Ինչպես քայլել Եփեսացիս 6.18-ի համաձայն

Ինչպես քայլել Եփեսացիս 6.18-ի համաձայնԵփեսացիս 6.18-ն ասում է. «Աղոթքով և աղաչանքով աղոթք արեք ամեն ժամանակ Հոգով. և սրանում հսկեցեք բոլոր հարատևությամբ և աղաչանքով ամեն սուրբերի համար»:

Սա հզոր խոսք է բոլորիս համար, որը պետք է կիրառենք այս օրերի մեջ՝ լինել աղոթքի ու աղաչանքի մեջ, Հոգով աղոթել, հարատևել այդ աղոթքի մեջ, լինել արթուն և զգոն՝ հետևելով մեր նպատակներին:

Այս խոսքն առաքյալն ուղղել էր եկեղեցուն՝ պատվիրելով նրանց անդադար աղոթք անել հավատացյալների համար, որպեսզի համարձակությունը, զորությունը և փառքը շարունակ հոսի նրանցից:

Դուք կարող եք հարցնել` ինչպե՞ս սա պետք է կատարվի: Սա կարող է կատարվել միայն՝ որպես արդյունք Սուրբ Հոգու հետ մեր մտերիմ կապի:

Եկեք սկսենք աղոթքից: Աղոթքը կարող է արվել ամեն ժամանակ և ամենուր: Անկախ նրանից՝ դուք ձեր մեքենայի մեջ եք, խանութում կամ էլ տանը, դուք կարող եք աղոթել: Աստվածաշունչը պատվիրում է մեզ աղոթել անդադար (Ա Թես. 5.17): Սա նշանակում է՝ աղոթել ամեն ժամանակ: Ինչ կանոններ էլ ընդունված լինեն աղոթքի դեմ, ինչ օրենքներ էլ ստեղծվեն մարդկության կողմից, ոչ ոք չի կարող արգելել մեր սրտի աղոթքը՝ առ Աստված:

Հիմա եկեք քննենք համարձակությունը: Եփեսացիների 3.12-ում Աստվածաշունչն ասում է մեզ, որ մենք ունենք համարձակություն և հաստատություն՝ Հիսուսի միջոցով մոտենալու Աստծո գահին: Սա նշանակում է՝ մենք կարող ենք համարձակությամբ աղոթել:

Զորություն. Նէեմիա 8.10-ն ասում է, որ Տիրոջ ուրախությունը մեր զորությունն է: Որքան մեծ է Աստծուն հետևելու քո վճռականությունը, այնքան էլ նա կտա քեզ զորություն՝ հաղթելու ամեն իրավիճակում: Խնդիրները, որոնց բախվում ենք այսօրվա աշխարհում, միայն կարող են հաղթված լինել Տիրոջ զորության շնորհիվ:

Նա կլցնի մեզ Իր անասելի ուրախությամբ և փառքով (Ա Պետրոս 1.2): Զորությունը գալիս է բարեխոսական աղոթքից՝ Քրիստոսի մարմնի համար: Որքան շատ բարեխոսենք Քրիստոսի մարմնի համար, այնքան ավելի զորություն կունենանք:

Փառք. սա երկնային բառապաշարին պատկանող մի բառ է, որը փոխանցվում և փոխադրվում է երկիր, երբ մենք հնազանդվում ենք Նրա կամքին: Փառք բառն իսկ արդեն «երկնային» հնչեղություն ունի: Սա զորավոր բառ է:

Եբրայեցիների 1.2-3-ն ասում է, որ Աստված մեզ հետ այս վերջին օրերում խոսեց Իր Որդի Հիսուս Քրիստոսի միջոցով, Ում ամեն բանի ժառանգ դրեց. «Որ նորա փառքի լույսը լինելով և նրա էության նկարագիրը, որ իր զորության խոսքովն ամեն բան կրում է, մեր մեղքերի սրբությունն իրանով անելուց հետո նստեց Աստծո մեծության աջ կողմը բարձունքներումը»:

Փառքը կարող է գալ միմիայն միաբանության հոգու միջոցով: Այն ժամանակ, երբ եկեղեցին միաբանվի, փառքն այդժամ ավելի լուսավոր կլինի, քան առաջ: Այս վերջին օրերում մենք՝ որպես Աստծո մարդիկ, կարիք ունենք փայլելու ավելի պայծառ, քան նախկինում:

Մարդիկ այսօր մտածում են, որ փառք բառը պետք է միայն հիշատակվի հրեշտակների կողմից Սուրբ Ծննդյան ժամանակ: Ո՛չ, սա ճիշտ չէ: Որպես Աստծո որդիներ և դուստրեր՝ մենք պետք է Աստծո փառքը ցույց տալով հռչակենք, թե Ով է Նա և ով ենք մենք:

Այսպիսով, միշտ աղոթեք, որ համարձակությունը, զորությունը և փառքը թափվեն երկնքից և լցնեն մեզ մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալուստը:

Դոկտոր Ֆրենկ Սամրալ