Այս օրը. Ջորջ Ֆայֆ Անգաս

Առանց Ջորջ Ֆայֆ Անգասի Հրվ Ավստրալիայի նահանգի վիճակն այնքան էլ հուսադրող չէր լինի: Մկրտական գործարարին այստեղ բնութագրում էին որպես «գաղութի երբևէ ունեցած լավագույն ընկերներից մեկը»: Իր գործունեության ճանապարհին Ջորջը վտանգի էր ենթարկում իր ունեցած կապիտալի մեծ մասը: Անշուշտ, նա նաև շահույթ էր ակնկալում իր ներդրումներից, սակայն նպատակ ուներ հասնելու հոգևոր արդյունքների ևս:

Այդ նպատակների թվում էր նաև հիմնել մի գաղութ, որը կծառայեր որպես Հարավային կիսագնդում քրիստոնեության տարածման գրասենյակ: Այս ամենի համար նա օգտագործում էր մամուլը, իր հեղինակությունը և հուշատետրը՝ հորդորելու ավետարանական քրիստոնյաներին բնակություն հաստատելու այստեղ՝ որոշ դեպքերում նույնիսկ հովանավորելով նրանց ուղևորությունն ու ապահովելով բնակության վայրը:

Ջորջը ծնվել էր Անգլիայում՝ Նյուքասլում, ընդգրկվել մաքրակրոնների շարքում: Մկրտվում է 20 տարեկանում: Հայրը շինարար էր, ուստի որդին աշխատում է նրա մոտ: Ավելի ուշ նա փոխում է իր աշխատանքային ուղղությունը և հիմնում երեք բանկ, այդ թվում մեկը՝ Հարավային Ավստրալիայում:

Ողջ կյանքի ընթացքում Անգասը բավական ակտիվ էր կրոնական գործունեության մեջ՝ կիրակնօրյա դպրոցներ, նավաստիների միություններ, առաքելություններ և այլն: Նա գտնում էր, որ իր հարստությունը տրված է՝ ծառայեցնելու Տիրոջ գործին: Սակայն գալիս են նաև անկման ժամանակներ. անազնիվ գործակալներ, տնտեսական վայրէջքներ: Խնդիրներ են ծագում նաև առողջության հետ. խոր դեպրեսիա՝ աշխատանքային հոգսերի, գերծանրաբեռնվածության, նյարդային լարվածության և անքնության պատճառով:

Ինչևէ, 1851թ-ին Անգասն անձամբ է մեկնում Հրվ Ավստրալիա, ուր, որպես գաղութի օրենսդիր խորհրդի անդամ, մեծ ազդեցություն է ունենում իրավիճակի վրա:

Իր ողջ խստությամբ հանդերձ Անգասը խիստ մեծահոգություն է դրսևորում կարիքավորների հանդեպ: Նրա ժամանակակիցներից ոմանք պատմում են, որ նույնիսկ իր անձնական տառապանքները թույլ չէին տալիս, որ նա մոռանար մյուսների մասին:

Անգասը մահանում է Հրվ Ավստրալիայի իր տանը այս օրը՝ 1879թ-ի մայիսի 15-ին: Նա տեղի ամենահարուստ մարդն էր:

Աղբյուր՝ christianity.com