգտո՞ւմ է ընդունված լինել կամ հավանության արժանանալ, կամ էլ հաստատության: Դուք քրիստոնյա եք՝ հասարակության մեջ ձեզ տրվող առավելությա՞ն պատճառով: Թե՞ դուք ծառայում, աղոթում և զոհում եք «հանուն Աստծո փառքի», «Քրիստոսի գերազանց գիտության համար» (Փիլիպպեցիս 3.8): Վերջին դեպքում՝ ձեր Հորից ստացած պարգևատրումը կլինի ուրախության լիությունն ու հավիտենական երանությունը:

  1. Փարիսեցիները մարդկանց Հիսուսից և Նրա շնորհից հետ են պահում:

Փարիսեցիության մեծագույն վտանգներից մեկը «վարակիչ» լինելու մեջ է: Երբ մենք ակամայից մեր վստահությունը փոխադրում ենք մեր անձերի վրա, մենք սկսում ենք մարդկանց հեռացնել Հիսուսից: Երբ փարիսեցիները աշակերտում էին ազգերին, նրանք ծնում էին դժոխքի զավակներ, ոչ թե՝ շնորհի:

  1. Փարիսեցիները Աստծո Խոսքին ավելացնում են իրենց համոզմունքներն ու ավանդույթները:

Փարիսեցիները իրենց ավանդույթները պահպանում են կյանքի գնով: Նրանք արարում են զանգվածային համակարգեր և ծրագրեր, նման՝ մյուզիքլի համար նախատեսվող զարդարանքների, որոնք ոչ անհրաժեշտ կերպով բեռնավորում են Աստծո ժողովրդին, և դա քողարկում է այն, ինչ թաքնվում է իրենց ներսում:

  1. Փարիսեցիների մոտ բացակայում է կարիքավորների հանդեպ սերը:

Բացի Հիսուսի հանդեպ նրանց ատելությունից, մեկ այլ զգուշացնող ազդանշան կա Ավետարանում՝ փարիսեցիների շրջանում հոգատարության բացակայությունը, հատկապես կարիքավորների հանդեպ: Նրանք ամեն հնարավոր պատճառ գտնում էին՝ աղքատներին, տառապյալներին և կարիքավորներին չօգնելու համար: Փոխարենը մեղավորների հանդեպ կարեկցանքով լցվելու, նրանք գոռոզությամբ նայում էին Հիսուսին, Ով նրանց կողքին էր նստում (Մարկոս 2.16): Փարիսեցիները օրենքի ամեն կիրառումները գործի էին դնում՝ ճանապարհի եզրին կիսամեռ մարդու կողքով անցնելու համար (Ղուկաս 10.31-32): Նրանք, ովքեր Քրիստոսի հետ մեռան, մահացան նաև սեփական անձերի համար, և ապրում են ուրիշների կարիքների համար, նրանց, ում Աստված դնում է իրենց ճանապարհին:

  1. Փարիսեցիները թաքցնում են մեղքը՝ ներքին ապաշխարություն ունենալու փոխարեն:

Արտաքուստ օրենքին հնազանդ, բայց ներսում անօրենությունով լիքը: Արտաքուստ ճերմակ պատերով, բայց ներսում մահով լիքը: Նրանք սոցցանցերում ունեն պահպանողական, բարոյական և կրոնական էջ, բայց թաքուն որոնում են հղումներ, որոնք սեղմելով՝ մեղքի հետևից են ընկնում: Եթե մենք ջանում ենք քողարկել մեր մեղքը, ակնհայտ է, որ մենք Ավետարանը չենք հասկացել և շնորհը բաց ենք թողել:

Եթե կա բաժանում սրտի ու մտքի միջև, այսինքն այն բանի միջև, ինչ մենք խոսում ենք և ով կանք իրականում, ապա գլխի մեջ գիտելիքների, կարդացված գրքերի, լսված քարոզների քանակի ավելացումը լուծում չի դառնա: Գիտությունը կենսական կարևորություն ունի (Հռոմեացիս 10.2), բայց այն չէ մեր սրտերի կենդանացման բանալին, այլ միմիայն Աստված:

Գիտությունը չի բացում մեր աչքերն ու ականջները: Աստված է դա անում: Աստծուն անհրաժեշտ է ստանալ ամենը, ինչ մենք գիտենք Իր մասին, և վառել դա Իր Հոգով՝ միահյուսելով հավատքի, սիրո և ուրախության հետ:

Մարշալ Սիգալ