Ազգերի զորությունն ընտանիքների մեջ է. Գևորգ Մարզպետունի

Ազգերի զորությունն ընտանիքների մեջ է. Գևորգ ՄարզպետունիԱզգերի զորությունն ընտանիքների մեջ է:

Զորավոր է այն ազգը, որն ունի զորավոր ընտանիքներ. սիրով, միությամբ, առաքինի ու հավատարիմ կենակցությամբ ապրող ընտանիքներ:

Այն գեղջուկ խրճիթները, այն աննշան տնակները, որոնց մեջ ցնցոտիներով ծածկված մանկտիք և որոնց շատ անգամ արհամարհում են մեծամեծ իշխանները, նույնիսկ դրանք են, որ ամփոփում են իրանց մեջ հայրենիքի ուժը:

Ով որ կամենում է զորավոր տեսնել յուր ազգը և հաղթող՝ հայրենիքը, նա ամենից առաջ ընտանիքները պիտի խնամե. ինչպես մի հոգատար պարտիզպան, որ ծառի ճյուղերը զորացնելու և նրանցից պտուղ քաղելու համար խնամում է ծառի արմատները, որոնք թեպետ հողի մեջ են թաղված և չեն երևում մարդկանց, բայց իրենց մեջ ամփոփում են ծառի կենդանությունը:

Ինչպես որ չի կարող ապրել այն տունկը, որի արմատները չորացած են կամ որդնակեր, այնպես և կանգուն չի մնա այն ազգը, որի ընտանիքներում տիրում է ապականություն, որոնցից հալածական է սերը, միությունը, առաքինությունը և, նամանավանդ, Աստծու երկյուղը: