Աստվածապաշտության երևացող կողմը

Աստվածապաշտության երևացող կողմը«Եթե մեկն ասի, թե սիրում եմ Աստծուն և իր եղբորն ատի, նա ստախոս է. Որովհետև նա որ իր տեսած եղբորը չի սիրում, Աստծուն որ չի տեսել, ինչպե՞ս կարող է սիրել» (Ա Հովհաննես 4.20)։

Աստվածապաշտության երևացող կողմը մեր վերաբերմունքն է մեր շրջապատի մարդկանց: Ոչ թե որոշ մարդկանց, այլ բոլորին: Արդյոք մենք նրանց նայո՞ւմ ենք Աստծո աչքերով: Արդյոք զգո՞ւմ ենք այն ցավը, որն Աստված է զգում՝ նրանց սխալ կամ մոլորված կյանքը տեսնելով: Արդյոք զգո՞ւմ ենք այն ուրախությունը, որ Աստված ՝ զգում, երբ նրանցից մեկը փորձում է շտկել իր ճանապարհները Տեր Աստծո առջև և ապրել Տիրոջ սիրտը ուրախացնելու փափագով:

Եթե սիրում ենք Աստծուն, եթե կանգնել ենք աստվածապաշտության նեղ ճանապարհի վրա, եթե Նրա զավակներն ենք և Նա մեր մեջ է բնակվում, ապա արդյոք զգո՞ւմ ենք Նրա սերն ու հոգատարությունը մարդկանց հանդեպ և արդյոք այդ սերը մեզ դարձնո՞ւմ է Նրա նման սիրող, Նրա նման ներող, Նրա նման հոգատար, Նրա նման զոհաբերող…

Եթե մեկն ասի, թե սիրում է Աստծուն և եղբորն ատի, նա ստախոս է: Որովհետև անհնարին է, որ Աստված բակվի մարդու մեջ և չփոխի վերջինիս մոտեցումներն ու սկզբունքները: Անհնարին է, որ Աստծո Հոգին լինի հավատացյալի ներսում, ու վերջինս ատի, նախանձի ու չարախոսի իր շրջապատի մարդկանց:

Այն հավատացյալը, որ իր տեսած եղբորը չի սիրում, չերևացող Աստծուն չի կարող սիրել: Աստվածապաշտության երևացող կողմը մեր վերաբերմունքն է մեր շրջապատի մարդկանց:

Տեր Հիսուսի անունով Աստծո սիրտը զգացող սիրտ և մարդկանց հանդեպ անսահման սեր եմ հռչակում այս գրառումը ընթերցողների կյանքում: Եղեք օրհնված:

Արման Մանուկյան