«Բավարարը» շատ ավելի համեղ է, քան «ավելցուկը». Չարլզ Սպերջեն

«Բավարարը» շատ ավելի համեղ է, քան «ավելցուկը». Չարլզ Սպերջեն«Աղքատություն կամ հարստություն ինձ մի տուր» (Առակաց 30.8):

Եթե դու մտածում ես գնել քեզ համար մեծ չափսերով տանձ, ապա կամ մի՛ արա դա, կամ էլ գնելուց հետո հիասթափված կլինես: Ամենայն հավանականության՝ այդ տանձը համեղ չի լինի:

Չափից դուրս մեծ, ոչ բնականորեն աճեցրած մրգերը երբեք չեն ունենում հաճելի նուրբ համ, ինչպիսին ունենում են բնական ձևով աճած նորմալ չափսերի մրգերը: Ինչի մեջ շահում ես քանակով, կորցնում ես որակով:

Այդպես էլ հաճախ լինում է մեծ հարստության, մեծ պատվի ու մեծ դիրքի հետ: Դրանց հետևում այնքան էլ լավ բաներ չեն թաքնված, ինչպես թվում է մակերեսորեն նայելիս: Նախ մարդու հոգսերն ու գայթակղություններն աճում են նույն չափով, որքան նրա հարստությունն ու հայտնիությունն են աճում:

Բացի դրանից, ամենը, որ մենք ունենք ավելցուկով, արագ հոգնեցնում է մեզ և այլևս հաճույք չի պատճառում: Դանդաղ եկող եկամուտները ավելի երջանիկ են մեզ դարձնում, քան մեծ հարստությունը:

Որոշ մարդկանց հարգանքը մեր հանդեպ մեզ ավելի շատ է ուրախացնում, քան թե մեծ ամբոխի խոնարհումը: Առանց աղմուկի համեստ պայմաններում աշխատանքը ավելի ապահով է, քան բարձր, փայլուն դիրքը:

«Բավարարը» շատ ավելի համեղ է, քան «ավելցուկը»: Սողոմոնը ասում է «Լավ է խոտեղեն կերակուր, և հետը սեր, քան թե գեր զվարակը՝ ատելությունով» (Առակաց 15.17):

Այս խոսքերի ճշմարիտ լինելը ավելի պարզ է դառնում, եթե մտածենք, թե ինչպես է հաճախ գեր ցուլը, այսինքն՝ ինչ-որ առավել թանկ մի բան, դառնում վեճի ու բաժանման պատճառ, այն դեպքում, երբ խոտեղեն կերակուրով մարդուն ոչ ոք չի նախանձում:

Նա, ով սրտանց ասում է՝ «Աղքատություն կամ հարստություն ինձ մի տուր», նա կընտրի ավելի փոքր, բայց քաղցր տանձը: Բայց ամենալավն այն է, երբ մենք ինքներս երբեք չենք ընտրում, այլ թողնում ենք դա անել մեր երկնային Հորը: Նա, Ով հագցնում է ջրաշուշաններին ու կերակրում երկնքի թռչուններին, գիտի, թե ինչի կարիք դուք ունեք: «Ուրեմն էգուցվա համար հոգս մի՛ արեք, որովհետև էգուցվա օրն իր համար հոգս կանի» (Մաթևոս 6.34):