Իրական մարդասերը

Իրական մարդասերըՄարդասիրության հակապատկերը եսասիրությունն է. սեփական հարմարավետությունն ու անձնական շահերը ամենից վեր դասելը այլոց հաշվին, նրանց կամքին հակառակ։

Շատ անգամ այդ արատը բարդանում և վերածվում է եսամոլության: Այստեղ տեղին է հիշել բանաստեղծի հայտնի խոսքը. «Մարդ կա աշխարհն է շալակած տանում, մարդ կա ելել է շալակն աշխարհի»։

Մարդկության բոլոր չարիքների արմատը այդ եսամոլությունն է, որից ծնվում են հանցանքը, պատերազմները, ամուսնալուծություններն ու աբորտները, աղքատությունն ու սովը և շատ այլ չարիքներ։ Դա է պատճառը, որ մարդկության պատմության էջերը ողողված են արյամբ և ողբերգական դեպքերով։ Եվ ճիշտ հակառակը, անձնազոհ մարդասիրությունը ստեղծել է բազում հերոսներ ու փրկվածներ։

Շատերը մեղադրում են Աստծուն այդ չարիքները թույլ տալու համար. եսամոլությունը կուրացրել է նրանց, մարդիկ մոռացել են, որ Արարիչը ի սկզբանե ամեն բան բարի էր ստեղծել, բայց մարդը ապականեց ու շարունակում է ապականել ամենը, և այդ ամենի մեջ առաջին հերթին իր կյանքը…

Ինչո՞ւ Աստված չի միջամտում և վերացնում չարիքն ու դժբախտությունը, ինչո՞ւ… Նման հարցադրումներ հաճախ են լսվում։ Բայց այդ հարցի պատասխանը շատ պարզ է. Նա միջամտել է դեռ շատ վաղուց, մինչ աշխարհի արարումը, և Նրա աննախադեպ սերը ի հայտ եկավ մոտ երկու հազար տարի առաջ։ Նա մարդացավ, Մարդասերը, մարդասիրության հիմնադիրն ու կրողը մարդկային տկար մարմնով եկավ, շալակեց ողջ աշխարհի չարիքն ու մեղքը, ատելությունն ու հոգսերը, մահն ու հիվանդությունները և անպատմելի չարչարանքներով կրելով այդ ամենը գամեց խաչափայտին։

Նա հաղթեց. իր մահվամբ և հարությամբ հաղթեց ողջ մարդկության ապականությանը, որն ինքը չէր ստեղծել։ Ամբողջ խնդիրը նրանում է, որ մարդիկ չեն ցանկանում ընդունել մեղքից, ունայնության ճահճից ազատագրված այդ նոր կյանքը, որի համար Քրիստոսը այդքան թանկ գին վճարեց, և նախընտրում են մեղադրել Աստծուն իրենց իսկ սխալների մեջ։

Կարծում եմ ավելի անկեղծ պետք է լինել, այլապես ինքնախաբեության այդ մոլուցքը երբեք թույլ չի տա հասկանալ ու վայելել Աստծո անսպառ մարդասիրությունը և, ի վերջո, կարող է կործանել մեզ:

Լևոն Մարգարյան