Արդյոք հնարավո՞ր է լավ մարդ լինել առանց քրիստոնեության. Քլայվ Լյուիսի մտորումներից

«Մի՞թե հնարավոր չէ լավ մարդ լինել առանց քրիստոնեության». հաճախ հարցնում են ինձ մարդիկ: Այս մասին ինձ խնդրել են գրել, և ես գրում եմ, բայց սկսեմ մի փոքր հեռվից: Հարցը դրված է այնպես, ասես դուք մտածում եք. «Ինձ համար միևնույնն է, թե ով է ճիշտ՝ քրիստոնյանե՞րը, թե՞ նյութապաշտները: Ինձ համար միևնույնն է, թե ինչպիսին է արարչագործությունը: Ես ցանկանում եմ ճիշտ և երջանիկ ապրել և կընտրեմ ոչ թե այն, ինչ ճիշտ է, այլ այն, ինչ օգտակար է»: Անկեղծ ասած՝ ինձ համար նման տեսակետը հասկանալը դժվար է:

Մարդը, ամեն ինչից զատ, դրանով էլ տարբերվում է կենդանիներից, որ ցանկանում է իմանալ, թե ինչպիսին է իրականությունը, ոչ թե հանուն շահի, այլ պարզապես՝ հանուն գիտելիքի: Մինչդեռ երբ նա դա չի ցանկանում, իր տեսակի մեջ մարդ ասվածից մի փոքր ցածր է դառնում: Ըստ էության, ես չեմ էլ հավատում, որ ձեզնից ինչ-որ մեկը չունի այդ ցանկությունը:

Հավանաբար, դուք շատ հաճախ եք լսել, թե քրիստոնեությունը ամեն բան տեղը կդնի, և մոռացել եք, որ այն պատենդավորված դեղահաբ չէ: Քրիստոնեական վարդապետությունը հաղորդում է մեզ որոշակի փաստեր, և եթե դրանք ճիշտ չեն, ոչ մի ազնիվ մարդ իրավասու չէ դրանց հավատալ, որքան էլ դրանք օգնեն: Իսկ եթե ճիշտ են, ամեն ազնիվ մարդ պարտավոր է դրանց հավատալ, անգամ եթե դրանցում չկա օգնություն:

Երբ մենք դա հասկանանք, ապա կհասկանանք մեկ այլ բան ևս: Եթե քրիստոնեությունը ճշմարիտ է, պարզապես չի կարող լինել, որ դրա հետևորդները և հակառակորդները միևնույն ձևով լինեն զինված «լավ, ճիշտ կյանքի» համար: Պատկերացրեք, որ դուք ցանկանում եք օգնել դիստրոֆիայով հիվանդի: Բժշկությունից անտեղյակ լինելով՝ դուք նրան լավ կկերակրեք, և նա կմեռնի: Հեշտ չէ գործել խավարի մեջ:

Ե՛վ քրիստոնյան, և՛ անհավատը կարող են մերձավորին բարին ցանկանալ: Բայց մեկը համարում է, որ մարդիկ հավիտենապես են ապրում, ստեղծված են Աստծո կողմից և միայն Աստծո մեջ են գտնում ճշմարիտ ու մնայուն ուրախություն, իսկ մյուսը համարում է, որ նրանք պատահականության արդյունք են, որ ապրում են յոթանասուն տարի, երջանիկ լինելը կախված է հարմարավետությունից, հաճույքներից և այլն, իսկ ամեն բան աշխարհում՝ արհեստական վիժեցումները, օրենսդրությունը, դաստիարակությունը, լավն ու վատը, միմիայն կախված են այն բանից, թե նպաստո՞ւմ են դրանք արդյոք նման երջանկությանը:

Գուցե շատ բաներում երկուսն էլ համաձայնեն: Երկուսն էլ համարում են, որ մարդկանց պետք է բուժել, կերակրել և հագցնել: Բայց ուշ թե շուտ հավատքի մեջ տարբերությունն իրենն անելու է: Օրինակ, նյութապաշտը պարզապես կհարցնի. «Արդյոք մեծամասնությանը լա՞վ է դրանից», իսկ քրիստոնյան կարող է ասել. «Եթե անգամ լավ է, մենք դեմ ենք, քանզի դա անարդար է»: Եվ նրանց հավիտյան, միշտ բաժանելու է սահմանագիծը, որը սրի պես կտրուկ է:

Մի մտածեք, թե հարցը նրանում է՝ արդյոք կարո՞ղ է մարդը լավը լինել առանց քրիստոնեության: Մեզնից յուրաքանչյուրի առջև մեկ այլ հարց է դրված. «Կարո՞ղ եմ արդյոք ես»: Մենք բոլորս գիտենք, որ քրիստոնեությունից դուրս եղել են լավ մարդիկ, ինչպես օրինակ՝ Սոկրատեսը և Կոֆուցիուսը, ովքեր չեն էլ լսել դրա մասին, կամ Ջոն Սթյուարտ Միլը, ով չի հավատացել դրան: Եթե քրիստոնեությունը ճշմարիտ է, ուրեմն մարդիկ այդ գտնվել են անտեղյակության կամ անկեղծ մոլորության մեջ: Եթե կամքը նրանց բարի էր, ինչպես և ինձ թվում է (չէ՞ որ ես, ինչ էլ ասեմ, չգիտեմ նրանց սրտերի գաղտնիքները), մենք իրավասու ենք հավատալ և հուսալ, որ Աստված Իր գթասրտության մեջ կարողացել է ուղղել և կանխել չարիքը, որը նրանք իրենց անտեղյակությունից ելնելով պատճառել են և՛ իրենք իրենց, և՛ նրանց, ում վրա ազդել են:

Բայց դուք, ովքեր ինձ այդ հարցը տալիս եք, այլ դիրքում եք: Եթե դուք քրիստոնեության մասին լսած չլինեիք, դուք չէիք էլ հարցնի: Եթե դուք, լսելով, լրջորեն ամեն բան մտածեիք և մերժեիք, դուք նույնպես չէիք հարցնի: Նշանակում է, որ իրականում դուք հարցնում եք. «Արդյոք արժե՞, որ ես անհանգստանամ: Ավելի հեշտ չէ՞ շարունակել ապրել այնպես, ինչպես ապրում էի: Արդյոք քի՞չ է բարի կամքը: Արդյոք անպայման պե՞տք է թակել վտանգավոր դուռը»:

Նախևառաջ ասեմ, որ դուք պատրաստվում եք լավը լինել՝ չիմանալով, թե ինչ է «լավը»: Բայց դա քիչ է: Պետք չէ հարցնել, թե կպատժի՞ արդյոք Աստված ձեզ ծուլության և փոքրոգության համար. դրանք իրենք իրենց կպատժեն: Դուք մտադրված կերպով չեք ցանկանում իմանալ՝ ճշմարի՞տ է արդյոք քրիստոնեությունը, որովհետև վախենում եք, որ դրա հետ առանց դժվարությունների չեք կարող: Սա նման է նրան, որ մենք միտումնավոր կերպով մոռանանք նայել հայտարարությունների տախտակին, որպեսզի չտեսնենք այնտեղ մեր անունը, կամ մտնելով բանկ՝ չտեղեկանանք, թե արդյոք վերջանո՞ւմ է մեր հաշվին դրված գումարը: Այդպես մենք ասես խուսափում ենք բժշկից, որպեսզի չիմանանք մեր հիվանդության մասին:

Մարդը, ով այս պատճառներով չի հավատում, անկեղծորեն մոլորության մեջ չէ, այլ նա կեղծ մոլորության մեջ է, և կեղծավորությունն այդ ներկելու է նրա գործերն ու մտադրությունները, քանի որ նա կորցրել է իր մտքի անմեղությունը: Աստծո Որդուն ուղղված անկեղծ վատաբանությունը կարելի է ներել և բժշկել, բայց եթե դուք պարզապես խուսափում եք Նրանից, անցնում եք փողոցի մյուս մայթին, չեք վերցնում հեռախոսը, չեք բացում նամակները. դա այլ դեպք է: Գուցե դուք իսկապես համոզված չեք, թե արդյոք պետք է քրիստոնյա լինել, բայց հիասքանչ ձևով գիտակցում եք, որ պետք է մարդ լինել, ոչ թե ջայլամ:

Ահա դուռը, որի հետևում ողջ արարչագործության գաղտնիքն է: Եթե այն չկա այնտեղ, քրիստոնյաները ստում են ձեզ այնպես, ինչպես ոչ ոք ոչ մեկին չի խաբել պատմության բոլոր դարերում: Եվ ամեն մարդ պարզապես պարտավոր է պարզել, թե ինչումն է բանը, իսկ հետո՝ ողջ ուժերով մերկացնել հանցավոր խաբեությունը, կամ ողջ հոգով, մտքով և սրտով նվիրվել ճշմարտությանը:

Քրիստոնեությունը կօգնի ձեզ և ավելի շատ, քան դուք կարծում եք: Իսկ առաջին օգնությունը կլինի այն, որ ձեր գլխի մեջ կմտցնի շատ կարևոր և ոչ այնքան հաճելի մի բան: Ամենը, ինչ դուք մինչ այժմ «օրինավոր» կամ «ճիշտ» կյանք էիք համարում, այնքան ամբողջական չէ, որքան դուք եք կարծում: Քրիստոնեությունը կսովորեցնի ձեզ, որ դուք մի օր էլ չեք կարող «լավը» լինել առանց Աստծո օգնության: Հետո այն կսովորեցնի, որ եթե կարողանայիք էլ, դուք, միևնույնն է, չէիք հասնի այն բանին, ինչի համար ստեղծված եք: Պարզ «բարոյականությունը» կյանքի նպատակ չէ:

Միլն ու Կոֆուցիուսը (Սոկրոտեսի մասին չեմ խոսում, նա ավելի մոտ էր ճշմարտությանը) պարզապես չգիտեին, թե ինչի համար էին ապրում: Չգիտեն դա նաև նրանք, ովքեր տալիս են այս հոդվածի սկզբում դրված հարցը: Եթե իմանային, ապա կհասկանային, որ «օրինավորությունը»՝ մաքուր անհեթեթություն է մարդու արարման ճշմարիտ նպատակի առջև: Բարոյականությունն անհրաժեշտ է, բայց կյանքն Աստծո մեջ, որին մենք կոչ ենք անում, կլանում է այն:

Մենք պետք է վերստին ծնվենք:

«Բայց երբ որ կատարյալը գա, այս փոքր ի շատեն կխափանվի» (Ա Կորնթացիս 13.10):

«Առանց Քրիստոսի լավը լինելու» ցանկությունը հիմնվում է երկու սխալի վրա: Առաջինը՝ դա ձեր ուժերից վեր է, երկրորդը՝ դա ձեր կյանքի նպատակը չէ:

Հնարավոր չէ ինքնուրույն մագլցել արդարության «բարձր լեռը», բայց եթե անգամ մենք բարձրանայինք էլ, ապա կխորտակվեինք սառույցների և նոսրացած օդի մեջ:

Որոշակի բարձրությունից սկսած չեն օգնի ո՛չ ոտքերը, ո՛չ գործիքները, ո՛չ էլ պարանը: Պետք են թևեր. հետո պետք է թռչել:

Քլայվ Ս. Լյուիս

Էսսեն հպարակված է 1946թ-ին