Այս օրը. Ջոն Ֆեքենհեմ

16-րդ դարի թագուհիներն ու թագավորները քաջ ծանոթ էին Ջոն Ֆեքենհեմին: Նա Ուեսթմինսթերի վերջին վանահայրն էր, սակայն ավելի ազդեցիկ էր, քան իր զբաղեցրած պաշտոնը թույլ կտար: Նրա կրոնական հայացքները հաստատուն են մնում տարիների ընթացքում:

Հենրի 8-րդը շուտով թոշակի է ուղարկում նրան: Իսկ երբ արքան մահանում է, Ֆեքենհեմն ավելի ազդեցիկ և սրտաբուխ է սկսում քարոզել: Նա շատ կրոնական ուղղություններ հերետիկոսական էր համարում: Այս ամենը բերում է նրան, որ վանահորը ձերբակալում են և բանտարկում: Իսկ երբ գահ է բարձրանում կաթոլիկ թագուհի Մարիա Թյուդորը, նրան ազատ են արձակում: Շուտով քահանան առաջնորդական դեր է ստանձնում հերետիկոսների դեմ պայքարում: Փորձում է փրկել նաև լեդի Ջեյն Գրեյի կյանքը:

Վերջինս մեծապես գնահատում էր նրա բարությունը և հույս հայտնում, որ նրան ողորմություն կշնորհեն այդ ամենի դիմաց, ինչին քահանան պատասխանում է. «Եկեղեցու հավատքը պետք է փորձվի Աստծո Խոսքով, այլ ոչ Աստծո Խոսքը՝ եկեղեցու միջոցով. այդպես էլ իմ հավատքն է»:

Ի տարբերություն իր ժամանակի շատ հոգևորականների՝ Ֆեքենհեմն իրականում բավական ողորմած էր: Մեկ անգամ նրա հորդորով և խնդրանքով մոտ 28 մարդու կյանք է փրկվում: Մարիայի կառավարման օրոք Ֆեքենհեմն օգնում է հիմնել Սբ Հովհաննեսի կրթօջախը և Օքսֆորդի Երրորդության դպրանոցը: Նա նաև քարոզում է Մարիայի հուղարկավորության արարողությանը՝ մեջբերելով Ժողովող գիրքը՝ ննջեցյալներն ավելի երջանիկ են, քան ապրողները կամ դեռ չծնվածները (Ժողովող 4.2-3):

Հաջորդ Էլիզաբեթ թագուհին ևս կամենում էր լավ հարաբերություններ ունենալ քահանայի հետ, սակայն իր պայմաններն է առաջարկում՝ Ֆեքենհեմը պետք է Անգլիայի եկեղեցու գերակայության և դրա գործունեությանը համապատասխանելու երդում տար: Վանահայրը չի կարողանում ընդունել այս պայմանները: Նրա համոզմունքները տարբերվում էին:

Այս օրը՝ 1560թ-ի մայիսի 22-ին, նրան ձերբակալում են և Լոնդոնի աշտարակ տանում: Իր կյանքի մնացյալ 24 տարին անցնում է իրար հաջորդող տարբեր բանտարկություններով: Սակայն պայմաններն այնքան էլ խիստ չէին նրա համար: Հաճախ նրան ուղարկում էին ապրելու այս կամ այն եպիսկոպոսի մոտ: Նա նաև ի զորու էր տնօրինելու իր ֆինանսները (դրանց մեծ մասը տալով չքավորներին և բարեգործությանը), իրավունք ուներ գրելու ինչ-որ ցանկանում էր, նույնիսկ թույլատրվում էր առողջական խնդիրների պատճառով իջնել ծովափ:

Ֆեքենհեմը մահանում է բանտում՝ Ուիսբեքի մռայլ ամրոցում:

Աղբյուր՝ christianity.com