Պատմության մեջ այս օրը. Թովմա Մեծոփեցի

Տաթևի-համալսարան1446թ-ի այս օրը մահացել է հայ պատմիչ, մանկավարժ, եկեղեցական, մշակութային և հասարակական գործիչ Թովմա Մեծոփեցին:

Նա Մեծոփեցի է կոչվել երկար տարիներ Քաջբերունիքի Մեծոփ գյուղում ապրելու և գործելու համար:

Ուսումնառություն առնելով տարբեր նշանակալի մարդկանց մոտ՝ նա նաև սովորել է Տաթևի համալսարանում՝ Գրիգոր Տաթևացու մոտ: Որից հետո 1410թ-ին Մեծոփում ստանձնել է տեղի վանահայրությունն ու վարդապետարանի րաբունապետությունը՝ պաշտոնավարելով ավելի քան 30 տարի: Այդ ժամանակահատվածում նա Մեծոփա դպրոց է հրավիրել ճանաչված մասնագետների, ստեղծվել են դասագրքեր, կատարվել տարբեր երկերի մեկնություններ, որի շնորհիվ Մեծոփը դարձել է գրչության կարևոր կենտրոն:

Թովմա Մեծոփեցին ուսուցանել է գրչության արվեստ, պատրաստել է գրագիրների, գրիչների, գրչության արվեստի ուսուցիչների, և դպրոցի մատենադարանում ընդօրինակել, ծաղկել ու կազմել են հայկական բազմաթիվ ձեռագիր մատյաններ:

Նա գրել է պատմական մի շարք գործեր: Ամենահայտնին «Պատմութիւն Լանկ Թամուրայ եւ յաջորդաց իւրոց» երկն է, որն ընդգրկում է 1386-1440թթ-ի իրադարձությունները: Այն համարվում է 15-րդ դարի պատմական հազվագյուտ երկերից և կարևոր աղբյուր Լենկթեմուրի ու նրա գործունեության մասին:

Պատմական արժեք ունեն նաև Թովմա Մեծոփեցու թղթերը, խմբագրած ձեռագրերի բոլոր հիշատակարանները: Նա սրբագրել, խմբագրել ու մշակել է կրոնադավանաբանական, ծիսական, երաժշտական, գեղարվեստական և մեկնողական բազմաթիվ երկեր:

1441թ-ին Հովհաննես Հերմոնացու և այլոց հետ կազմակերպել է Էջմիածնի ազգային եկեղեցական ժողովը՝ մեծապես նպաստելով Հայոց կաթողիկոսությունը Էջմիածնում վերահաստատելու գործին:

Աղբյուր՝ armenianreligion.am