Ինչու փորձառու մարտիկները ի զորու չէին հաղթել հսկաներին

Ինչու փորձառու մարտիկները ի զորու չէին հաղթել հսկաներինՄենք վախենում ենք զորավորներից և ուժեղներից, ինքնավստահներից և ամբարիշտներից: Նրանք գլուխ են բարձրացնում և ծիծաղում մեզ վրա: Նրանք մեզ զրկում են արժանապատվությունից, փորձում անգործության մատնել՝ վախեցնելով:

Բայց կա զորություն, որ ավելի մեծ է, քան վախը: Դա նախանձավորության ու հավատքի զորությունն է:

Պրոֆեսիոնալ մարտիկները գրեթե ունակ չեն համակվելու նախանձավորությամբ ու հավատքով: Հսկաներին հաղթել կարող է միայն նա, ով հավատում է հրաշքի, ով չի հաշտվում անարգանքի հետ, ով տեսել է Աստծո զորավոր ձեռքը:

Այդպիսին էր երիտասարդ Դավիթը:

Այն ժամանակ, երբ ողջ Իսրայելը Գողիաթին տեսնելով փախչում էր նրանից ու վախեցած թաքնվում, փոքրիկ այդ հովվին այլ բան էր անհանգստացնում. «Այս անթլփատ փղշտացին ո՞վ է, որ կենդանի Աստծո զորքերին նախատի» (Ա Թագավորաց 17.24,26):

Դավիթը հավատում էր Աստծո զորությանը և չէր վախենում փղշտացի այդ հսկայի հասակից: Նրա օրինակը ոգեշնչում է բազում իսրայելացիների՝ մարտահրավեր նետելու այդ հսկաներին:

Օրինակներից մեկը կա Մնացորդաց գրքում. «Եվ կրկին պատերազմ եղավ Գեթում, ու մի երկայնահասակ մարդ կար, որի մատները վեց վեց լինելով՝ քսանևչորս էին, նա էլ էր Ռափայի ծնունդիցը։ Եվ նա նախատեց Իսրայելին, բայց նրան զարկեց Դավիթի եղբոր Սամաայի որդի Հովնաթանը։ Սրանք ծնվել էին Ռափայից Գեթումը, և վայր ընկան Դավթի և նրա ծառաների ձեռքովը» (Ա Մնացորդաց 20.6-7):

Հսկաներից փախչելը ամոթ չէ: Բայց եթե այդ հսկաները «նախատում են» Աստծո ժողովրդին, ծիծաղում մեր հավատքի և Աստծո վրա, ապա մեզ այլ ընտրություն չի մնում, քան Աստծո անունը կանչելը և խոցելը նրանց սրով կամ բռունցքով, բառով կամ քարով:

Դավթի ծառաները զարկում են հսկաներին, և հսկաները «խոնարհվում են»:

Այդպես ողջ աշխարհը իմանում է, որ հսկաների զորությունից բացի կա հավատքի զորություն, որը հասանելի է հասարակ մարդկանց:

Այդպես Իսրայելը ազատություն է ձեռք բերում, իսկ Իսրայելի Աստվածը փառավորվում և մեծարվում է:

Որքան էլ աչքերը վախենան, որքան էլ ծնկները դողան, մենք պետք է միշտ հիշենք. հավատքի ուժը զորավոր է ֆիզիկական ուժից:

Միխայիլ Չերենկով