Մարդկանց հետ խաղաղություն ունեցեք. հովիվ Արթուր Սիմոնյան

Մարդկանց հետ խաղաղություն ունեցեք. հովիվ Արթուր Սիմոնյան«Եթե կարելի է, որքան ձեզանից է կախված, ամեն մարդկանց հետ խաղաղություն ունեցեք: Ձեր անձերի համար վրեժխնդրություն մի՛ արեք, սիրելինե՛ր, այլ բարկության տեղ տվե՛ք, որովհետև գրված է` վրեժխնդրությունն Իմն է, Ես հատուցումը կտամ, ասում է Տերը» (Հռոմեացիներին 12.18, 19):

Խաղաղություն ունենալու համար ստեղծագործական աշխատանք է պահանջվում. առանց ջանքի մենք չենք կարող խաղաղություն ունենալ: Այսօրվա խոսքը մեզ հորդորում է, որ վրեժխնդրություն չանենք մեր անձերի համար, այլ ձգտենք, որքան մեզնից է կախված, խաղաղություն պահպանել բոլորի հետ:

Իհարկե, կլինեն դեպքեր, երբ մարդիկ կհրաժարվեն մեզ հետ խաղաղություն ունենալուց: Այդ ժամանակ Աստված մեզ կասի. «…վրեժխնդրությունն Իմն է, Ես հատուցումը կտամ»:

Սիրելինե՛ր, եթե վիճել եք մեկի հետ, գնացե՛ք և ներողությո՛ւն խնդրեք նրանից: Նշանակություն չունի, թե ով է մեղավոր` դո՞ւք, թե՞ նա, որովհետև Աստծո Խոսքն ասում է. «…եթե քո եղբայրը քո դեմ մեկ բան ունի, …գնա առաջ հաշտվիր քո եղբոր հետ» (Մատթ. 5.23, 24):

Եթե ամեն ինչ անեք, բայց ոչ մի արդյունքի չհասնեք, Աստծուն կարող եք ասել. «Տե՛ր, ես ամեն ինչ փորձեցի, բայց ոչինչ չստացվեց, խնդրում եմ, օգնի՛ր ինձ»: Այդ ժամանակ Տերը ձեր անձի համար վրեժխնդրություն կանի և հատուցումը կտա: Իսկ մինչ այդ, որքան ձեզնից է կախված, ամեն մարդու հետ խաղաղություն ունեցե՛ք: Ամե՛ն: