Հինգ խորհուրդ երիտասարդ տղաներին

Երիտասարդնե՛ր, ձեզ անհրաժեշտ են ավագ սերնդի խրատները: Դրա հետ միասին պետք է ցրել այն թյուր պատկերացումը, թե ավագ սերնդի մոտ է ողջ իմաստությունը: Իրականում դա այդպես չէ: Շատ հարցերում մեծահասակները սովորում և հասունություն են ապրում, ինչպես և երիտասարդները:

Աստված արդեն շատ բան է սովորեցրել ավելի մեծ տարիքով տղամարդկանց (ուժեղ և թույլ կողմեր, հաջողություններ ու պարտություններ), և գուցե Նա նախատեսել է ձեզ համար էլ այդ դասերը: Իմաստուն խորհուրդը կարող է հաստատել քեզ փորձությունների մեջ և զինել՝ լինելու ավելի հասուն Քրիստոսի մեջ (Կողոսացիս 1.28):

Ահա այն 5 խորհուրդները, որ օգնեցին ինձ նույնքան, որքան այն երիտասարդներին, ում ես այն ժամանակ օգնում էի:

  1. Գտեք ձեր ինքնությունը Քրիստոսի մեջ:

Ձեր ինքնությունը պետք է ամուր խարսխված լինի Քրիստոսի մեջ: Ձեր արժեքը պետք է նախևառաջ Քրիստոսի վրա հիմնվի: Միայն Աստծո հետ միաբանության մեջ մենք կարող ենք ունենալ իրական անվտանգություն: Աստված սիրում Է մեզ և կատարելապես գիտի մեզ: (Եփեսացիս 4.15):

  1. Ծրագրեք հասունության մեջ ձեր աճի ընթացքը:

Կարիք չկա ասելու, որ օրեցօր դուք մեծանում եք: Դուք գիտեք, որ մեկ օր կարիք է լինելու հակառակ կանգնել սեփական մշակույթին, քանզի հասունությունն այսօր իր պահանջներն ունի: Նախկինում տղան տղամարդ էր դառնում 21 տարեկանում, հետո՝ 30-ում, իսկ հիմա՝ 40 տարեկանում:

Միայն ցանկությունը բավարար չէ կայացած մարդ դառնալու համար: Ձեզ անհրաժեշտ է ծրագիր, որովհետև տարիքով մեծանալը չի ապահովում հասունություն: Չկա ավելի տխուր բան, քան 36-ամյա տղա տեսնելը:

Նայեք ձեր շուրջը եղող մարդկանց, ովքեր մեծ են ձեզնից 10 կամ ավելի տարով: Պատկերացրեք, թե ինչպիսին կցանկանայիք լինել հասուն տարիքում:

Սպանեք ձեր երիտասարդության մեղքերը (Հռոմեացիս 8.13): Հաճախ մեր կյանքը արմատանում է երիտասարդ տարիքում ձեռք բերված մեր սովորությունների ու կենսակերպի մեջ: Այդ պատճառով, պետք է քայլեր ձեռնարկել և պայքարել նման բաների դեմ մինչև մահ: Աստծո զորությամբ «գործեցեք ձեր անձերի փրկությունը» (Փիլիպպեցիս 2.12-13):

  1. Ներդրում արեք ձեր ընկերների մեջ:

Հատկապես տղամարդիկ կարիք ունեն 2-3 մտերիմ ընկերների, որոնց հետ հնարավոր կլինի խոսել ամեն ինչի մասին: Ընկերությունը ամենաարժեքավոր նվերներից մեկն է Աստծուց երիտասարդին:

Ներդրում արեք ձեր ընկերների մեջ, բայց մի ապավինեք նրանց այնպիսի հարցերում, որոնք միայն Քրիստոսը կարող է լուծել: Դա կծանրացնի ձեր ընկերությունը, ձեր հույսերը չեն արդարանա, և դուք կհիասթափվեք: Ընկերությունը հիասքանչ է, բայց մենք Քրիստոսի կարիքն ունենք:

  1. Դադարեք կատարյալ կին որոնել:

Կատարյալ կին չկա, այդ պատճառով որոնումներն էլ ապարդյուն են: Հոլիվուդը խաբում է և սխալ տեղեկություններ տարածում: Եթե ամուսնանալու նպատակ ունեք, ավելի լավ է օգտագործեք ձեր էներգիան՝ վարժվելու բարեպաշտության և հասունության մեջ:

Ձեր ապագա կինը, անկախ իր «կատարելությունից», երբեք չի լրացնի այն, ինչ միայն Քրիստոսը կարող է: Եթե երկու կողմերը գիտեն, թե ովքեր են իրենք Քրիստոսի մեջ, ապա կունենան լավ հիմք ամուսնության համար: Կատարելության որոնող մտածելակերպը չի համապատասխանում Աստծո գերիշխան բարությանը (Առակաց 6.27-29):

  1. Եղեք զորավոր, բայց մեղմ:

Մեր օրերում դժվար է հստակ սահմանում տալ տղամարդկությանը: Կարիք կա խիզախ տղամարդկանց, խիզախ՝ իրենց համոզմունքներում: Իրական խիզախությունը արդյունքն է պաշտպանվածության, որ ամփոփված է Քրիստոսի մասին ճշմարտություններում (Հովհաննես 10.28): Պետք է զորավոր լինենք, բայց, միևնույն ժամանակ, փափուկ, մեղմ:

Մեր Աստվածը զորավոր է և ամենակարող, բայց Նա հոգ է տանում այրիի ու որբի մասին: Նա կարեկից է և ունի փափուկ սիրտ:

Մենք պետք է լինենք խիզախ ու անվեհեր, բայց պետք է կարողանանք նաև սիրել, զոհել և մխիթարել:

Հիսուսը խոստանում է. «Չեմ թողնի քեզ և երեսից չեմ գցի»: Ամուր կառչեք Նրանից և երբ հասուն դառնաք, Նա ձեզ ցույց կտա Իր հետ հարաբերությունների գեղեցկությունն ու կարևորությունը՝ թե հիմա՝ ձեր այս ճամփորդության մեջ, թե ծերության ժամանակ. «Հավատարիմ է նա, որ կանչեց ձեզ, որ կանի էլ» (Ա Թեսաղոնիկեցիս 5.24):

Կոնստանտին Քեմբել