Հոբի ժամանակների գազանները

Քանի որ «դինոզավր» բառը առաջացել է միայն 19-րդ դարում, միամտորեն կլինի համարել, թե կարելի է հանդիպել այս բառը Աստվածաշնչի հրեական և հունական տեքստերում, որոնք գրի են առնվել 2-4 հազարամյակներ առաջ: Բայց արդյոք նշանակո՞ւմ է դա, որ նրանցում չեն հիշատակվում կենդանիներ, որոնք այսօր մեկ բառով կոչվում են «դինոզավր»: Բոլորովին ոչ: Պետք է միայն պարզել, թե ինչպիսին էին այդ կենդանիների անունները աստվածաշնչյան ժամանակներում:

Խնդիրը ճշմարտապես դժվարանում է նրանով, որ մենք, որպես կանոն, գործ ունենք միայն թարգմանությունների հետ, ընդ որում՝ բավականին ուշ կատարված թարգմանությունների: Թարգմանիչները միշտ չէ, որ հասկանում են, թե ինչ կենդանու մասին է խոսքը տեքստում, և, որպես կանոն, փորձում են ընտրել հնարավորինս մոտ հայտնի տարբերակի անվանումը: Լավագույն դեպքում՝ թողնում են բառը ոնց որ կա, առանց թարգմանության, ինչպես այս դեպքում.

«Ահա Բեհեմովթը, որին ես քեզ հետ ստեղծեցի, խոտը արջառի պես է ուտում. ահա նրա ուժը իր մեջքումն է, և նրա զորությունը իր փորի մկանունքումն է: Նա ծռում է իր ագին եղևնու նման, նրա ազդրերի ջիղերը հյուսված են: Նրա ոսկորները պղնձի խողովակներ են, նրա ոսկորները երկաթի նիգեր են: Նա Աստծո գործերի գլխավորն է. նրա Արարիչը կմոտեցնի նրան իր սուրը: Որովհետև սարերը նրա համար կերակուր են բերում, և դաշտի բոլոր գազանները խաղում են այնտեղ. ստվերախիտ ծառերի տակին է նա պառկում՝ եղեգների շուքումը և ճահիճներում. նրան ծածկում են ստվերախիտ ծառերի հովանիները, նրան պատում են հեղեղատների ուռիները: Ահա գետը վարարելիս նա չի վրդովվում. ապահով է նա, եթե հորդանանն էլ հորդի դեպի նրա բերանը: Նրա աչքի առաջին նա կբռնվի՞, որոգայթի լարերով կարելի՞ է ծակել նրա քիթը» (Հոբ 40.15-24):

Հոբի գիրքը գրված է մոտավորապես 2 հազար տարի մ.թ.ա.: Ըստ երևույթին՝ Հոբի ժամանակակիցներին այդ գազանը քաջ ծանոթ էր (այլապես ինչպե՞ս նա կարող էր օրինակ բերել), սակայն դժվար թե ներկայումս գոյություն ունեցող ցամաքի որևէ կենդանի համապատասխանում է այդ նկարագրությանը: Իսկ այդ դեպքում՝ այդ ի՞նչ արարածի մասին է խոսքը: Թարգմանողը չի կարող դա անգամ պատկերացնել: «Նա Աստծո գործերի գլխավորն» է. ահա նկարագրությունը այդ կենդանու: Այն կարող է կանգնել մոլեգնող գետի մեջ՝ ուշադրություն չդարձնելով հորդահոս ալիքներին: Կենդանի, որին մարդը ի զորու չէ ոչ բռնել, ոչ էլ ընտելացնել:

Աստվածաշնչի այլ տեղերում մենք կարդում ենք տարբեր կենդանիների մասին հիշատակություններ (Բ Օրինաց 32.24, Հոբ 12.7 և այլն): Եվ միայն այստեղ, հարմար համապատասխան բառ չգտնելով՝ թարգմանիչները թողել են բառը այնպես, ինչպես որ կա սկզբնական տարբերակում՝ «բեհեմովթ»:

Եվրոպացիների կողմից Աֆրիկայի տիրապետմանը զուգընթաց փորձեր էին արվում աստվածաշնչյան «բեհեմովթին» նույնացնել գետաձիու կամ փղի հետ: Բայց ոչ մեկը, ոչ մյուսը չեն համապատասխանում վերոնշյալ նկարագրությանը: Հատկապես շփոթեցնում է նրանց բռնելու կամ ընտելացնելու անհնարին լինելը: Մանավանդ որ նրա ագիի մասին գրված է, որ այն նման է եղևնու: Բազում փոձագետներ գալիս են այն կարծիքին, որ այս բնութագրումները նկարագրում են հսկայական սողունների զաուրոպոդ տեսակին՝ դիպլոդոկներին: Ընդ որում՝ այդ նկարագրությունը այնքան համապատասխան է դրանց, որ 1993թ-ի ամռանը Բրիտանական թանգարանի մասնագետները, սույն նկարագրությունը համարելով ականատեսի վավերական վկայություն, մի քանի ուղղումներ են ներառում դիպլոդոկի կմախքի մոդելի մեջ: Հատկապես խոսքը հրեշանման կենդանու ագիի մասին է, որը մինչ այդ հատակին էր ընկած, իսկ դրանից հետո այն օդում է մնում:

Սերգեյ Գոլովին