Թանգարանների միջազգային օրը Ստամբուլում իր դռները կբացի «Հրանտ Դինքի հիշողության անկյունը»

Թանգարանների միջազգային օրը Ստամբուլում իր դռները կբացի «Հրանտ Դինքի հիշողության անկյունը»Վաղը՝ մայիսի 18-ին, Թանգարանների միջազգային օրվա առթիվ Թուրքիայում պոլսահայ լրագրող և մտավորական Հրանտ Դինքի հիմնած «Ակօս» հայկական պարբերականի նախկին խմբագրատանը կբացվի «Հրանտ Դինքի հիշողության անկյունը»։

Ինչպես հաղորդում է «Ակօս»-ը, Հրանտ Դինքի անվան հիմնադրամի հիմնած «հիշողության անկյունը» բաց կլինի այն տեսնել ցանկացող բոլոր այցելուների համար։

Հիմնադրամը նաև Դինքի հիշատակին հատուկ սեմինար կկազմակերպի։

Նշենք, որ հենց այս խմբագրատան դիմաց է սպանվել Դինքը 2007թ.-ի հունվարի 19-ին:

Ստամբուլի հայաշատ Շիշլի շրջանի Օսմանբեյ պողոտայի վրա գտնվող «Ակօս»-ի հին խմբագրատան տարածքը որպես խմբագրություն է ծառայել 1999թ.-ից մինչև 2015թ.-ը:

Հրանտ Դինքը սպանվել է 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ դատավարությունը ձգվում է արդեն 10 տարի և դեռևս չի գտել իր հանգուցալուծումը:

Աղբյուրը՝ tert.am