Մթնոլորտը փոխող երկրպագության մասին. Միսթի Էդվարդս

Մթնոլորտը փոխող երկրպագության մասին. Միսթի ԷդվարդսԻնչպե՞ս է աղոթքը և երկրպագությունը միաբանում հավատացյալներին՝ որպես մեկ ձայն Աստծո առջև՝ փոխելով ողջ քաղաքի հոգևոր մթնոլորտը և վերջնականապես ողջ աշխարհը:

Երկրպագությունն ու աղոթքը անբաժանելի են: Երկրպագելով Աստծուն՝ մենք համաձայնում ենք այն իրողության հետ, թե Ով է Նա, իսկ աղոթելով՝ մենք մեր համաձայնությունն ենք հայտնում այն բանին, թե ինչ է Նա խոստացել անել:

Ես չեմ հավատում, որ երկրպագությունը կարող է, ըստ էության, առանձնացված լինել աղոթքից: Միակ բանը, որ «երկրպագության երաժշտությունը» դարձնում է երկրպագություն՝ այն է, որ մենք դիմում ենք Աստծուն, այլապես դա պարզապես երաժշտություն է:

Աղոթքը զրույց է Անտեսանելիի հետ, և գոյություն ունեն այդ զրույցի տարբեր արտահայտություններ: Երբեմն դրանք խորը մտորումներ են Խոսքի շուրջ: Այլ դեպքերում՝ անկեղծ աղաչանք օգնության համար, աղաղակ արդարության համար, կամ երբ Աստծո առջև կոտրվում ես ապաշխարության մեջ:

Նաև աղոթքն իր մեջ ներառում է հռչակումն այն բանի, թե Ով է Աստված, և գոհություն ամենի համար, ինչ Նա արել է և անելու է, ինչպես նաև մարգարեական խոսք, որը Նա ասում է այսօր: Բարեխոսությունը, երկրպագությունը, փառաբանությունն ու մարգարեությունը՝ մեկ համատարած հեղեղ են, փոխկապակցված՝ որպես սուրբ զրույց, որն էլ մենք կոչում ենք աղոթք: Այս տարրերի միացումը երաժշտության հետ մեծ ազդեցություն է ունենում մեր սրտերի վրա՝ անձնապես և ամբողջապես՝ բերելով փոփոխություններ անձնական մակարդակի վրա, իսկ անհատների միջոցով էլ՝ հասարակության մեջ:

Հաճախ այս երկու բառն ենք օգտագործում՝ երկրպագություն և աղոթք՝ նկատի ունենալով երգելը և Աստծո հետ զրուցելը: Կարծում եմ, որ հզոր կապ կա աղոթք-զրույցի և աղոթք-երգի միջև: Հայտնության գրքում գրված է, որ հռչակված խոսքերը և երգերը շարունակաբար հնչում են Աստծո գահի առջև: Մենք տեսնում ենք քնարներ, որ խորհրդանշում են երաժշտությունը (Հայտնություն 5.8), բուրվառներ՝ սուրբերի աղոթքով լիքը (Հայտնություն 5.8-9): Եվ գիտենք, որ եթե այդպես է երկնքում, ապա երկրի վրա էլ պետք է այդպես լինի:

Երաժշտությունը սկիզբ է առնում Աստծո մոտ: Մարդու հոգին երաժշտական է, քանի որ մենք ստեղծված ենք Նրա պատկերով: Կա մի առեղծվածային և, միևնույն ժամանակ, պարզ մի բան երգելու և երգելու ազդեցության մեջ՝ մեր էմոցիաների, հիշողության վրա, մեր միտքը կենտրոնացնելու ունակության վրա: Սա մի հիասքանչ պարգև է, որ Աստված տվել է մեզնից յուրաքանչյուրին:

Անգամ եթե դուք ձեզ չեք դասում երգիչների ու երաժիշտների շարքին, միևնույնն է, երաժշտական եք: Պողոսն ասում էր, որ ինքը երգում էր հոգևոր երգեր (Եփեսացիս 5.19): Ես չեմ փորձում ենթադրել, թե նա փառաբանության առաջնորդ էր, նա ուղղակի աղոթքի մարդ էր և հոգով երգում էր Աստծուն (Ա Կորնթացիս 14.15):

Մեր անձնական կյանքում աղոթքով երկրպագությունը օգտակար է բազում պատճառներով: Սա հնարավորություն է տալիս ավելի լավ կենտրոնանալու: Երբ երկրպագում ենք Աստծո Խոսքով, դա մեզ բերում է մտորումների: Երգելը լցնում է մեր սրտերը ճշմատությամբ այնպես, ինչպես դա չի կարող անել սովորական բարձրաձայն աղոթքը:

Երգով մենք կարող ենք միաձայն և միասիրտ դառնալ, քանի որ մենք միևնույն ժամանակ երգում ենք նույն երգը նույն Անձի համար: Երգի միջոցով մենք կարող ենք զգալ նույնը՝ հռչակելով ճշմարտությունը կամ բարեխոսելով ճեղքման համար:

Երգը հզոր գործիք է Քրիստոսի մարմինը միաբանելու համար: Հենց միաբան բարեխոսությունը և երկրպագությունն են փոխում քաղաքի կամ տարածաշրջանի հոգևոր մթնոլորտը: