Ստեղծված՝ Աստծո պատկերով և նմանությամբ

Երկրի վրա ամեն մարդ յուրօրինակ է իր մտածելակերպով ու ինքնագիտակցությամբ: Յուրաքանչյուրին հատուկ է ունենալ իր տեսակետը, կառուցել իր ծրագրեր, ստեղծել իր շուրջը կյանքի իր պայմանները, ընտրել կյանքի հանդեպ այն հայացքը, որը ճիշտ է համարում, ընդ որում՝ բերել փաստարկներ, որոնք հաստատում են այս կամ այն կենսակերպը:

Մեր մտավոր պոտենցիալը դուրս է գալիս ֆիզիկական ունակությունների շրջանակներից: Արդեն առաջին մարդը՝ Ադամը, տվել է երկրի վրա ապրող ամեն կենդանի արարածին անուն (Ծննդոց 2.19-20): Հետագայում մարդիկ սովորել են կառուցել, բուժել, ստեղծել սեփական իրերն ու գործիքները՝ դրսևորելով իրենց ստեղծագործական էությունը:

Բայց ամենակարևորը, որ մարդուն տարբերում է բոլոր մնացած կենդանի արարածներից, դա այն է, որ Աստված արարել է մարդուն Իր պատկերով և նմանությամբ. «Եվ Աստված ստեղծեց մարդը իր պատկերովը. Աստծո պատկերովը ստեղծեց նրան. արու և էգ ստեղծեց նրանց» (Ծննդոց 1.27): Սա իր հերթին նշանակում է, որ մարդիկ, չնայած հողից են արարված և դրված են ֆիզիկական մարմինների մեջ, միևնույն է, հոգևոր արարածներ են, իսկ որպես հոգևոր արարածներ՝ մարդու մեջ Աստծո մտահղացմամբ՝ դրված է Նրա իսկ էությունը՝ սերը:

Խոսքն ասում է. «Աստված սեր է» (Ա Հովհաննես 4.8), որը «կատարելության կապն է» (Կողոսացիս 3.14):

Ավելի լավ հասկանալու համար, թե ինչի մասին է խոսքը գնում, նայենք հունարեն լեզվին, որով էլ գրված է Նոր Կտակարանը:

Հունարենում «սեր» բառի նշանակություններից մեկն է «ագապե»-ն՝ գերագույն, կատարյալ սերը, որը Աստված դրսևորում է մարդու հանդեպ և որը Նա սպասում է՝ որպես պատասխան մարդուց: Հենց այս անպայմանական սերն էր Աստված զգում մարդու հանդեպ, երբ արարում էր երկիրը և մարդ արարածին: Հենց այս սերն էր, որը պատճառ եղավ Հիսուս Քրիստոսի գալուստի, Ով Իր կյանքը տվեց ամեն մեկի մեղքերի համար:

Եվ մարդու մեջ ի վերուստ դրված այդ սերը ենթադրում է անմնացորդ հանձնվել Աստծուն և Նրան ծառայելուն, ամեն ինչում Նրան հավատարիմ լինելուն: Այս սերը, որպես շարժառիթ, պետք է առաջնահերթ լինի նաև մարդկանց հետ հարաբերություններում:

Այն հարցին, թե պատվիրաններից առաջինը որն է՝ Հիսուսը պատասխանում է. «Ամեն պատվիրանքներից առաջինը սա է. լսիր, Իսրայել, մեր Տեր Աստվածը մեկ Տեր է։ Եվ սիրիր քո Տեր Աստծուն բոլոր սրտիցդ, և բոլոր անձիցդ, և բոլոր մտքիցդ, և բոլոր զորությունիցդ. սա է առաջին պատվիրանքը։ Եվ երկրորդը սրա նման. սիրիր քո ընկերին քո անձի պես. սրանցից ավելի մեծ ուրիշ պատվիրանք չկա» (Մարկոս 12.29-31):

Հենց այս սերն է նախատեսված եղել՝ լինելու Աստծո պատկերով և նմանությամբ ստեղծված մարդու էության մի մասնիկը:

Աստծո անպայմանական սերը առաջարկում է իրեն ազատ, ինքնակամ ձևով: Այն չի ստիպում, չի բռնանում, այլ ենթադրում է ազատ ընտրություն: Այս պատճառով առաջին մարդն էլ օժտված էր նման իրավունքով, իսկ նրա միջոցով էլ՝ ողջ մարդկությունը:

Իգոր Ռուսնյակ