Շվեդիայում մեծանում է մաշկի տակ միկրոչիպերի տեղադրման ժողովրդականությունը

Շվեդիայում գնալով ավելի մեծ ժողովրդականություն է ստանում մաշկի տակ միկրոչիպերի տեղադրման վիրահատությունը: Տեղադրված միկրոչիպերը ունակ են կատարելու էլեկտրոնային անցանշանի կամ մուտքի ծածկագրի գործառույթները: Միկրոսխեման տեղադրվում է մաշկի տակ՝ ցուցամատի և բութ մատի միջև. տեղեկացնում է ТАСС-ը:

«Տեխնոլոգիան դեռևս նոր է, բայց հետաքրքրությունը դրա հանդեպ գնալով մեծանում է»,- ԶԼՄ-ների հետ զրույցում ասել է Յուվան Էսթերլունդը՝ «Բիորակս Ինթերնեյշնլ» ընկերության գործադիր տնօրենը, որն էլ հենց զբաղվում է միկրոչիպերի տեղադրմամբ:

Ընկերությունը ընդլայնում է միկրոչիպերի կիրառման բնագավառները նրանց համար, ովքեր արդեն համարձակվել են այդ վիրահատությունն անել: Վերջինիս խոսքերով՝ նման չիպեր արդեն տեղադրվել են շվեդական ընկերությունների մոտավորապես 200 տնօրենների մոտ, իսկ ընդհանուր առմամբ՝ ողջ երկրում նման վիրահատություն արել է 3,5 հազար մարդ:

Արտադրողները համոզված են, որ ապագայում այս չիպերը կփոխարինեն բանալիներին, վճարային քարտերին, կարող են օգտագործվել նաև առողջապահական նպատակներով: