Աստված «չի կարող», բայց դու կարող ես

Կա մի քանի բան, որ Աստված չի կարող անել. Նա չի կարող ստել, չի կարող Իր Խոսքը ժխտել, չի կարող Իր Խոսքը խախտել: Բայց կա ընդամենը մեկ բան, ինչը Նա չի կարող ունենալ, եթե միայն մենք չտանք Նրան ինքնակամ. մեր սերը:

Նա կարող է նոր տիեզերքներ արարել, և մենք գիտենք, որ կլինի նոր երկինք և նոր երկիր: Նա կարող է և արարել է ամեն տեսակ արարածներ, բայց մարդն է Նրա կատարյալ արարչագործությունը, և միայն մարդու մեջ է Նա փչել կյանքի իր սեփական շունչը:

Այս պատճառով՝ Աստված չի կարող կործանել մարդու հավիտենական հոգին: Եվ միակ լուծումը նրանց համար, ովքեր Նրան մերժում են՝ հավիտենական բաժանումն է: Կործանումը հնարավոր չի պատկերանում, չէ՞ որ դա կլիներ այնպես՝ ասես Աստված կործանում է Ինքն Իրեն՝ Իր սեփական շունչը:

Միակ բանը, որն Աստված չէր կարողանալու ունենալ՝ այն է, ինչը Նրա համար մեծագույն արժեքն է ներկայանում, և որի համար Նա ցանկացավ զոհել Իր Որդուն:

Որքա՜ն մեծ առավելություն է ընծայվել մեզ, որ մենք կարող ենք տալ Նրան մի բան, ինչը Նա չի կարող ունենալ առանց մեր իսկ համաձայնության: Որքա՜ն անհավանական է թվում միտքը, որ մենք կարող ենք հաճեցնել տիեզերքի Արարչին՝ բերելով ուրախություն և հաճույք Նրա սրտին:

Հայրը փափագում է Իր երեխաների անպայմանական սերը ճաշակել, որը անհատույց է տրվում: Չկա ոչինչ, ինչը ավելի մեծ հաճույք կպատճառի Նրան:

Սա պարզորեն երևում է Սուրբ Գրքում: Այն ասում է, որ երկնքում մեծ ուրախություն է լինում ամեն փրկված հոգու համար, որ գալիս է Հոր մոտ: Մենք ստանում ենք պատկերացում Աստծո սրտի մասին, երբ տեսնում ենք, թե Աստված սատանային ինչ մեծ բավականությամբ է պատմում Հոբի մասին. «Եվ Տերն ասաց սատանային. ուշադրությունդ դարձրի՞ր իմ ծառա Հոբի վրա, որ նրա նմանը չկա երկրի վրա՝ կատարյալ և ուղիղ մարդ, աստվածավախ և չարությունից հեռացող» (Հոբ 1.8):

Դանիելի գրքում մենք տեսնում ենք, թե ինչպես է հրեշտակը Դանիելին անվանում մարդ, ում շատ են «հավանում»: Նման կերպ հրեշտակը թույլ է տալիս նրան հասկանալ, որ նա շատ թանկ է Աստծո համար:

Հետաքրքիր է՝ ի՞նչ է Աստված այսօր ասում մեր մասին: Ի՞նչ է Նա ասում իմ մասին: Երբ կգա ժամանակը, ես ցանկանում եմ լսել այս խոսքը. «Լավ, բարի և հավատարիմ ծառա»: Ես ցանկանում եմ լինել մեկը, ով ուրախություն է բերում Աստծո սրտին: Այդ որոշումը ուրիշները չեն կարող ընդունել քո փոխարեն:

Աստծուն մեր սրտերի անպայմանական և կամավոր հնազանդությունը ամենաանձնական որոշումն է, որը մենք երբևէ կարող ենք կայացնել:

Աստված չի կարող վերցնել մեր սիրտը, բայց մենք կարող ենք ինքներս այն նվիրել Նրան:

Ռ. Է.